Երեւանում կայացավ «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն-2014»-ը
Այսօր «Կոնգրես» հյուրանոցում կայացած «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն-2014»-ի շրջանակում մրցանակներ շնորհվեցին մի շարք անձանց ու կազմակերպություններին: Մրցանակաբաշխությունը կազմակերպել էին ԱՄՆ դեսպանատունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Բրիտանական դեսպանությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպությունը:
Մրցանակներ հանձնվեցին մի քանի անվանակարգերում.
«Ազատության պաշտպան» մրցանակը շնորհվեց իրավապաշտպաններ Արա Ղազարյանին եւ Արտակ Զեյնալյանին՝ մարդու իրավունքների պաշտպանության մեջ նշանակալի ջանքերի համար:
«Քաղաքացիական ակտիվություն» մրցանակը շնորհվեց «Չենք վճարելու 150 դրամ» քարոզարշավի կազմակերպիչներ` Կարեն Հարությունյանին և Ռուզաննա Գրիգորյանին՝ հանրային որոշումների կայացման մեջ թափանցիկության և հաշվետվողականության հետապնդման նշանավոր ջանքերի համար:
«Խիզախ կին» մրցանակը շնորհվեց «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ղեկավար Լարա Ահարոնյանին՝ կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված համարձակ ջանքերի համար:
Բանակում մարդու իրավունքների առաջխաղացմանն ուղղված նշանակալի ջանքերի համար «Կառավարման բարեփոխիչ» մրցանակը շնորհվեց Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանին:
«Մեդիա գերազանցություն» մրցանակի արժանացավ «Հետք» ասոցիացիան՝ հետաքննական լրագրության և մարդու իրավունքների լուսաբանման հարցում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար:
Քարահունջի բնակչության առաջնորդման գործում իր նշանակալի ջանքերի և համայնքը առավել բարեկեցիկ դարձնելու համար «Տեղական կառավարման բարեփոխիչ» մրցանակին արժանացավ Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը:
«Համայնքային ծառայություն» մրցանակին արժանացավ Երևանի մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն Լաուրա Մովսիսյանը՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին վերականգնողական ծառայությունների մատուցմանն ուղղված նշանակալի ջանքերի համար:
WomenNet.am-ը շնորհավորում է բոլոր մրցանակակիրներին՝ նորանոր հաջողություններ մաղթելով մարդու իրավունքների պաշտպանության դժվարին գործում:
Դիտումների քանակը` 3962