Երևանում մեկնարկում է «Կին» միջազգային կինոփառատոնը
Դեկտեմբերի 14-ին Երևանում մեկնարկում է «Կին» միջազգային 10-րդ կինոփառատոնը։ Դեկտեմբերի 14-18-ը` ժամը 19:00 փառատոնը հրավիրում է կինոդիտումների Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Մուտքն ազատ է:
Ծրագիրը հարուստ է ամենատարբեր ժանրերի ֆիլմերով, ընդհանուր առմամբ կին ռեժիսորների 80 ֆիլմ՝ 27 երկրներից: Ցուցադրությունները կկայանան ոչ միայն երեկոյան, այլև ցերեկային ժամերին:
Արդեն ավանդական դարձած կինոփառատոնի նպատակն է վերաիմաստավորել կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, ձևավորել մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի ճանաչմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև՝ տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը:
Փառատոնի հիմնադիր տնօրեն Մարիամ Օհանյանն ասաց լրագրողներին, որ տարին փառատոնի համար հոբելյանական է, այդ իսկ պատճառով ծրագրում կան մի քանի նորություններ, որոնք անակնկալ են լինելու մասնակիցների, հանդիսատեսի համար: «Նախ՝ փառատոնի շրջանակում հենց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կազմակերպվելու է Հերիքնազ Գալստյանի, Հասմիկ Ավետիսյանի, Զառա Մանուչարյանի գեղանկար աշխատանքների ցուցահանդեսը», – նշեց նա:
Փառատոնի հետահայաց ցուցադրության ծրագրում տեղ են գտել առաջին կին ռեժիսոր, ազգությամբ ֆրանսուհի Ալիս Գի Բլաշեյի ֆիլմերը: Նախատեսված են ցուցադրություններ` նվիրված ռեժիսոր Թամարա Լիսիցյանի 90-ամյակին և անգլիացի կոմպոզիտոր Բենջամեն Բրիտտենի 100-ամյակին:
Մ. Օհանյանը ներկայացրեց նաև ժյուրիի կազմը. հոբելյանական փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված են Ժակլին Բուէն /Կրետել փառատոնի ղեկավար/, Սթեֆանիա Գյորցը /կինոգետ, Դորտմունդ, Քյոլն կանանց փառատոն/, Միվակո Կիկուչին /Ճապոնական Շորտշորտս և Ասիա փառատոնի գեղարվեստական ղեկավար/, Զավեն Ղուկասյանը /կինոգետ, Իրան/, Վահրամ Մարտիրոսյանը /սցենարիստ, գրող, հրապարակախոս/:
Նշենք, որ փառատոնի կազմակերպիչն է «Լիզա» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Մանրամասները Մարիամ Օհանյանի Սիվիլնեթ –ին տված հարցազրույցում .
Դիտումների քանակը` 4754