Երևանի նոր ավագանու կազմում կանայք 28% են կազմում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին արձանագրությունը: Ըստ այդմ, Երևանի նորընտիր ավագանու 65 անդամներից 18-ը կամ 28%-ը կանայք են: Այսինքն, կանանց ներկայացվածությունը զգալի աճել է նախորդ ավագանու կազմի համեմատ, որտեղ կանայք 10-ն էին կամ 15%-ը: Կարելի է փաստել, որ Երևանի ընտրություններում 25/75 համամասնությունը ամրագրող քվոտան աշխատեց լավագույնս, թեպետ կուսակցությունների նախընտարական ցուցակներում կին թեկնածուները միջինում 38% էին :
Կանանցից 10-ն ընդգրկված են Հանրապետական խմբակցության կազմում (ընդհանուր՝ 46 մանդատ), 5-ը՝ «Ելք» խմբակցության (ընդհանուր 14 մանդատ), 3-ը՝ «Երկիր Ծիրանի» խմբակցությունում (ընդհանուր 5 մանդատ):
ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված արձանագրությունից տեղեկանում ենք, որ մայրաքաղաքի ավագանու կազմում կաշխատեն ՀՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված 10 կանայք՝ Ասղիկ Գևորգյանը, Աննա Ասատրյանը, Նաիրիա Նահապետյանը, Ռոզա Սիրունյանը, Նատալյա Լափաուրին, Լիլիթ Բեգլարյանը, Աննա Մկրտչյանը, Ալինա Քուշկյանը, Անուշ Հայրյանը, Հասմիկ Սարգսյանը:
ՀՀԿ Խմբակցությունում կանանց ներկայացվածությունը 21,7% է, թեպետ կուսակցության նախընտրական ցուցակում կին և տղամարդ թեկնածուները ներկայացված էին օրենքի պահանջին համապատասխան 25/75 համամասնությամբ և մինչ ինքնաբացարկները կուսակցության ընտրական ցուցակի առաջին 46 տեղերում 12 կին էր ընդգրկված: Նշենք, որ ԿԸՀ-ն ուժը կորցրած էր ճանաչել Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թվով 27 թեկնածուների գրանցումները` հաշվի առնելով նրանց կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները: Ինքնաբացարկ հայտնած թեկնածուներից ութը կանայք էին՝ Արմինե Հովհաննիսյան, Անահիտ Պողոսյան, Արմինե Վարդանյան, Անուշ Սարգսյան, Ալվինա Հարությունյան, Գայանե Մարգարյան, Նարգիզ Զեյնալյան և Անուշ Նավասարդյան: Ինքնաբացարկի դիմում ներկայացրած կանանցից մեկը՝ Արմինե Վարդանյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վաարչության պետն է, մյուսները՝ երևանյան դպրոցների կամ մշակութային հաստատությունների տնօրեններ:
Մյուս խմբակցությունների մասով ինքնաբացարկներ չեն եղել, բացի «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանից, ով ԱԺ պատգամավոր է:
«Ելք» խմբակցության կազմում ընդգրկված կլինեն 5 կին՝ Անահիտ Բախշյանը, Անի Խաչատրյանը, Անի Սամսոնյանը, Թեհմինա Վարդանյանը, Զարուհի Բաթոյանը: Կանանց ներկայացվածությունը խմբակցությունում 36% է տոկոս, ինչը ավելին է, քան դաշինքի նախընտրական ցուցակում, որում կին թեկնածուները 33 % էին կազմում:
«Երկիր Ծիրանի» խմբակցության հինգ անդամներից երեքը կանայք են. Զարուհի Փոստանջյանը, Սոնա Աղեկյանը, Մարինա Խաչատրյանը: Կանանց ներկայացվածությունը խմբակցությունում 60% է, իսկ կուսակցության նախընտրական ցուցակում կին թեկնածուները 57 % էին կազմում:
Այսպիսով, Երևանի ավագանու ընտրություններում 25/75 քվոտայի արդյունավետությունը շատ ավելի բարձր էր, քան հանրապետությունում մինչ այդ անցկացված բոլոր համամասնական ընտրություններում , այդ թվում Ազգային ժողովի (19%), ինչպես նաև անցյալ տարվա Գյումորու ու Վանաձորի ավագանու ընտրություններում: (24%): Եվ եթե չլինեին կանանց ինքնաբացարկները ՀՀԿ-ի ցուցակից, ապա կանանց ներկայացվությունը կարող էր և 30%-ի հասներ, դրանով իսկ ապահովելով կանանց, այսպես կոչված, «կրիտիկական զանգվածը» ավագանու կազմում :
Հ. Կարապետյան
Կոլաժները՝ Armtimes.com և ArmenianInfo.am
Կարդացեք ՏԻՄ ընտրություններ-2017 խորագրի ներքո մեր կայքում.
«Երկիր Ծիրանին» վերցնելու է Երևանի ավագանու մանդատները
Երևանի ավագանու կազմում կանանց ներկայացվածությունը կարող է 30 % լինել
«Ընտրական օրենսգիրքը չի արգելում անձանց մուտքը նախընտրական շտաբ», սակայն…
Հայտնի են Երևանի ավագանու ընտրությունների նախնական տվյալները, քաղաքապետ է մնում Տարոն Մարգարյանը
Զարուհի Փոստանջյանը փորձել է բացահայտել ընտրախախտումը՝ «ներխուժելով» Տարոն Մարգարյանի շտաբ
Քաղաքի արդար կառավարում. ինչքանո՞վ են դրան պատրաստ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը
Տրանսպորտի խնդիրը. երևանցիների կարծիքն ու թեկնածուների խոստումները
«Այս աղբը շուտով մեզ կուտի». Նուբարաշենի բնակիչների ձայնը լսելի չէ
«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում». քննարկում
Մանկապարտեզների հարցը. իրականություն եւ նախընտրական խոստումներ
Կանաչ տարածքները կազմում են Երևանի ընդամենը 3 %-ը…
Նարինե Թուխիկյան. « Քաղաքի տերը յուրաքանչյուր քաղաքացի պիտի լինի»…
Երևանն անվտանգ ու հարմարավետ չէ. մայրիկները բարձրաձայնում են խնդիրները
Դիտումների քանակը` 4043