Էլեն Մանասերյան. «Աշխատանքային հարաբերություններում շատ հարցեր լուծվեցին կոլեկտիվ բանակցությունների միջոցով»

 

Արտակարգ դրության  պայմաններում աշխատողների աշխատանքային   իրավունքների  խախտման,  չվճարվող աշխատավարձերի, հարկադիր պարապուրդի պայմաններում գործատու-աշխատող աշխատանքային հարաբերություններում  ծագած  խնդիրների,  ինչպես  նաև Աշխատանքային  օրենսգրքի  բացերի և ոլորտում անհրաժեշտ փոփոխությունների շուրջ WomenNet.am-ը զրուցեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ուսումնական  կենտրոնի ղեկավար,  իրավաբան Էլեն Մանասերյանի հետ:

 

– Երկրում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելուց հետո Հայաստանի արհմիությունների  կոնֆեդերացիային բողոքներ են հասցեագրում բազմաթիվ քաղաքացիներ այն մասին, որ չեն ապահովվում իրենց աշխատանքային իրավունքները։ Այս առումով  կոնֆեդերացիան կառավարությանն ու գործատուներին առաջարկում է համատեղ  միջոցներ  ձեռնարկել  պահպանելու աշխատողների աշխատատեղերը, աշխատավարձերը, հարգելի համարել աշխատանքից  օբյեկտիվ  բացակայությունները: ՀԱՄԿ-ն նույնպես  հետամուտ եղավ և  իր մասնակցությունն ունեցավ աշխատանքային  օրենսգրքում կատարվող վերջին փոփոխություններն ու լրացումներ կատարելու աշխատանքներին, որտեղ արտակարգ դրության  ժամանակահատվածում աշխատանքային  հարաբերություններում մի  շարք  խնդիրներ  ստացան  իրենց  կարգավորումները- պատմում է Էլեն Մանասերյանը:

 

 Նրա  խոսքով աշխատանքային  հարաբերություններում՝  հատկապես  ստեղծված իրավիճակում  կարևոր դերակատարություն ունի սոցիալական  գործընկերությունը, քանի որ աշխատանքային  հարաբերություններում  շատ  հարցեր  լուծվեցին  կոլեկտիվ բանակցությունների միջոցով:

 

Իրավաբանի համոզմունք  հայտնեց, որ համերաշխությամբ և սոցիալական համագործակցության  միջոցով հնարավոր է հաղթահարել աշխատանքային  հարաբերություններում ծագած խնդիրները և ստեղծել նոր հնարավորություններ` կիրառելով սոցիալական գործընկերության սկզբունքները: Նրա փոխանցմամբ վերջերս լեռնամետալուրգիայի  ոլորտում  աշխատողների  վարձատրության շուրջ առաջացած  տարաձայնությունը  լուծվեց սոցիալական  գործընկերության շրջանակներում: Խնդիրը  վերաբերում էր հիմնականում մեկուսացված և  ինքնամեկուսացված աշխատողներին, որոնց  վարձատրության  հարցը  լուծված  չէր,  ինչն ի վերջո լուծվեց  կոլեկտիվ բանակցությունների արդյունքում՝ աշխատողները վճարվեցին աշխատավարձի  2/3-րդի չափով:

 

Աշխատողի իրավունքների պաշտպանության երաշխիքների ապահովման տեսանկյունից   անդրադառնալով       ՀՀ աշխատանքային  օրենսգրքում առկա մի  շարք հակասություններին ու բացթողումներին  Էլեն Մանասերյանը հիշեցրեց, որ  «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» վերջերս  ընդունած նոր օրենքով սահմանվել է  «անհաղթահարելի ուժ» հասկացությունը,  քանի որ  առ այսօր անհաղթահարելի ուժ  համարվող դեպքերում  գործատուն  չէր  վճարում աշխատողին: Օրենքի այս  դրույթի  փոփոխությամբ  «չի վճարում» բառերի փոխարեն  ընդունվեց    «կարող է  չվճարել», այսինքն  ամեն  ինչ  կախված է կողմերի  համաձայնությունից,գործատուի  վճարունակ  լինելու հանգամանքից և  նրա  տրամադրվածությւնից:

 

Աշխատանքային  օրենսգրքի հաջորդ փոփոխությունը  վերաբերում է հարկադիր պարապուրդի  ժամանակ աշխատողին  տրվող աշխատավարձի  հաշվարկին, որը  նախկինում  կազմում էր միջին աշխատավարձի  2/3- ը,  փոփոխված  տարբերակով սահմանվել է  նվազագույն  շեմը՝ «առնվազն 2/3-րդի չափով»:Այսպիսով, ոչ աշխատողի  մեղքով  հարկադիր պարապուրդի պատճառներով  պայմանավորված գործատուն վճարում է  օրենսդրորեն նախատեսված չափով  աշխատավարձ:

 

Էլեն Մանասերյանն անդրադարձավ  նաև  նվազագույն աշխատավարձի հաշվարկին և դրա մեխանիզմների բացակայության խնդրին:

 

