Երևանում քննարկում են գենդերային հավասարության խնդիրը կինոյում
Կինոն արվեստի այն տեսակն է, որն այսօր առավելագույն ազդեցություն ունի հանրային կարծիքի ձևավորման և կարծրատիպերի վերացման գործում: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ կինոյում ևս կինը դառնա գործող անձ, որոշում կայացնող և, ի վերջո, լսելի հարության համար: Այս խնդիրն է միավորել Երևանում մեկնակած Եվրիմաժի /Eurimages կառավարման խորհրդի 150-րդ նիստի շրջանակներում տեղի ունեցած «Գենդերային հավասարությունը կինոյի ոլորտում» խորագրով ֆորումի մասնակիցներին:
Եվրոպայում կին ռեժիսորները կազմում են ոլորտի 24 %-ը
1989 թվականին հիմնադրված Եվրիմաժը Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության հիմնադրամն է, որին անդամակցում է ԵԽ 47 անդամ-պետություններից 38-ը, այդ թվում՝ նաև Հայաստանը: 2012 թվականից ի վեր Եվրիմաժի աշխատանքային խումբը ուսումնասիրել է կինոյի ոլորտում գենդերային հավասարության և առաջատար պաշտոններում կանանց ներգրավվածության հարցը: Ուսումնասիրության արդյունքում ստացված տվյալները փաստում են, որ կանայք կինոյում գերթե ներկայացված չեն. Համաձայն վիճակագրության՝ Եվրոպայում կին ռեժիսորները կազմում են ոլորտի 24 %-ը: Այս անհավասարությունը վերացնելու նպատակով Եվրիմաժը որդեգրել է «50/50 մինչև 2020» ռազմավարությունը, որի հիմնական նպատակը առաջիկա երկու տարիներին կինոյում գենդերային հավասարության հասնելն է:
«Անտեսանելիության համաճարակ» Հոլիվուդում
Նշենք, որ կինոյում կանանց ներգրավվածության գրեթե նույն պատկերն է նաև կինոարտադրության գլխավոր կենտրոնում՝ Հոլիվուդում: Այդ մասին վկայում են սոցիոլոգ Սթեյսի Սմիթի իրականացրած հետազոտությունները: Առավել, քան 10 տարի տևած հետազոտությունների արդյունքում սոցիոլոգը հանգել է եզրակացության, որ ամերիկյան ֆիլմարտադրության մեջ կանանց ներգրավվածության ճգնաժամ կա: Ըստ նրա՝ կանայք շարունակում են ներկայացվել որպես ենթակա, մարգինալացված կերպարներ, որոնք չունեն սեփական կարծիք, չեն ազդում որոշումների կայացման վրա: Սթեյսի Սմիթի թիմը ուսումնասիրում է ԱՄՆ-ում ամեն տարի արտադրվող ֆիլմերի վարկանշային աղյուսակի առաջին 100 ֆիլմերը, առանձնացնում դրանցում առնվազն մեկ բառ արտաբերող կամ սյուժեում առանցքային դեր ունեցող կանացի կերպարները: 800 ֆիլմերի ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ 2007 թվականից ի վեր պատկերը գրեթե չի փոխվել. 35 000 խոսող կերպարներից միայն 30 %-ն են կանայք: 2015 թվականի ամենահայտնի 100 ֆիլմերից միայն 32-ում կա կնոջ գլխավոր կերպար: Այս պատկերը սոցիոլոգը անվանել է «անտեսանելիության համաճարակ»: Ինչ վերաբերվում է կինոարտադրության մեջ կին ռեժիսորների ներգրավվածությանը, ապա 2007-2015 թվականներին արտադրված ավելի քան 800 ֆիլմերի միայն 4.1 %-ի դեպքում են ռեժիսորները կին եղել: Անհավասարության մասին են վկայում նաև կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունը, կանանց տրվող մրցանակների սակավությունը և վերջապես այն փաստը, որ ներդրողները ուղղակի չեն վստահում կին ռեժիսորներին: Եվ բոլորովին ատահական չէ, որ սեռական ոտնձգությունների դեմ պայքարը սկիզբ առավ հենց Հոլիվուդից:
