Զարուհի Փոստանջյան. «Ես հպարտ եմ, որ երևանցի եմ»

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի քաղաքական ուժ, որի ցուցակը կին է գլխավորում: Այսինքն, մայրաքաղաքն ունի բոլոր շանսերը կին քաղաքապետ ունենալու և ընտրությունները ցույց կտան, թե որքանով երևանցիները կօգտվեն ընձեռված այդ հնարավորությունից: Առավել ևս, որ թեկնածուն քաջ հայտնի է հասարակությանը. «Ժառանգության» նախկին անդամ, 2007 թվականից մինչ օրս ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փետրվարին հիմնադրեց «Երկիր ծիրանի» կուսակցությունը ու քաղաքական դաշտում իր նիշան զբաղեցնելու հայտ ներկայացրեց: Իսկ քանի որ Սահմանադրության փոփոխությունից հետո իրենց նշանակությամբ Երևանի ավագանու ընտրությունները երկրորդ համապետական ընտրություններն են, ապաև այդ  հայտը բավականին համարձակ է նորաստեղծ կուսակցության համար:

 

WomenNet-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց իր մոտեցումները հայաստանյան ընտրական գործընթացներին, մասնակցության որոշման հիմքերը, ինչպես նաև բարձրաձայնեց քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության կարևորությունը, ինչն ապացուցում են հենց իրենց ցուցակով՝ «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակի առաջին 22 թեկնածուների կեսից ավելին՝ 55 տոկոսը, կանայք են:

 

 

Ձեր նորաստեղծ կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին, երբ մի շարք այլ ուժեր հրաժարվեցին պայքարից: Ակնկալո՞ւմ եք արդար պայքար:

-Որպեսզի տեղի ունենան արդար, հավասար պայմաններում  ազատ ընտրություններ՝ անհրաժեշտ են մի շարք նախադրյալներ: Իսկ նախադրյալների այդ շարքը ներառում է իր մեջ նաև պայմաններ իրավունքի իրացման մատչելիության համար, բայց այսօր մենք տեսնում ենք, որ բազմահազար, եթե չասենք՝ միլիոնավոր ՀՀ քաղաքացիներ հանրապետությունից բացակայում են  և հնարավորություն չեն ունենալու ընտրությանը մասնակցել, ինչպես դա եղավ նաև ապրիլի 2-ին: Երևանի ավագանու ընտրությունները ՏԻՄ ընտրություններ են, բայց մենք ունենք իրավունքի իրացման նույն  խնդիրները, խորհրդարանական ընտրություններում:

 

 

Որոշ փարձագետներ կարծիք են հայտնել,   որ ՀՀԿ-ն ու իր քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը, ըստ էության, մրցակցությունից դուրս է, իսկ «Երկիր ծիրանի» կուսակցության և «Ելք» դաշինքի միջև պայքարն ընթանալու է ընդամենը երկրորդ տեղը կիսելու համար:

-Ես չեմ կարծում, թե պայքարը «Ելք»-ի և մեր մեջ է տեղի ունենալու, այդպես չէ: Պայքարը տեղի է ունենալու առաջին տեղի համար, և մենք հաղթելու ենք: Մենք գնում ենք հաղթելու:

 

 

՞րն է լինելու Ձեր հիմնական ուղերձը երևանցիներին, ինչո՞ւ իրենք պետք է ընտրեն Ձեզ, ի՞նչ եք գալիս փոխելու:

-Կարծում եմ՝ այն աշխատանքը, որ արել եմ անցած տասը տարիներին Ազգային Ժողովում, փոփոխությանը միտված աշխատանք է եղել: Ամեն ինչ պետք է փոխվի. և՛ կառավարման ձևը, և՛ մշակույթը, և՛ քաղաքը: Այն քաղաքը, որը հիմնադրել են նաեւ իմ պապերը, ովքեր Արևմտյան Հայաստանի Արաբկիր քաղաքից գաղթեցին և 1925 թվականին հիմք դրեցին այն ժամանակ Արաբկիր ավանը, որը միայն հետո Երևանի մաս կազմեց: Նրանք փորձեցին երկհարկանի սեփական տներով ու այգիներով ավանը մոտեցնել Արևմտյան Հայաստանի իրենց Արաբկիրին՝  այդ քաղաքի մշակութային դիմագիծը ներդնելով այստեղ: Չնայած նրան, որ այդ մշակույթից այսօր շատ քիչ բան է մնացել՝  իմ հայրական տունն է մնացել, մի քանի երկհարկանի սեփական տներ Արաբկիր համայնքում, բայց արաբկիրցիների մշակույթը, բարքերը, նրանց շունչը հիմք հանդիսացան հետագայում նաև ամբողջ Երևանի համար: Առաջին գաղթողները իրենց հետ բերեցին Արևմտյան Հայաստանի քաղաքային մշակույթը  և շատ կարևոր է, որ մենք ապրենք քաղաքային մշակույթի ներքո, որովհետև, կարծում եմ,  երբ դու դրա կրողն ես, ապա քաղաքական կյանքում էլ ես դառնում քաղաքացի: Բայց մեր քաղաքի դիմագիծը փոխվել է. ժամանակին  Թամանյանը մեզ համար կարեց առաջադեմ մի «ֆրակ», բայց պարզվեց, որ մենք այդ «ֆրակը» կրել չգիտեինք  ու նորից փոխեցինք մեր հագուստը՝ խախտելով քաղաքային դիմագիծն ու ոճը:  

