Երիտասարդ ընտանիքների ծախսերն ու հոգսերը
eMedia.am-ի մեր գործընկերները փորձել են հաշվել «Որքա՞ն գումար է պետք երիտասարդ ընտանիքին արժանապատիվ ապրելու համար»: Ներկայացնում ենք երիտասարդ ամուսնական զույգերի շրջանում իրենց կողմից անցկացված հարցախույզի արդյունքները` ակնկալելով նաև մեր ընթերցողների կարծիքը նույն հարցի շուրջ:
***
Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության, նախորդ տարվա համեմատությամբ ամուսնությունների թիվը նվազել է՝ 2012 թ. առաջին 6 ամիսների կտրվածքով ՀՀ–ում գրանցվել է 9217 ամուսնություն` նախորդ տարվա 9364 գրանցված ամուսնությունների փոխարեն։
Ի՞նչու են երիտասարդները հետաձգում ամուսնությունը. տարածված հարց, որն ունի բազմաթիվ պատասխաններ։ Պատճառները հաճախ նաև զուտ նյութական են լինում. բնակարանի բացակայություն, ֆինանսական անկայուն վիճակ։ «Որքան գումար է պետք երիտասարդ ընտանիքին արժանապատիվ ապրելու համար» հարցը հուզում է գրեթե բոլորին։
eMedia.am–ը զրուցել է մի քանի երիտասարդ ընտանիքների հետ , ու փորձել ճշտել նախ «արժանապատիվ կյանք» հասկացության բովանդակությունն իրենց համար ու պարզել, որքան գումար է հարկավոր երեք անդամ ունեցող ընտանիքի արժանապատիվ կյանքն ապահովելու համար։ Հարցմանը մասնակցած երիտասարդները իրենց հաշվարկներում ներկայացրել են ծախսերի ռեալ թվեր։ Հաշվարկներում, իհարկե սիրողական մակարդակի վրա է անցկացվել։ Սակայն մինչ այս հաշվարկը ձեր ուշադրությանը ներկայացնելը մենք կապ հաստատեցինք Ազգային վիճակագրական ծառայության հետ ու մի շարք հետազոտական կենտրոնների հետ պարզելու, թե արդյոք կան երիտասարդ ընտանիքների ծախսերի միջինացված հաշվարկներ ու երիտասարդ ընտանիքի պահանջների ուսումնասիրություն։
Պարզվում է՝ ընտանեկան բյուջեն հաշվելիս վիճակագրական ծառայությունը բոլոր ընտանիքների միջև հավասարության նշան է դնում, երիտասարդ ընտանիքների պահանջներին վերաբերվող հաշվարկներ ու փորձագիտական հետազոտություններ մենք չգտանք։ Ուստիև ներկայացնում ենք սեփական հաշվարկի արդյունքները։ Նշենք նաև, որ հարցված 10 ընտանիքներն ապահովված են եղել բնակարանով կամ ապրել են ծնողների հետ։
Հարցման հետևանքով ստացանք հետևյալ պատկերը.
● Սննդամթերքի համար օրական ծախս՝ 3000 դրամ, ամսական 90 հազար դրամ։
● Շաբաթը մեկ անգամ մսով կերակուր՝ ամսական 10 հազար դրամ։
● Կոմունալ ծախսեր (հոսանք, ինտերնետ, գազ, բջջային՝ 45 հազար դրամ)։
● Ապառիկներ, վարկեր՝ 40 հազար դրամ։
● Տրանսպորտ՝ 15 հազար դրամ։
● Դիմահարդարման միջոցներ, հիգիենայի պարագաներ՝ 15 հազար դրամ։
● Հագուստ. ամսական ամեն անդամի համար 15 հազարական դրամ՝ 45 հազար դրամ։
● Դպրոց՝ 10 հազար դրամ։
● Տարվա ընթացքում երեխայի ապագա կրթության համար խնայվող 150 հազար դրամ, այսինքն՝ ամսական մոտ 12000 հազար դրամ։
● Հանգիստ. երեք հոգանոց երկշաբաթյա համեստ հանգստի համար տարեկան անհրաժեշտ է 450 հազար դրամ, կամ՝ ամսական 37 500 դրամ։
● Ժամանց. ամսական գոնե 50 000 դրամ
● Ավտոմեքենա. 5000 դոլար արժողությամբ համեստ մեքենա (մի քանի տարի գումարի խնայում) ու գնելուց հետո 70 հազար դրամ ծախս (ներառում է վառելիք, ավտոմասեր, տեխսպասարկում)։
● Ընդամենը՝ 440 000 դրամ։
Փաստորեն ոչ ամենաբարձր նյութական պահանջներ ունեցող երիտասարդ ընտանիքը երազում է ունենալ 440 հազար դրամ ամսական եկամուտ։ Մինչդեռ միջին աշխատավարձը Հայաստանում կազմում է 126 հազար դրամ։ Ենթադրենք, հայրը և մայրը միջին աշխատավարձ են ստանում (250 հազար դրամ), մինչև երազած միջին շեմը, որը ներկայացրել ենք, մնում է 190 հազար դրամ։ Դա մոտավորապես կազմում է մեքենայի, հանգստի, երեխայի կրթության ու համեստ ժամանցի ծախսերի համագումարը։
ՀԳ. Շատ երիտասարդներ այս հաշվարկին ծանոթանալուց հետո գուցե ավելի հուսահատվեն, սակայն եթե կա լավատեսություն, աշխատելու մեծ ցանկություն ու ամենակարևորը սեր, բոլոր ֆինանսական խնդիրները լուծելի են։
Գայանե Ասրյան, Նիկոլայ Թորոսյան
Ի դեպ,
մեզ նաև հետաքրքրում է թե ամուսիններից ո՞վ է , ձեր կարծիքով, ավելի լավ տնօրինում ընտանեկան բյուջեն՝ կինը թե տղամարդը:
Դիտումների քանակը` 5622