Հայաստանում կին ռեժիսորները հիմնականում ներգրաված են կարճամետրաժ ֆիլմերի արտադրությունում
Ռեժիսոր Սեդա Գրիգորյանն ուսումնասիրել է սեռերի ներկայացվածության խնդիրը հայկական կինոշուկայում: Ուսումնասիրությունը հիմնված է Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսավորված ֆիլմերի և նախագծերի վրա, քանի որ այն միակ պետական կառույցն է, որը զբաղվում է ֆիլմարտադրության ֆինանսական աջակցությամբ: Ըստ այդմ՝ գեղարվեստական և կարճամետրաժ ֆիլմերի արտադրության ողջ գործընթացում վերջին 5 տարիներին կանանց մասնակցությունը տատանվել է 5.5 %-ից մինչև 28.6 %: Հատկանշական է, որ կին ռեժիսորներն առավել հաճախ նախաձեռնել են կարճամետրաժ ֆիլմերի ստեղծում, որոնք արդյունքում ֆինանսական աջակցություն են ստացել պետությունից: Այս ժանրում կին ռեժիսորների ներկայացվածությունը առանձին տարիներին հասել է մինչև 60 %-ի, մինչդեռ գեղարվեստական ֆիլմերի ստեղծման հարցում պատկերը բոլորովին այլ է. Ազգային կինոկենտրոնից գեղարվեստական ֆիլմի ստեղծման համար աջակցություն չի ստացել ոչ մի կին ռեժիսոր:
Սեդա Գրիգորյանը բացատրում է՝ նման ուսումնասիրություն Հայաստանում մինչ այս չէր արվել: «Այն, որ կանանց ներգրավվածության ցուցանիշն այսպիսին է, դեռ չի նշանակում, որ Հայաստանում չկան կին ռեժիսորներ: Նրանք կան և նրանք շատ արդյունավետ են: Այս ցուցանիշը գրեթե նույնն է, ինչ Եվրոպայում արված ուսումնասիրությունների արդյունքում ստացված թվերն են, նույնիսկ փոքր-ինչ շատ: Բայց Հայաստանում արձանագրված պատկերը մտածելու տեղիք է տալիս. կարճամետրաժ ֆիլմերի արտադրության մեջ տեսնում են կին ռեժիսորների ակտիվություն, մինչդեռ գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերում, որոնք, բնականաբար, առավել լուրջ ֆինանսական ծախսեր և աշխատանք են ենթադրում, կին ռեժիսորներ գրեթե չկան: Սա նշանակում է, որ կինոոլորտում կանանց նկատմամբ վստահության պակաս կա, մեծ նախագծեր նրանց չեն վստահվում»,- ասում է Սեդա Գրիգորյանը:
«50/50 մինչև 2020» ռազմավարությունը
Գենդերային հավասարությունը Եվրոպայի խորհրդի գերակայություններից մեկն է, և հենց այս գաղափարի վրա է հիմնվել «50/50 մինչև 2020» ռազմավարությունը, որը Եվրիմաժը մշակել է կինոոլորտի համար: «Աուդիովիզուլ ոլորտը, որը ներառում է կինոն, հեռուստատեսությունը և վիդեո խաղերի արտադրությունը, լրջագույն ազդեցություն ունեն հասարակության հիմնական նորմերի և արժեհամակարգերի ստեղծման և ձևափոխման