Թամանյանն է գծել Արաբկիր ավանի հատակագիծը, իսկ իմ հայրիկի պապիկը, ով նաև շինարար-ճարտարապետ էր ու Պոլսում ճարտարապետների միության անդամ, այնպես է ընտրել մեր տան տեղը, որպեսզի տեսնի և՛ Արարատը, և՛ Արագածը: Ես հպարտ եմ, որ իմ պապերը ընտրություն ունենալով գնալ  ԱՄՆ, ընտրել են Արևելյան Հայաստան գաղթելու հնարավորությունը ու այստեղ զրոյից են ամեն ինչ սկսել: Եվ այսօր ես երևանցի եմ, ու ցանկանում եմ, որ այդ մշակույթը մենք ունենանք, որովհետև ժամանակակից կյանքում մենք խնդիր ունենք պահպանելու մեր արմատները՝ միաժամանակ նայելով դեպի ապագա: Այդ արմատների պահպանության հարցը այսօր վտանգի տակ է, մեր ինքնատիպ մշակույթը՝ Երևանը փոխվում է, հարվածի տակ է այն դիմագիծը, որ մեզ տվեց Թամանյանը, և իմ խնդիրն է նաև դա՛ վերադարձնել: Ամեն ինչ անելու ենք այդ դիմագիծը պահելու և ավելի ընդգծելու համար:

 

Մայրաքաղաքը երբևէ չի ունեցել կին քաղաքապետ, ինչպես և այսօր ՀՀ որևէ քաղաք  կին չի ղեկավարում: Ինչու՞ է այդպես,  ըստ Ձեզ:


-Խնդիրը շատ բազմաշերտ ու բազմաբնույթ է: Կանայք, ընդհանուր առմամբ, չեն մասնակցում քաղաքական կյանքին, որովհետև դրա համար պետք են նպաստավոր պայմաններ, իսկ նպաստավոր պայմանները իր մեջ են ներառում նաև քաղաքական համակարգի կայացումը: Մինչդեռ մենք հասկանում ենք, որ քաղաքական համակարգը կայացած չէ Հայաստանում, հետևաբար նաև կանանց ներգրավվածությունն է ավելի նվազ այս բոլոր գործընթացների մեջ:

 

 

Իսկ ինչպե՞ս կարելի է փոխել այդ իրավիճակը, հասարակությունը, ըստ Ձեզ, նորմա՞լ է ընդունում այն փաստը, որ միայն  տղամարդիկ պետք է լինեն ղեկավար պաշտոններում:

-Անշուշտ՝ ոչ: Պետք է խրախուսել կանանց, որպեսզի նրան ավելի համարձակ լինեն և մտնեն քաղաքականություն, մասնակցեն քաղաքական որոշումների ընդունմանը: Մեր կուսակցության առաջնահերթ խնդիրների մեջ է մտնում հենց այս ոլորտում նույնպես հասնել փոփոխության, կարծրատիպեր կոտրել և մեր կուսակցության ծրագրի մեջ հատուկ դրույթ ենք սահմանել, որ կանանց ներգրավվածությունը խրախուսվի: Եվ եթե ուսումնասիրեք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության մեր ցուցակը, ապա կտեսնեք, թե որքան են կանայք ներգրավված: Կանայք պակաս  ներգրավվածությունից  տուժում են որոշումները, դա ցույց է տալիս նաև աշխարհի փորձը: Պատահական չէ, որ  պետությունների բարեկեցության  աստիճանը  չափող  միջազգային  ցուցանիշների մեջ պարտադիր  հաշվի է առնվում  թե որքանո՞վ են կանայք ներգրավված պետության քաղաքական կյանքում և որքանո՞վ են մասնակցում որոշումների ընդունման մակարդակում:

 

 

Ձեր ներկայացրած ցուցակում կանանց ու տղամարդկանց 50/50 մասնակցություն են ապահովել հենց առաջին տասնյակում, դրանով իսկ , կարծես թե , փորձել եք կոտրել  այն կարծրատիպը, թե  կինը կնոջը չի ընտրում կամ իր կողքին կին տեսնել չի ցանկանում:

-Մի փոքր ուսումնասիրություն կատարեցի, թե կուսակցությունների ղեկավար մարմիններում ինչ չափով են  ներգրավված կանայք և պարզվեց, որ գրեթե բոլոր ուժերում կանանց ներգրավվածությունը ղեկավար կազմում ընդամենը 20-25  տոկոս են, ամենաբարձր ցուցանիշը 25 տոկոս էր: Ասենք, եթե կուսակցության ղեկավար մարմինը 11 հոգուց է բաղկացած, ապա այնտեղ ընդամենը 3 կին կա… Երբ հետաքրքրվում ես, թե ինչո՞ւ է այդպես, պատասխանում են՝ կանայք չեն ցանկանում, չեն համարձակվում մասնակցել և դժվար է իրենց համոզել: Կարող եմ փաստել,  որ «Երկիր ծիրանի» կուսակցությունում կանայք «համարձակվում են»,  հիմնադիր համագումարի, ինչպես նաև հայտը ներկայացնելու ժամանակ կանանց ներգրավվածությունը և նրանց  մասնակցելու ցանկությունը  բավականին մեծ էր, «համոզել» էլ պետք չեղավ…

 

Զրուցեց Լիա Խոջոյանը

 

Լուսանկարները՝  Զարուհի Փոստանջյանի անձնական արխիվից

 

Դիտումների քանակը` 5272

Գլխավոր էջ