Երևանում ստորագրել են հակամարտություններով պայմանավորված սեռական բռնությունների դեմ պայքարի շրջանակային համաձայնագիրը

Այս օրերին  Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումների շրջանակում  անդրադարձ է եղել նաև կանանց իրավունքների  պաշտպանության,  կանանց եւ աղջիկների նկատմամբ խտրականության խնդիրներին: 

 

 

Այսպես գագաթնաժողովի մեկնարկին  Ֆրանկոֆոնիայի միջազգային  կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Պրամիլա Պատտեն ստորագրել են շրջանակային համաձայնագիր հակամարտությունների ժամանակ  սեռական բռնության  խնդրի մասին։ Այս մասին տեղեկացրեց  Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մամուլի ծառայությունից:

 

 

«Պետք է կանխել եւ պայքարել սեռական բռնությունների դեմ՝ օգտագործվող որպես պատերազմական զենք կամ ահաբեկչական տեխնիկա։ Այս նոր համագործակցությունը կհանգեցնի համատեղ գործողությունների, որոնք կնպաստեն տեղեկատվության տարածմանը եւ տեխնիկական օգնությանը ֆրանսալեզու տարածքում, ինչպես նաեւ հակամարտություններով պայմանավորված սեռական բռնությունների կանխմանը։ Այն առաջնահերթ ուշադրություն կդարձնի հակամարտության կողմերի մեջ երկխոսության ստեղծմանը,  սեռական բռնություններից անպատիժ մնալու դեմ պայքարին, եւ տուժածների արդյունավետ հասանելիություն դեպի արդարադատություն եւ միջհատվածային ծառայություններ։ Այդ համագործակցությունը թույլ կտա նաեւ բարելավել պետական օրենսդրական շրջանակը՝ սեռական բռնությունների հիմքում ընկած արմատական պատճառների վերացմամբ, այդ թվում եւ կանանց եւ աղջիկների նկատմամբ խտրականությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

 

«Ուրախ եմ, որ կարողացանք որոշել ու միավորել մեր ուժերը այդ սարսափելի չարիքի դեմ պայքարում, որ մեծ խոչընդոտ է խաղաղության եւ զարգացման ճանապարհին։ Միայն մեր ուժերը միացնելով կարող ենք հասնել այդ հանցագործության վերացմանը, որ, թերևս, բավականին հին է, բայց ամենաանպատիժը»,- ասել է հատուկ ներկայացուցիչ  Պետտենը։«Հարկ է նաեւ պայքարել կանանց, աղջիկների նկատմամբ խտրականության դեմ՝ որպես այդ հանցագործության անտեսանելի գործոն»,- ավելացրել է նա։

 

 

«Հակամարտություններով պայմանավորված սեռական բռնությունների վերացումը Ֆրանկոֆոնիայի առանցքային նպատակներից է»,-  իր հերթին ավելացրել է ՖՄԿ-ի գլխավոր քարտուղար Միկաել Ժանը։  «Այս համաձայնագիրը Ֆրանկոֆոնիայի անկոտրում կամքի վկայությունն է կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարության հաստատման ճանապարհին իրական աշխարհում եւ խաղաղ ժամանակ, եւ կոնֆլիկտի օրերին։ Հակամարտությունների ժամանակ սեռական բռնությունը մարդկության դեմ հանցագործություն է, որ Ֆրանկոֆոնիան չի կարող հանդուրժել։ Այս համաձայնագիրը եւս մեկ ապացույցն է այն ռազմավարության, որ որդեգրել է Ֆրանկոֆոնիան տղաների եւ աղջիկների միջեւ հավասարություն հաստատելու համար, կանանց եւ տղամարդկանց իրավունքների եւ հնարավորությունների հաստատման գործում այստեղ՝ Երեւանում», ընդգծել է նա։

 

 

Համաձայնագիրը ստորագրող երկու կողմերը կոչ են արել ֆրանսալեզու երկրների առաջնորդներին եւ  քաղաքացիական հասարակությանը հանրայնորեն  դատապարտել  սեռական բռնությունը՝ պայմանավորված հակամարտությամբ, եւ մշակել ավելի գործուն մարտավարություն՝ այդ չարիքի դեմ պայքարում, որ կործանում է հասարակություններ։

 

 

Նշենք, որ գագաթնժողովի ընթացքում  կազմակերպության  գլխավոր քարտուղար  ընտրվեց Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոն դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ՝ այս պաշտոնում փոխարինելով Միկաել Ժանին։

 

 

Ֆրանկոֆոնիայի  միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ավարտից հետո հրավիրված ասուլիսում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կարևորեց  ՖՄԿ արդեն նախկին քարտուղարի՝ Միկայել Ժանի աշխատանքը կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում: 

 

«Կանադան 18 մլրդ դոլարի ներդրում է կատարել Կոնգոյում սեռով պայմանավորված բռնությունների կանխարգելման համար: Դա անհանդուրժելի հանցագործություն է: Այս ամենի ֆոնին ես պարտավոր եմ ընդգծել Միկայել Ժանի հոյակապ աշխատանքը, ով կանանց մեծ պաշտպանն է ֆրանկոֆոն տարածքում»,- շեշտեց նա՝ հավելելով, որ Միկայել Ժանը կանանց իրավունքների պաշտպանությունը դարձրել էր ՖՄԿ-ի առաջնահերթություններից մեկը:

 

Թրյուդոն համոզված է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության  անդամ երկրները պետք է կարողանան կենտրոնացնել իրենց ուժերը՝ ավելի լավ աշխարհի տեսլականի մղումով: «Դրան տանող ճանապարհն, առաջին հերթին, կրթական այնպիսի համակարգի ներդրումն է, որն ավելի լավ տնտեսության ունենալու դուռ կբացի»,- ասաց նա:

 

Կանադայի վարչապետը շնորհավորեց ՖՄԿ նորընտիր գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ: «Կանադան կհամագործակցի նրա հետ՝ ավելի զարգացնելու համար կազմակերպությունը: Նոր քարտուղարն ընտրվեց կոնսենսուսի պայմաններում, երկրների համաձայնությամբ»,- նշեց Ջասթին Թրյուդոն:

 

***

 

Երևանում ավարտված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել կազմակերպության անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար: Գագաթնաժողովի թեման էր «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել էր նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։Հոկտեմբերի 11-ի նիստի ընթացքում ՖՄԿ գագաթնաժողովի նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվեցին Հայաստանին:

Դիտումների քանակը` 2431

Գլխավոր էջ