Երևանում սովորելով՝ աղջիկները «կփչանան». դիտարկումներ քայլարշավից

Այս տարվա սեպտեմբերին Կանանց ռեսուրսային կենտրոնը անցկացրել էր  5-օրյա քայլարշավ Գեղարքունիքի մարզում՝ ընդդեմ ընտանեկան բռնության: 5-օրյա քայլարշավի ընթացքում կենտրոնի անդամները զրուցել են տեղի մարզի բնակչության հետ, հանդիպումներ են ունեցել նաև դպրոցների ուսուցիչների, ծնողների, և երեխաների հետ, նաև բուժկետերում բուժաշխատողների և գյուղապետարանների աշխատողների հետ: Ներկայացնեւմ ենք  Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի սոցիական աշխատող Աննա Հովհաննիսյանի   դիտարկումները քայլարշավից:

 

Անհամբեր սպասում էի, թե երբ պետք է մեկնարկի Կանանց քայլարշավը Գեղարքունիքի մարզում: Թերևս առաջին հանդիպումը Գեղարքունիքի մարզի հետ տեղի ունեցավ Գավառի դպրոցներից մեկում: Lինելով սոցիալական աշխատող՝ շատ էի այցելել այս մարզ, աշխատել բռնության ենթարկված կանանց հետ հենց Գեղարքունիքից, բայց այն ինչ տեսա՝ այցելելով դպրոցի առաջին դասարաններից մեկը, առավել շոշափելի դարձրեց կանանց իրավունքների իրական կողմը. առաջին դասարաններից մեկում աշակերտների շուրջ 80% տղաներ էին: Այդ պատկերն առավել ակնառու դարձրեց սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը, հենց դա էր այն 100/130 հարաբերակցությունը (Գեղարքունիքի մարզում ամեն 100 աղջկան ծնվում է 130 տղա):

 

Անօգնականություն և հուսահատություն զգացի Ձորագյուղում, երբ հանդիպեցի երիտասարդ աղջիկների, ովքեր ունեին ցանկություն սովորելու, մասնագիտանալու, սակայն ծնողները թույլ չէին տալիս իրագործել այդ երազանքը, որովհետև համոզված էին, որ Երևանում սովորելով՝ աղջիկները «կփչանան»: Աղջիկների տատիկը վստահորեն պնդում էր, որ կինն ամուսնու սեփականությունն է, և ամուսինը պետք է որոշի, թե իր կինը ինչ պետք է անի:

 

Զգացի նաև կնոջ ուժը, երբ այցելածս գյուղերից բոլորում, ընտանիքի հոգսն ամբողջությամբ մնում էր կնոջ վրա, քանի որ ամուսինները գտնվում էին արտագնա աշխատանքներում ՌԴ-ում: Կանանց հետ զրույցներում, հասկացա, որ նրանցից շատերն, անգամ գիտեին, որ իրենց ամուսիններն ունեն երկրորդ ընտանիք ՌԴ-ում, սակայն հանգիստ կարողանում էին մեկնաբանել և անգամ բացատրություն գտնել այդ փաստին:

 

Զգացի նաև երիտասարդ կանանց փոփոխություններին արձագանքելու ներուժը, երբ գյուղի կանայք պատմում էին, որ հիմիկվա սերնդի աղջիկները չեն հանդուրժում, որ ամուսինը մենակով գնա Ռուսաստան, չեն հանդուրժում, որ սաղ հոգսը մնա իրենց վրա մենակ:

 

Աննա Հովհաննիսյան

Աղբյուրը՝ Կանանց ռեսուրսային կենտրոն

 

Հ. Գ.  Ինչպես պատմում է   Կանանց ռեսուրսային կենտրոնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը, Գեղարքունիքի  մարզի բոլոր գյուղերում նկատվել է նույն վերաբերմունքը ընտանեկան բռնության դեպքերի հանդեպ․ բռնություն ասելով՝ հարցվածները հասկացել են միայն ընդգծված դաժան, բիրտ վերաբերմունքը, սակայն, օրինակ, ծեծը կամ կնոջ նկատմամբ հոգեբանական ճնշումը բռնություն չեն համարել։ «Երբ հարցնում էինք՝ ձեր գյուղում կա՞ կանանց նկատմամբ բռնություն, ասում էին՝ ոչ, բայց երբ հարցնում էինք չկա՞ ընտանիք որտեղ ծեծ լինի, բոլորը միանշական ասում էին, որ դա առօրյա կյանքի մի մասն է։ Տղամարդիկ շատ հումորով էին վերաբերվում բռնության մասին զրույցներին, ասում էին՝ առանց դրա չի լինի, ո՞նց կլինի առանց ծեծի», – նշել է Աղաբեկյանը։

 

Կանանց ռեսուրսային կենտրոնի մարզային ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանի խոսքով  դպրոցների բակերում աշակերտների շրջանում քննարկումներ կազմակերպելիս,  ակնհայտ էր դառնում նաև անչափահասների մոտ առկա կարծրատիպային մոտեցումը:

 

«Սկզբից որ խոսում էինք բռնության մասին, ասում են չէ, դա վատ է, չպետք է լինի, բայց երբ խոսում ես ընտանիքի ներսում առկա բռնության մասին, արդեն ասում էին, որ  կարող է լինել: Մի 12 տարեկան տղա ասաց անգամ, որ բռնությունը վատ է, բայց հետո նշեց, որ եթե կինը մի բան շիտակ չի անում, ապա ամուսինը կարող է ծեծել կնոջը:Սա հսկայական խնդիր է, եթե այս մտածելակերպով ձևավարվում ու հասարակություն են մտնում այս երեխաները»,-ընդգծեց Սիմոնյանը:

 

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի սոցիական աշխատող Աննա Հովհաննիսյանի   խոսքով ,   շատ երիատասարդ աղջիկներ պարզապես փակված են տանը՝ հնարավորություն չունենալով կրթություն ստանալու և հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ:  «Միակ  հեռանկարը 19-20 տարեկան աղջկա համար շարունակում է  մնալ ամուսնությունը և ամուսնու կողմից նրա ճակատագրի տնօրինումը:»,- ասում է  նա :

 

Դիտումների քանակը` 3060

Գլխավոր էջ