Երիտասարդական ֆորում. միասին մշակենք պետական քաղաքականությունը
Սեպտեմբերի 18-ին «Դաբլ թրի բայ Հիլթոն» հյուրանոցում կայացավ Երիտասարդության ֆորումը, որը նախաձեռնել էլ ՕքսԵՋեն հիմնադրամը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ: Ֆորումի նպատակն էր աջակցել 2018-2022 թթ. ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակմանը՝ ապահովելով շահագրգիռ կողմերի մասնակցությունն այդ գործընթացին: Այսինքն, հնարավորություն տալ հենց երիտասարդներին որոշելու ինչպիսին պետք է լինի երիտասարդական պետական քաղաքականությունը եւ դրա հետ կապված հիմնախնդիրների ինչպիսի լուծումներ են տեսնում նրանք:
Ֆորումի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ՕքսԵՋեն հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Ստեփանյանը հույս հայտնեց, որ Երիտասարդական ֆորումը կառավարության, տեղական, միջազգային կազմակերպությունների երիտասարդական ՀԿ-ների, երիտասարդության ոլորտի հետազոտողների, փորձագետների և պարզապես Հայաստանի տարբեր մարզերի և մայրաքաղաքի ակտիվ երիտասարդների միջև կստեղծի երկխոսության հարթակ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը կարևորելով ֆորումի դերը հույս հայտնեց, որ ֆորումի ընթացքում ձևավորված աշխատանքային խմբերում ընթացող քննարկումները կնպաստեն, որպեսզի Երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարությունը դառնա ավելի իրական և փաստարկված:
ՕքսԵՋեն հիմնադրամի երիտասարդական հարցերի պատասխանատու Արսեն Սիմոնյանն իր ելույթում անդրադարձավ Երիտասարդական ֆորումի տրամաբանությանը, կառուցվածքին, աշխատաոճին և օրակարգին: Նա նշեց, որ ֆորումի մասնակիցների համար աշխատանքային փոքր խմբերում կազմակերպվող քննարկումների ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց պատկերացումները երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության վերաբերյալ: Աշխատանքային խմբերում քննարկվեցին երիտասարդական աշխատանքի և ցկյանս կրթության, երիտասարդների սոցիալ-տնտեսական և զբաղվածության, հոգևոր-մշակութային և ընտանեկան արժեքների պահպանման և զարգացման, միազգային համագործակցություն և միջմշակութային երկխոսության հիմնախնդիրները:
Անուշ Ներսիսյան
Լուսանկարները՝ ՕքսԵՋեն -ի
Դիտումների քանակը` 2790