-Հայաստանում  ժամանակ առ  ժամանակ  նվազագույն աշխատավարձի  շեմը  բարձրացվում է,  բայց  չի հստակեցվում, թե  ու ՞մ  համար է  նախատեսված ներկայիս  գործող  68 հազար դրամ  աշխատավարձը, այսինքն  մենք  չունենք  դրա  սահմանման  մեխանիզմը,  ինչպիսի՞ որակավորում  ունեցող աշխատողը  պետք է ստանա նվազագույն  աշխատավարձ: Այսօր  օրդինատուրա ավարտած բժիշկն ու միջնակարգ  կրթություն ստացած աշխատողը կարող են ստանալ միևնույն նվազագույն՝  68 հազար  դրամ աշխատավարձ, ինչը,  մեղմ ասած արդար  չէ: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունն  ընդունել է կենսաապահովման նվազագույն սպառողական   զամբյուղի  մասին  ՀՀ  օրենքը, որը սակայն  չի գործում: ՀԱՄԿ-ը  բազմիցս  բարձրաձայնել է այդ  մասին, բայց պետությունն այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում,-ասում է Է.Մանասերյանը:

 

Իրավաբանի  համոզմամբ խնդրահարույց է  նաև արտակարգ դրության  պայմաններում կանանց,  մասնավորապես երեխա ունեցող  կանանց  աշխատանքային  իրավունքների խախտման դեպքերը: Դրանք  ակնհայտ են դարձել  հատկապես հանրապետությունում  իրականացվող  հեռավար  կրթության պարագայում, որից  տուժում են  հիմնականում կին ուսուցիչները, ովքեր  աշակերտների  հետ առցանց  ուսուցման պատճառով  օրվա  գերակշիռ  մասն անցկացնում են  համակարգչի  մոտ,  ընդ որում առավել ծանրաբեռնված աշխատանքի դիմաց  ստացել են  նույն աշխատավարձը:

 

Էլեն Մանասերյանի  դիտարկմամբ ներկա իրավիճակում կին  և տղամարդ աշխատողների աշխատանքային  իրավունքների խախտումների հետ  կապված խտրականություն նկատելի չէ, իսկ եթե  խախտվել են, ապա դրանք պայմանավորված չեն սեռով:

 

-Ընդհանրապես հանրապետությունում առկա է  սեռով  պայմանավորված  խտրականություն, երբ կանայք ավելի ցածր են  վարձատրվում,  քան  տղամարդիկ: Եվ դա այն դեպքում, որ Հայաստանի Հանրապետությունը  վավերացրել է Աշխատանքի միջազգային  կազմակերպության կողմից  ընդունած  «Համարժեք աշխատանքի դիմաց տղամարդկանց և կանանց հավասար վարձատրման մասին» կոնվենցիան, իսկ կանանց և տղամարդկանց  իրավահավասարությունն ամրագրված է  նաև ՀՀ  սահմանադրությամբ  և Աշխատանքային  օրենսգրքով: Ու թեև   միևնույն  պաշտոնում աշխատող  կանանց  և տղամարդկանց աշխատավարձերի կամ իրավունքների ուղղակի  խախտում  չունենք, սակայն որքանո՞վ  կանայք հնարավորություն ունեն  ավելի բարձր պաշտոններում աշխատելու և հետևապես ավելի բարձր վարձատրվելու… Ահա այստեղ է թաքնված խտրականությունը, այն պարզ  պատճառով, որ հանրապետությունում  դեռևս  գործում է «ապակյա առաստաղի և կպչուն հատակի» սկզբունքը, երբ կարիերայի ձգտող կինը հանդիպում է խոչընդոտների, երբ առկա է  նաև  կնոջ ցածր ինքնագնահատականը: Փաստ է նաև այն, որ կանայք մեծամասնություն են կազմում ցածր վարձատրվող ոլորտներում»,- նշում է Է.Մանասերյանը:

 

Զրույցի  ընթացքում ՀԱՄԿ-ի ուսումնական  կենտրոնի ղեկավարը կարևորեց ոչ  միայն համավարակի վտանգի, այլև աշխատողների աշխատանքային  իրավունքների  ու պարտականությունների մասին  հանրային  իրազեկումը: Նրա փոխանցմամբ ՀԱՄԿ-ի  ուսումնական կենտրոնը  նախաձեռնել է մի  գործընթաց՝ անիմացիոն  ֆիլմի  միջոցով համավարակի  կանխարգելման,  ինչպես  նաև աշխատողների  և  գործատուների  իրավագիտակցության  բարձրացման  նպատակով  իրազեկել վերջիններիս  իրենց աշխատանքային  իրավունքների ու պարտականությունների մասին: Կենտրոնը մտադիր է ֆիլմաշարի միջոցով աշխատողներին,  ինչպես  նաև ավագ դպրոցի  սաներին շարունակաբար  իրազեկել աշխատանքային  խախտված իրավունքների ու շահերի մասին, որպեսզի աշխատաշուկա  մտնող անհատը նախապես տեղեկացված   լինի իր աշխատանքային  իրավունքներին ու պարտականություններին:

 
 

 
 

Անուշ Ներսիսյան

 

Դիտումների քանակը` 1991

Գլխավոր էջ