Զոյա Թադևոսյան. «Նախընտրում եմ անկեղծությունը…»

 

WomenNet.am-ը զրուցակիցն է  «Հայ ազգային կոնգրես -Հայաստանի ժողովրդական կուսակցություն» դաշինքի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Զոյա Թադևոսյանը, ով  քաղաքականության մեջ է 1988 թվականից: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր  Զոյա Թադևոսյանը կարծում է, որ ժամանակն է՝  իր գիտելիքները, փորձը ներդնել  օրենսդիր աշխատանքում: Թեպետ  խոստովանում է, որ մինչև վերջին պահը, ամենևին էլ մտադրված չէր թեկնածությունն առաջադրելու և մտնելու ընտրապայքարի մեջ:

 

«Սկսած 1988 թ-ից ես միշտ եղել եմ քաղաքական ակտիվ կյանքում, բայց երբեք չեմ ցուցադրել իմ անձի կարևորությունը կամ չեմ փորձել ինչ-որ կերպ ընդգծել իմ կերպարը՝ մնացածից  տարբերվելու համար: Թիմի մեջ ակտիվ եմ եղել, բայց ցուցադրական քայլեր չեմ ձեռնարկել: Նույն տրամաբանությամբ էլ որոշել էի ԱԺ պատգամավոր չառաջադրվել և այդ հարցի մասին կիսվեցի իմ գործընկեր՝ Վլադիմիր Կարապետյանի հետ: Նա զարմացած նայեց և ասաց, որ   վարչության անդամ եմ, և ինչ կլինի, եթե բոլորն այդպիսի որոշում կայացնեն: Նրա զարմանքը որպես հանդիմանություն ընդունեցի և հենց այդ պարտավորությամբ, որ վարչության անդամն իրավունք չունի իրեն դուրս թողել քաղաքական պայքարից,  կայացրեցի առաջադրվելու որոշումը»,- ասում  է Զոյա Թադևոսյանը:

 

Որո՞նք են առաջնահերթ լուծում պահանջող  խնդիրները մեր երկրում, որ կփորձեք կյանքի կոչել խորհրդարանում

 

-Առաջնահերթ խնդիրները մենք արտացոլել ենք մեր ծրագրում:  Առաջնահերթը դա խաղաղության խնդիրն է, և որևէ մեկը չպետք է շահարկի այդ գաղափարի իրագործումը,  որովհետև առանց տարածաշրջանային խաղաղության, առանց հարևան երկրների հետ խաղաղ գոյակցության, որևէ երկրի տնտեսական զարգացման մասին խոսելը, ծրագրեր ներկայացնելը և դրանց իրականացումն անիրագործելի են: Մենք մեր երկրում պետք է ստեղծենք այն նվազագույն բավարար միջավայրը, որը պետք է նպաստի երկրի զարգացմանը: Խաղաղությունը կարևոր է նրանով, որ մենք չունենք տնտեսական զարգացման լուրջ ռեսուրսներ: Այն երկրում, որտեղ առկա է պատերազմի վերսկսման վտանգ, ներդրումների ծավալը չի աճի: Խաղաղության հաստատումը կտանի նրան, որ երկիրը կապահովվի այդ ռեսուրսներով:  Տարեկան 1 մլրդ դոլար մեր երկրից արտահոսել է, դա նշանակում է՝  մենք ինքներս էլ մեր վարքագծով աշխարհին ցույց տալիս, որ մեր երկրի մթնոլորտը բարենպաստ չէ: 10 տարվա ընթացքում կես միլիոն  մարդ է արտագաղթել Հայաստանից: Այսինքն պակասում են  մեր ֆինանսական և աշխատանքային ռեսուրսները: Ի՞նչ պետք է անել՝ պատերազմը  պետք է դադարեցնել, խաղաղության պայմանագիր կնքել և ահա այս պարագայում մեր հայրենակիցները մեր երկրից չեն գնա, ներդրումներ կլինեն և տնտեսությունը կզարգանա:

 

Ըստ Ձեզ՝ Հայաստանում կանայք որքանո՞վ են  ներգրավված տնտեսության մեջ: Ասում են, որ կանայք ավելի քիչ են փորձում  գնալ դեպի բիզնես, որ վախենում են  ձեռնարկատիրական գործուներությամբ զբաղվել:

 

– Ես այդ կարծիքին չեմ: Անհատ ձեռնարկատիրական ողջ համակարգում այսօր, կարծես թե, կանայք են ամենաշատը երևում: Առևտրով զբաղվում են հիմնականում կանայք: Կանայք էին, որ մութ ու ցուրտ տարիներին կարողացան իրենց ընտանիքները պահել, տղամարդիկ շփոթված էին, չէին կողմնորոշվում ինչով զբաղվել: Խոշոր կապիտալի առումով, միգուցե, այդպես է, բայց կանանց ներգրավվածությունը փոքր բիզնեսում միշտ էլ շատ ակտիվ է եղել: Կարծում եմ, կանայք ներգրավված են հենց փոքր բիզնեսում, որովհետև ռիսկերն այստեղ ավելի քիչ են: Մեծ բիզնեսը, որպես կանոն, տղամարդկանց տիրույթ է, բայց Հայաստանում կան նաև խոշոր բիզնեսում ներգրավված կանայք: Եթե մարդիկ ունեն կուտակած կապիտալ, խնայողություններ, ապա, կարծում եմ, կարող են բիզնես ձեռնարկել՝ կապ չունի կին, թե տղամարդ: Այսինքն՝ բիզնես միջավայրում զբաղված լինելու դեպքում կանայք և տղամարդիկ հավասար են, այլ հարց է, որ սկզբնական կապիտալը հիմնականում տղամարդկանց ձեռքերում է:

