Երկրներ, որտեղ կանանց համար քանդվում են «ապակյա առաստաղները»
Կանանց համար լավագույն աշխատանքային պայմաններ ստեղծված են սկանդինավյան երկրներում՝ Իսլանդիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում: Այս տվյալներներն է հրապարակել բրիտանական The Economist պարբերականը, ներկայացնելով այսպես կոչված «ապակյա առաստաղի» ցուցանիշի վրա հիմնված վարկանիշային աղյուսակը: Հիշեցնենք, որ «ապակյա առաստաղ» արտահայտությունը բնորոշում է կանանց առջեւ ծառացող այն անտեսանելի խոչընդոտները, որոնք արգելափակում են նրանց առաջընթացի հնարավորությունները:
Վարկանշային աղյուսակում զետեղված են այն երկրների անունները, որտեղ կանայք ու տղամարդիկ ունեն նույն հնարավորություները աշխատանքի համար: Աղյուսակը կազմելիս պարբերականը հաշվի է առել աշխատավարձի չափը, բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը, երեխայի խնամքի ծախսերը, հղիության ու ծննդաբերության հետ կապված իրավունքները, ծննդաբերությունից հետո աշխատանքի վերադառնալու հնարավորությունները, ղեկավար պաշտոններում ներկայացվածությունը:
«Հյուսիսային Եվրոպայի այդ երկրներում կանանց ու տղամարդկանց պարագայում ցուցանիշները գրեթե նույնն են»,-նշում է պարբերականը:
Օրինակ Ֆինլանդիայում կանայք ավելի շատ են բարձրագույն կրթություն ստանում, քան տղամարդիկ: Այստեղ եռաստիճան կրթություն է ստացել կանանց 49 տոկոսը, իսկ տղամարդկանց՝ 35 տոկոսը:
Նորվեգիայում կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունը կազմում է 6.3 տոկոս, այն պարագայում երբ որպես միջին ցուցանիշ ընդունված է 15,5%-ը:
Իսլանդիայում ընկերությունների խորհուրդներում կանանց ներկայացվածությունը 44 տոկոս է, սա պարբերականը պայմանավորում է այդ երկրում քվոտավորմամբ: Քվոտավորման արդյունքում Նորվեգիայի, Իսլանդիայի, Շվեդիայի խորհրդարաններում ևս կանայք ներկայացված են 44 տոկոսով: Սա համարվում է աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկը:
Հունգարիայում էլ մայրության արձակուրդի ու վճարի առումով ամենառատաձեռն են, այստեղ երեխա ունեցած մայրերին տրամադրում են 71 շաբաթյա արձակուրդ (15 ամիս), իսկ այդ ընթացքում աշխատավարձը վճարում են ամբողջությամբ: Երեխայի խնամքի ծախսերն էլ հնարավորինս նվազեցրած են: Այստեղ կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունը 3.8 տոկոս է, սակայն ցածր են ընկերությունների խորհուրդներում ու խորհրդարանում կանանց ներկայացվածության ցուցանիշները՝ համապատասխանաբար 11 և 10 տոկոս:
Առաջին տասնյակում ընդգրկված են նաև Լեհաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Նոր Զելանդիան, Բելգիան:
Աղյուսակի ստորին հորիզոնականներում են Հունաստանը, Բրիտանիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Ճապոնիան, Թուրքիան, Հարավային Կորեան: Վերջին երեք երկրներում տղամարդիկ առավել մեծ հնարավորություններ ունեն բարձրագույն կրթություն ստանալ, նրանք ավելի շատ գիտական աստիճաններ ունեն, քան կանայք: Այս երկրներում ղեկավար պաշտոնները մեծամասամբ տղամարդիկ են զբաղեցնում: Այս երկրներում աշխատավարձերի միջև տարբերությունն ավելի մեծ է: Պարբերականը նշում է, որ այս երկրները դեռ երկար ճանապար ունեն հասնելու Սկանդինավյան երկրներին:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 5464