վրա, այդ թվում ՝ նաև գենդերային հավասարության գաղափարի: Մեր նպատակն է գենդերային հավասարության հասնել ոչ միայն էկրանին, այսինքն՝ պատկերներում, որ տեսնում ենք ամեն վայրկյան, այլև՝ էկրանից այն կողմ, ստեղծելով աուդիովիզուալ արտադրության գործընթացի հավասար հասանելիություն բոլորի համար՝ անկախ սեռից»,- ասում է Եվրիմաժի գենդերային հարցերով աշխատանքային խմբի նախագահ Իրիս Զապպե-Հելլերը:
UNICEF Հայաստանի Գենդերային հավասարության հարցերով պատասխանատու Նվարդ Մանասյանի խոսքով, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները, ընտանեկան բռնության, աշխատաշուկայում գենդերային խտրականության դրսևորումները ահազանգ են, որ հասարակության մեջ կնոջ դերի ընկալման լուրջ խնդիր կա: « Կանանց չափազանց քիչ տարածք է տրվում ստեղծագործելու և ինքնադրսևորման համար: Այս ցուցանիշները փաստում են կնոջ դերի վերաբերյալ հասարակական սխալ ընկալումների, կարծրատիպերի գերիշխման մասին: Հենց այստեղ է, որ մեդիան՝ իր բոլոր դրսևորումներով, լուրջ անելիք ունի: Կարծում եմ՝ ֆիլմարտադրությունն ունի բավարար ներուժ և ազդեցություն՝ քննարկումներ հրահրելու, զգայուն հարցեր բարձրացնելու և խմբային ընկալումներ ձևավորելու, կանանց առաջին պլան բերելու համար»,- ասում է Ն. Մանասյանը:
«Կանանց կերպարները կինոյում գրեթե միշտ շատ կարծրատիպային են»
«Կին» կինոփառատոնի հիմնադիր Մարիամ Օհանյանը սեփական օրինակով գիտի կանանց վերաբերյալ հասարակական բոլոր կարծրատիպերի մասին: Դպրոցն ավարտելուց հետո՝ մասնագիտություն ընտրելիս, ծանոթ-բարեկամները նրան խորհուրդ տվեցին հեռու մնալ կինոյից, քանի որ դա կանացի մասնագիտություն չէ: Սակայն, սոցիոլոգիայի ֆակուլտետն ավարտելուց հետո անգամ Մ. Օհանյանը չէր դադարում մտածել կինոյի ու դրանում կնոջ դերի մասին. «Կինոյի պետական ինստիտուտում դասավանդելու տարիներին ես ուսումնասիրություն սկսեցի՝ հայկական կինեմատոգրաֆում գենդերային հավասարության մասին: Այս ուսումնասիրության արդյունքում իհայտ եկած խնդիրներն արդիական են մինչ օրս. մենք լուրջ խնդիրներ ունենք կանացի կերպարների, դերասանուհիների ընտրության, կինոարտադրության մեջ կանանց առաջնորդող դերեր վստահելու հետ: Պարզ օրինակով կարող եմ ասել, որ կինոյում ներկայացվող կին կերպարները գրեթե միշտ շատ կարծրատիպային են՝ կին, մայր կամ սիրուհի: Դուք դժվարությամբ կգտնեք կին կերպարներ, որոնք մտածում են, գործում, ինչ-որ լուրջ դերակատարում ունեն սյուժեի զարգացման ընթացքում: Գլխավոր դերակատարների ընտրության հարցում ևս հետաքրքիր պատկեր ունենք. ինձ համար անհասկանալի պատճառով՝ դեռ 1930-ական թվականներից հայ տղամարդ կինոռեժիսորներն իրենց ֆիլմերի գլխավոր կանացի կերպարները, հիմնականում, ոչ հայ դերասանուհիների: Հրավիրել են նրանց Ռուսաստանից, Վրաստանից և այլն: Կին կինոռեժիսորների դեպքում մենք ունենք