Էլինար Վարդանյան. «Ուղղակի պետք չէ սահմանափակվել առաջին քայլով»

«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին»  նախագիծը վերջապես օրենք կդառնա:

ԱԺ հինգերորդ գումարման գարնանային  նստաշրջանի անդրանիկ նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվեց  ‘’Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին’’օրինագիծը , որն ամենայն հավանականությամբ այս քառօրյայում քվեարկության կդրվի:

 

Նախագծի շուրջ, որը պատգամավորներից շատերի բնորոշմամբ  ձևական բնույթ  է կրում,  WomenNet.am –ը  զրուցեց  Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-խմբակցության  պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ:

 

 

–         Նախագծի այսօրվա  քննարկումից  տպավորություն  ստեղծվեց, որ այն շատ խոցելի է, ասվեց անգամ, որ այն  ձևական բնույթ է կրում: Ձեր կարծիքով ներկայացված օրինագիծն, իսկապե՞ ս կլուծի  կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խնդիրը Հայաստանում:

 

–         Օրենքն ինքնին մեկ քայլ է` առաջընթաց քայլ, որովհետև մենք այսպիսի օրենքի կարիք ունենք արդեն երկար ժամանակ և նման օրենքի անհրաժեշտությունը, կարող եմ ասել, տասը տարուց ավելի է, ինչ քննարկվում է: Ավելին, 2009 թվականից մենք ունենք ստանձնած  հանձնառություն և այդ միջազգային պարտավորությունների շրջանակներում օրենքը վաղուց պետք է ընդունվեր: Նշեմ սակայն, որ այս  օրենքի կարևորությունը և անհրաժեշտությունը միայն այդ պարտավորություններով չէ, որ պայմանավորված է, որովհետև մեզ  իրականում անհրաժեշտ է, որպեսզի կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման օրենսդրական կարգավորում լինի:

 

 

Ինչ վերաբերվում է օրենքի նկատմամբ պատգամավորների ոչ միանշանակ վերաբերմունքին, ես ինքս իմ խոսքում նշեցի, որ այո, այս օրենքը մեկ քայլ է առաջ, բայց այն ինքնին չի լրացնում այն բոլոր բացերը, որ այսօր կա հասարակության մեջ: Եթե ժամանակի ընթացքում էլ օրենքը  շարունակի մնալ այնպիսին, ինչպիսին ներկայացված է այսօրվա տեքստում, այն իրոք կվերածվի մի դեկլարատիվ փաստաթղթի:

 

 

–         Ինչու՞մն  է  խնդիրը,  ո՞րն է օրինագծի հիմնական բացթողումը:

 

–         Օրենքում ընդգրկված չեն այն հստակ մեխանիզմները, որոնք կապահովեն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներն ու հավասար հնարավորությունները: Ես ինքս, օրինակ,  չլինելով քվոտավորման ջատագովը, միևնույն ժամանակ գտնում եմ, որ դա այն գործիքն է, որը ժամանակավորապես կարող է խթանել հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովումը  տարբեր ոլորտներում, այդ թվում աշխատանքային հարաբերություններում: Ցավով պետք է նշեմ, որ օրենքի նախագիծն առաջին ընթերցումից և  լսումներ անցնելուց հետո, մնացել է անփոփոխ, թեպետ  արժեքավոր առաջարկներ ներկայացվել են:

 

 

Եվ հասարակական կազմակերպությունների առաջարկները, որոնք հետագայում պատգամավորների կողմից ներկայացվեցին որպես առաջարկներ և պատգամավորների դիտողությունները ոչ ամբողջությամբ են ընդունվել: Գործուն մեխանիզմները օրենքում բացակայում են: Սրանով հանդերձ, այնուամենայնիվ պետք է շեշտեմ օրենքի կարևորությունը: Անկեղծ ասած, մինչ նախագծին դրական եզրակացություն տալը, մենք հանձնաժողովում կազմակերպել էինք քննարկում շահագրգիռ հասարակական  կազմակերպությունների հետ և վերջիններիս կողմից էլ առաջ քաշվեց այն թեզը, որ այս պահին  կարեւոր է, որ   նախագիծը գոնե վերջնականապես օրենքի ուժ ստանա, այսինքն  ունենանք  այդ օրենքը՝  թեկուզ  եւ ոչ այնքան կատարյալ:

 

 

Ինչ վերաբերվում է հետագային, բնականաբար, որևէ օրենք ստատիկ չէ և ժամանակի ընթացքում, ելնելով այս  կամ այն հասարակական հարաբերություններից, ցանկացած օրենք փոփոխվում է, ենթարկվում է զարգացման: Ես ակնկալում եմ, որ շատ  կարճ ժամանակահատվածում նոր փոփոխություններ կառաջարկվեն:

 

 

 

