Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել վեց կուսակցություն և մեկ դաշինք
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», Հայ Ազգային Կոնգրես, «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը: Նշենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն, գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կուսակցությունները կարող էին ներկայացնել մինչև մարտի 21-ը` ժամը 18.00-ն:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները անցկացվում են համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգրքով այս դեպքում էլ է գործում նույն գենդերային քվոտան, ինչ խորհրդարանական ընտրություններում, այսինքն, ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը:
Կանանց թիվը կուսակցությունների կողմից ներկայացված ցուցակներում միջինում 24 տոկոս է կազմում՝ տատանվելով 20-ից մինչեւ 28 տոկոս.
ՕԵԿ – 25%
ՀՅԴ – 22%
ՀՀԿ – 20%
ՀԱԿ – 26%
ԲՀԿ- 24%
Բարև Երևան – 25%
Առաքելություն – 28%
Համաձայն ԿԸՀ –ի ժամանակացույցի` ընտրական ցուցակները կգրանցվեն մինչև մարտի 31-ը: Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 7-ից, ընտրությունները նշանակված են մայիսի 5-ին:
Դիտումների քանակը` 3693