Զոյա Թադևոսյան. «Կանայք քաղաքականության մեջ շատ մեծ հոգատարություն են դնում»
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների ցուցակի 2-րդ հորիզոնակը զբաղեցնող Զոյա Թադևոսյանի դիտարկմամբ`Երևանը պետք է դառնա մայրաքաղաք` մայրաքաղաքին յուրահատուկ բնորոշ կերպարանքով, բնորոշ մշակույթով, էթիկայով և էսթետիկայով:
-Դուք մասնագիտությամբ տնտեսագետ եք: Ի՞նչը Ձեզ չի գոհացնում քաղաքապետարանի կողմից այսօր տարվող տնտեսական քաղաքականության:
-Քաղաքապետարանի կողմից տարվող տնտեսական քաղաքականությունը հիմնականում կապված է բյուջեի նկատմամբ օրինակելի վերաբերմունքի հետ: Բյուջեն օրենք է, որի նկատմամբ պետք է շատ զգույշ լինել: Չի կարելի օրենքը շրջանցել, օրենքը խեղաթյուրել: Անթույլատրելի է, եթե ,ասենք, գործուղումների համար նախատեսված գումարից շատ ավելի է ծախսվում:
-Իսկ դուք անձամբ ի՞նչ եք առաջարկում, ինչպե՞ս զարգացնել քաղաքը:
-Քաղաքը պետք է զարգացնել քաղաքացու բարօրությանը միտված ծրագրերով: Քաղաքի տերը, քաղաքագլուխը համարվում է քաղաքի կառավարիչը: Քաղաքապետարանը դա քաղաքի կառավարման այն համարկարգն է , որը ցանկացած խնդիր պետք է լուծի արդյունավետ: Իսկ կառավարման ամենակարևոր հատկանիշը պետք է լինի մարդու բարօրության բարձրացումը: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ իր քաղաքապետը հետաքրքրված է իրենով. դա կլինի բնակարանների շահագործման հետ կապված, մուտքերի մաքրման, վերելակների անխափան աշխատանքի, բակերի բարեկարգման, աղբահանության :
-Եթե դուք դառնաք ավագանու անդամ, ապա ո՞ր խնդիրների լուծմամբ առաջնահերթ կզբաղվեք:
-Հրատապ լուծման խնդիրը մենք արտացոլել ենք մեր կարգախոսում ` իշխանությունը պետք է վերադարձնել քաղաքացուն: Քանի դեռ իշխանության տերը քաղաքացին չէ, քաղաքացին չի որոշում թե ինչ ճանապարհով պետք է գնան զարգացումները մեր երկրում, քաղաքացին իր սահմանադրական իրավունքը չի իրացննում, ապա այս երկրում ոչինչ փոխել հնարավոր չէ: Մենք ցանկացած խնդիր կարող ենք լուծել այն պահից սկսած, երբ հաշվի կառնվի քաղաքացու ձայնը:
-Իսկ առհասարակ կանանց մասնակցությունն այդ հարցերի լուծման գործընթացում ինչպիսին պետք է լինի ըստ Ձեզ:
-Ես ուզում եմ, որ կանայք ավելի ակտիվ մասնակցեն քաղաքական գործընթացներին: Ճիշտ է, քաղաքականությունը վարում են տղամարդիկ, և այդ գործում նրանց օգնում է համարձակությունը, վճռականությունը, ճկունությունը ևայլ արժանիքներ, սակայն քաղաքական գործընթացներն ունեն նաև հոգատարության կարիք: Այդպես է նաև ցանկացած ընտանիքում: Եթե տանը տղամարդն է ամբողջ քաղաքականությունը վարում, ապա շատ ավելի կարևոր հարցեր, որոնք, ասենք ,սուր են և հարթելու կարիք ունեն, առանց կնոջ մասնակցության, դերակատարության չեն լուծվում: Կանայք քաղաքականության մեջ շատ մեծ հոգատարություն են դնում, որովհետև կինը ինչքան էլ քաղաքական գործընթացներում աճի, բարձրացնա, մնում է կին, նրա համար ամենակարևորն իր ընտանիքն է, դրա բարօրությունը: Կինը, լինելով սկզբունքային և օբյեկտիվ, խնդիրները լուծումը տանում է ընդհանուրի, հանրայինի շահը բավարարելու ճանապարհով: Ես կարծում եմ, որ կան պաշտոններ, դիրքեր, որոնք պետք է վարել անձնական շահը հետին պլան մղելով:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում երկրի հասարաքաղաքական գործընթացներում կանանց մասնակցության, ներգրավածության այսօրվա մակարդակը:
-Այդ առումով դրվածքը ՀԱԿ-ում շատ լավն է: Եթե դուք ցուցակը նայեք , ապա կտեսնեք, որ կանանց մասնակցությունը , ըստ իս, մեծ է ` 26 տոկոս է՝ գրեթե յուրաքանչյուր չորրորդը ցուցակում՝ կին է: Դա նոր սերնդի քաղաքական գործիչների ձևավորման հնարավորություն է: Իսկ այնտեղ ընդգրկված բոլոր կանայք էլ կրթված անձնավորություններ են:
-Սակայն ինչպես մնացած այդպես էլ Ձեր կուսակցությունում կնոջը չվստահեցին ցուցակի առաջին հորիզոնականը: Ինչո՞ւմն է խնդիրը:
-Դա ամրագրված հայկական մոտեցում է, որը մենք դեռևս չենք հաղթահարել`ընտանիքի գլուխը տղամարդն է: Սակայն չմոռանանք, որ կանայք էլ` վիզն են…
Ա.Հակոբյան
Դիտումների քանակը` 3033