–         Այսինքն, առաջին քայլը, թեկուզ և ինչ-որ առումով դեկլարատիվ օրենքի ընդունումն է, որին կհաջորդի գործուն մեխանիզմների ներդրո՞ւմը:

 

–         Ամբողջ խնդիրն այն է, որ գործուն մեխանիզմներն առաջարկվել են, սակայն կառավարության կողմից չեն ընդունվել:

 

-Ինչո՞վ եք պայմանավորում այդ հանգամանքը:

 

–         Անկեղծ ասած,  ես կառավարության կողմից ներկայացված մի շարք հիմնավորումների հետ, որոնցով բացատրվում է առաջարկները չընդունելու  հանգամանքը, համաձայնել չեմ կարող: Հենց թեկուզ այն դրույթը, որով,  եթե միևնույն  աշխատատեղի համար երկու տարբեր սեռերի թեկնածուներ են դիմում և ունեն հավասար հնարավորություններ և միավորներ, առաջարկվում էր նախապատվությունը տալ այն սեռին, որի ներկայացուցիչները տվյալ հաստատությունում ավելի քիչ են: Կառավարությունը այս առաջարկությունը մերժել է, ինչը ոչ միայն ինձ, այլև մյուս պատգամավորների համար անընդունելի և անհասկանալի էր:

 

– Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը բավականին կարճ տևեց և բացի ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանից, մյուս ելույթ ունեցողները կանայք էին: Պատգամավորների կողմից պակաս հետաքրքրությունը նախագծի նկատմամբ ինչո՞վ կբացատրեք:

 

–         Կարծում եմ, դա պայմանավորված է երկրորդ ընթերցման փաստով, որովհետև առաջին ըբթերցմամբ օրինագիծը  շատ խորը և հանգամանալից քննարկման է ենթարկվել: Ես ինքս այդ ժամանակ դեռ պատգամավոր չեմ եղել, բայց սղագրություններին հետևելով, զգացվում է, որ հետաքրքրությունը  օրենքի նախագծի նկատմամբ եղել է: Այսուհանդերձ, երկրորդ ընթերցման ընթացքում հարցեր տալու իրավունք ունեին միայն առաջարկություններ ներկայացրած պատգամավորները և քանի որ Արծվիկ Մինասյանը նախորդ գումարման պատգամավորներից միակն էր, ով առաջարկություններ էր  ներկայացրել ,  նախընտրեց ուղղակի ելույթի ձևով հանդես գալ: Զուտ սրանով եմ պայմանավորում, որովհետև օրինագիծն արդիական է, լուրջ հետաքրքրություն է ներկայացնում և նաև անհրաժեշտ է:

 

-Տիկին Վարդանյան, շատերը կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ արտահայտության  տակ միայն  կանանց իրավունքներն են  պատկերացնում:

 

–         Այստեղ խոսքը կանանց իրավունքերի մասին չէ, այստեղ խոսքը գենդերային հավասարության մասին է: Ցավոք, մեզանում  գենդերային հավասարություն ասելով, անմիջապես ֆիքսվում են կանանց իրավունքների և հնարավորությունների վրա: Այնինչ, խոսքը  երկու սեռերի հավասար իրավունքների և հանարավորությունների խնդիրն է բարձրացվում:

 

– Եթե, ինչպես նշվեց   օրենքը  դեկլարատվ բնույթ է կրում, ապա գործնականում ինչպե՞ս է ապահովելու սեռերի հավասար իրավունքներն ու հնարավորույթունները: Թե՞ այն, պարզապես հերթական  «գալոչկան»  է լինելու առ այն, որ մենք կատարեցինք մեր ստանձնած միջազգային պարտավորությունները:

 

–         Մեր օրենքների մի մասն, իսկապես, «գալոչկայի’’ բնույթ են կրում: Այստեղ կարևոր է, թե մենք որքանով հետամուտ կլինենք  տվյալ օրենքում հստակ մեխանիզմների սահմանմանը: Մյուս կողմից, օրենքում նախատեսվում  է մշտադիտարկման ինստիտուտը և նաև օրենքների փորձաքննությունը գենդերային հավասարության տեսանկյունից, ինչն իմ կարծիքով կարևորագույն առաջընթաց է: Վերջին  հաշվով, հենց որ  մենք նկատենք, որ օերնքը շարունակում է մնալ զուտ  դեկլարատիվ և պարզապես թղթի վրա գրված, կարծում եմ շատ արագ և  հասարակական սեկտորը, և օրենսդիրները պետք է ձեռնամուխ լինեն այնպիսի մեխանիզմների մշակմանը, որ օրենքն իսկապես կյանքի կոչվի: Ուղղակի  առաջին քայլով պետք չէ սահմանափակվել, որովհետև մեր երկրում, ամեն դեպքում, փոփոխելու շատ բան կա:

 

Մարիաննա Ղահրամանյան

Դիտումների քանակը` 3814

Գլխավոր էջ