 

Ո՞րն է  կին քաղաքական գործչի Ձեր բանաձևը, ինչ դժվարություններ եք դուք հաղթահարել այդ ճանապարհին:

 

– Միշտ անկեղծ եմ, չեմ կարողանում ստել, կեղծավոր լինել: Նախընտրում եմ անկեղծությունը, քան ինձ համար բարենպաստ կեղծավորությունը: Մյուսը՝ երբեք չզլանալ լավություն անել դիմացինին, եթե նույնսկ դրա համար շատ ջանքեր պետք է թափես: Միշտ մտածում եմ, որ եթե մարդը ինձ դիմում է, ուրեմն այնքան անզոր է, որ վերջին հույսը ես եմ, ուստի չեմ կարողանում մերժել: Այդ բանաձևով եմ ապրել, երբեք վատություն չեմ արել: Նաև  ոչ մի բան չեմ թաքցնում և ամեն ինչ բարձրաձայնող եմ:

 

Ինչպե՞ս կպատասխանեք «քաղաքականությունը կնոջ գործը չէ» արտահայտությանը:

 

– Չեմ կարծում, որ քաղաքականությունը մի ոլորտ է, որտեղ կնոջ հնարավորությունները ավելի քիչ են, քան տղամարդունը: Խորհրդարանում կարելի է լինել Զարուհի Փոստանջյան և Մովսես Առաքելյան: Հիմա նա կին է, նա տղամարդ, դե հիմա համեմատության մեջ փորձենք հասկանալ, դա տղամարդու՞ գործ է, թե՞ կնոջ: Կարծում եմ, որ դա անհատականության խնդիր է:  

 

Պատրաստ ե՞ք պաշտպանել կանանց իրավունքներն ու շահերը խորհրդարանում Դուք ինչպե՞ս եք վերաբերվում  կանանց նկատմամբ խտրականության  դրսևորումներին:

 

– Գիտեք, երբեք այդ հարցի պատասխանը չեմ ունեցել: Չեմ տեսել կանանց նկատմամբ խտրական վերաբերմունք, չեմ տեսել կանանց շահերի պաշտպանության խնդիր, որովհետև իմ շրջապատի կանայք իրենց շահերը կարողանում են պահել: Իհարկե, մեր հասարակությունում կան ընտանիքներ, որտեղ կնոջ իրավունքները ոտնահարվում են և ենթարկվում են բռնությունների , բայց ամեն դեպքում ես այն կարծիքին եմ, որ կինն ինքն է որոշում իր շահերը, իր տեղը ընտանիքում, հասարակության մեջ, աշխատավայրում, ընկերների շրջապատում: Մարդը պետք է աշխատի իր հասունացման, կայացման, իր իրավունքներն ընդունելու , ընկալելու, մատուցելու վրա: Չի կարելի խեղճ լինել, գլուխը կախել, մտահոգվել, վախենալ:  Ես չեմ ընդունում այն վարքագիծը, որ տղամարդը միշտ ճիշտ է: Գտնում եմ, որ բռնությունը հանդուրժել չի կարելի: Կանայք, նույնպես թող թույլ չտան, իմ կարծիքով,  եթե տղամարդը մեկ անգամ ձեռք է բարձրացնում քո վրա, դու այդ մարդու հետ պարզապես չպետք է ապրես, լուծումը դա է: Դրա հետ մեկտեղ   պատրաստ եմ խորհրդարանում բարձրացնել արձանագրված բռնության դեպքերի վերաբերյալ հարցեր և չեմ ընդունում բռնությունը: Բռնարար  անձանց նկատմամբ կլինեմ չափազանց  խիստ, կոպիտ: Դա ինձ համար ամենաանընդունելի երևույթն է, երբեք նման դեպքերում չեմ լռում և կանգնած եմ այն մարդու կողքին, ում շահերը ոտնահարվում են:

 

Ձեր խոսքը կին ընտրողներին:

-Ես ուղղակի ուզում եմ դիմել բոլոր այն կանանց, ովքեր  այս տարիների ընթացքում իմ հրապարակային քաղաքական գործունեությանը ծանոթ են, թող համեմատեն իմ գործունեությունը այլ քաղաքական  գործիչների հետ, համեմատության մեջ որոշեն և իրենց ձայնը տան այն գործչին, ով ավելի ազնիվ է, որովհետև քաղաքականության մեջ անազնիվ լինելը տանում է անբարոյականության: Ես չեմ ուզում, որ  քաղաքականությունը բնութագրվի որպես անբարոյականություն: Դրա համար ուզում եմ՝  մաքրենք անբարոյական կերպարների դաշտը  և փորձենք ավելի բարոյական դիրքերից գործել:      

 

Մ.Մարգարյան

Դիտումների քանակը` 3072

Գլխավոր էջ