հետևյալ պատկերը. նրանք նկարահանում են մեկ ֆիլմ, չեն գտնում համապատասխան աջակցություն, նրանցից բացառիկները նկարահանում են իրենց երկրորդ ֆիլմը և վերջ: Շուտով նրանք դադարում են դա անել: Խտրականությունը սկսվում է ոչ թե ֆիլմարտադրության պրոցեսում, այլև՝ ֆիլմի գաղափարն առաջ տանելու, բյուջե գտնելու, այսինքն՝ ամենաառաջին փուլում»,- ասում է Մ. Օհանյանը և խոստովանում՝ «Կին» կինոփառատոնը իր առջև նպատակ է դրել հնարավորինս աջակցել և ոգեշնչել կինոյի ոլորտում աշխատող կանանց:
«Կինոն համարվում է տղամարդկանց համար մասնագիտություն, կանանց համար՝ հոբբի»
Կինոռեժիսոր Դիանա Կարդումյանը 12 ֆիլմերի հեղինակ է: Ըստ նրա՝ հայկական կինոյի պատմության ընթացքում կինը երբեք ներկայացված չի եղել կերպարի ամբողջականությամբ, փոխարենը հաճախ դարձել է երկրորդական կերպար, ամուսնու ստվերի տակ ապրող մարդ. «Մեր կինոյի պատմության ավելի քան 95-ամյա պատմության ընթացքում կինն ու նրա խնդիրները չեն ներկայացվել: Թվում էր՝ անկախության տարիներին կանանց ներգրավվածության ցուցանիշը պետք է փոխվեր, քանի որ կին ռեժիսորների թիվը գնալով ավելանում է, նրանց մեծ մասը կրթություն է ստանում արտասահմանում, սակայն պատկերը էապես չի փոխվում: Կին ռեժիսորներն անհամեմատ քիչ ֆինանսավորում են ստանում իրենց ֆիմերի համար, քան տղամարդիկ: Որպես օրինակ միայն նշեմ, որ Անկախության 25-ամյակին նվիրված «Կարճամետրաժ ֆիլմերի ալմանախում» ներկայացված հեղինակների շարքում չէր ընդգրկվել ոչ մի կին կինոռեժիսոր, մինչդեռ այս ժողովածույի հրատարակումը կարող էր լայն հնարավորություններ ստեղծել դրանում ներկայացված հեղինակների համար ոչ միայն Հայաստանում, այլև՝ արտասահմանում: Համարվում է, որ կինոն տղամարդկանց համար մասնագիտություն է, կանանց համար՝ հոբբի, որի ֆինանսավորումն անիմաստ է»,- ասում է Դ. Կարդումյանը:
Ըստ նրա՝ հայրենիքում կին ռեժիսորներին տրամադրվող պետական ֆինանսական աջակցությունը գրեթե 5 անգամ ավելի քիչ է, քան տղամարդկանց: Եթե պետությունը հրաժարվում է ֆինանսավորել ռեժիսորին, նա ուղղակի վերանում է համաշխարհային կինոհիմնադրամների տեսադաշտից: Այս պայմաններում գրեթե անհնար է դառնում ֆինանսավորման հայթհայթումը նաև արտասահմանում, միջազգային փառատոններում ներկայանալը. «Եթե սեփական երկիրդ շահագրգռված չէ նոր անունների հայտնաբերմամբ, լավ նախագծերի ֆինանսավորմամբ, ինչո՞ւ դա պետք է հետաքրքիր արտասահմանյան որևէ հիմնադրամի: Սա շղթայական ռեակցիա է. մի աղետը բերում է այլ աղետների: Բայց այս պատկերը նաև ցույց է տալիս, որ ունենալով անհամեմատ քիչ ռեսուրսներ, կին ռեժիսորները Հայաստանում ավելի արդյունավետ են աշխատում, քան տղամարդիկ»,- ասում է Դ. Կարդումյանը:
Նշենք, որ Եվրիմաժի կառավարման խորհրդի 150-րդ նիստը կշարունակվի մինչև մարտի 16-ը:
Սոնա Մարտիրոսյան
Դիտումների քանակը` 3461