Զորամասի միակ կին ենթասպան ցանկանում է սպա դառնալ
39-ամյա Ալիսա Սահակյանը 21 տարի է՝ ՀՀ զինված ուժերում է, որից 15 տարին ծառայել է սահմանային զորամասում: Նա Արցախի սահմանային զորամասերից մեկի շտաբում բաժանմունքի պետ է, հաստիքով՝ միակ կին ենթասպան: «Կարծում եմ՝ այդպիսի ոլորտ չկա, որտեղ կինը անելիք չունի: Բանակին եւս կանայք են պետք: Մենք մեր օրինակով ապացուցում ենք, որ բանակը նաեւ կնոջ տեղ է»,- նշում է ենթասպա Սահակյանը:
Նրա խոսքով՝ կանանց ներկայությունը զինված ուժերում դրական է ազդում ինչպես զինվորների, այնպես էլ սպայակազմի հոգեբանության վրա. «Կանայք զսպող դերակատարություն ունեն, տղամարդիկ փորձում են ավելի քաղաքավարի լինել, երբ նրանց հետ կանայք են աշխատում: Ես կոչ եմ անում կանանց մտնել բանակ, անցնել հայրենիքի ծառայությանը»:
Ալիսա Սահակյանը ծնվել և մեծացել է Երեւանում, միջնակարգ կրթություն ստանալուց հետո ընդունվել է Հատուկ մասնագիտացված բժշկական ուսումնարան: Ստանալով դեղագործի որակավորում՝ 1993 թվականին աշխատանքի է անցել Մուրացանի անվան հիվանդանոցում, որը նույն տարում դարձել է ՀՀ զինված ուժերի կենտրոնական հոսպիտալը:
«6 տարի աշխատեցի հոսպիտալում, ապա 1999 թվականին սեփական դիմումիս համաձայն տեղափոխվել եմ «Օմար» հոսպիտալ, որտեղ տարբեր հաստիքներ եմ զբաղեցրել, իսկ երբ հոսպիտալը տեղափոխվեց Վարդենիս, ես դարձյալ մնացի ծառայելու սահմանային զորամասում՝ որպես բուժկետի դեղատան պետ»,- հիշում է Ալիսա Սահակյանը: Նա Երեւանից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է տեղափոխվել սեփական ցանկությամբ՝ ազատագրված հայրենիքում ապրելու և նրան ծառայելու համար: «Ընդամենը 25 տարեկան աղջիկ էի, երբ եկա այստեղ, լույս չկար, ջուր չկար, բնության դեմ պայքարելով ապրում էինք: Սակայն ժամանակի ընթացքում ընկերացանք այս բնաշխարհի հետ ու հիմա սա մեր տունն է դարձել»,- նշում է Ալիսա Սահակյանը:
Նա չի փոշմանել իր կայացրած որոշման համար, այժմ էլ սիրով է հիշում այդ դժվար օրերը՝ նշելով, որ թեեւ բազմաթիվ կենցաղային խնդիրներ կային, բայց եւ այնպես կյանքը երջանիկ էր եւ ավելի անհոգ:
2008 թվականին զորամասի հրամանատարի առաջարկով ենթասպա Սահակյանը նշանակվել է բաժանմունքի պետ. այս հաստիքն է տիկին Ալիսան զբաղեցնում մինչ օրս: Բարեխիղճ ծառայության համար ենթասպա Սահակյանը ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից արժանացել է «Անդրանիկ Օզանյան» հուշամեդալի, ինչպես նաեւ ՀՀ զինված ուժերի կազմավորման 20 ամյակի կապակցությամբ՝ «Հոբելյանական» մեդալի, ունի տասնյակ պատվոգրեր եւ շնորհակալագրեր: Սակայն ուժեղ ու հաստատակամ կինն այսքանով չի սահմանափակվել. 2008 թվականին նա ընդունվել է «Մոսկովյան բիզնեսներ եւ իրավունքի համալսարանի» իրավաբանական ֆակուլտետ, հասուն տարիքում վերադարձել է ուսանողական կյանքի: 5 տարի հեռակա ուսում ստանալուց հետո այժմ ցանկություն ունի անցնելու սպայական հաստիքի: «Այս զորամասում կին սպա դեռ չի եղել, ես ցանկանում եմ սպա դառնալ, որովհետեւ ինձ դուր է գալիս սպայի աշխատանքը»,- ասում է Ա. Սահակյանը՝ մեկ անգամ եւս ընդգծելով, որ կնոջ համար չկան «արգելված» մասնագիտություններ:
Ի դեպ, հարցազրույցի ավարտին ենթասպա Սահակյանն առանձնացրեց, որ ծառայողական կյանքն իրեն չի խանգարել կազմելու երջանիկ ընտանիք: «Ես երջանիկ կին եւ մայր եմ, ունեմ հրաշալի ամուսին եւ դուստր, որոնք մշտապես իմ կողքին են եւ սատարում են դժվարին պահերին»:
Արման Ղարիբյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Այս պահին հայոց բանակում ծառայում են 2000-ից ավելի կանայք
Պատրա՞ստ է բանակն ընդունել հայ աղջիկներին ու կանանց
«Ինձ համար իսկապես պատիվ է աշխատել հայոց բանակում»
«Ես ինձ զինվորի մայր եմ համարում, քանի որ զինվորների բոլոր հոգսերին տեղյակ եմ»
Աղջիկների մուտքը ռազմական հաստատություններ՝ բանակի բարեփոխումների մի մասն է
Հայ կանայք բանակում. կողմ եւ դեմ
«Անժելիկան տղես ա. պիտի ծառայի»…
Դրա մասին կարող են երազել ոչ միայն «իսկական տղամարդիկ»…
Նրանք բանակի մասին մանկուց են երազել…
«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…
Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում
Դիտումների քանակը` 4549