Երեխայի նպաստը ստանալու ընթացակարգերը կհեշտանան
Ազգային Ժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվեց «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ: Ներկայացնելով նախագիծը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ստացվել են տաս առաջարկություններ և ըստ այդմ ՝ նախագիծը որոշ փոփոխությունների է ենթարկվել: Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում էր հեշտացնել ծննդյան եւ երեխայի խնամքի նպաստները ստանալու ընթացակարգերը:
«Ընդունվել է առաջարկությունը հանել երեխայի խնամքի նպաստ նշանակելու համար ծնողի և երեխայի համատեղ նույն հաշվառման վայրում հաշվառված լինելու պահանջը՝ հնարավորինս նվազեցնելով նպաստի նշանակման և վճարման ընթացակարգերը»,- տեղեկացրեց նախարարը: Համապատասխան հոդվածը շարադրվել է նոր խմբագրմամբ, համաձայն որի՝ խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով: Այսինքն, պարզաբանեց Արտեմ Ասատրյանը, հանվել է նույն հասցեով հաշվառված լինելու պահանջը:
Նախարարը տեղեկացրեց, որ պատգամավորներից առաջարկ է ստացվել նաև խնամքի նպաստ ստանալու համար փաստաթղթերը հստակ ֆիքսելուն և դրանց ցանկը պարզեցնելուն, ինչն ևս առարկության չի հանդիպել:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ իր ելույթում նշեց, որ այս նախագծի շուրջ քննարկումների միակ նպատակը նա էր, որպեսզի ծննդյան, խնամքի նպաստները ստանալու մեխանիզմները թեթևացվեն:
Առաջարկ էր ստացվել էր ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանից, ով առաջարկել էր վերանայել երեխայի կամ ծնողի մահվան հետ կապված նպաստի դադարեցման մեխանիզմը: Հակոբ Հակոբյանն ասաց, որ եթե երեխան է մահանում, ապա ինքնաբերաբար նպաստը դադարում է ատկացվել, քանի որ երեխան է հենց նպաստի սուբյեկտը: Իսկ երբ ծնողն է մահանում, այդ դեպքում խնամակալի փոփոխության կարիք է լինում, դրա համար ստիպված են այդ նույն գործընթացն ընդունել.
«Հաշվի առնելով, որ խնամակալի փոփոխությունը պարտադիր է դառնում և հոդվածը մնացել է նույնը»,- ասաց Հ. Հակոբյանը: ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը իր խոսքում նշեց, որ ողջունում է կառավարությանը, քանի որ լսելի են դարձել առաջարկությունները և այսօրվա նախագիծը ավելի լավն է, քան նախկինում ներկայացվածը: Խոչընդոտներից շատերը վերացվել են, բայց մնացել է մի կարևորագույն խնդիր, որը շարունակում է անհանգստություն առաջ քաշել.
«Ես կհորդորեի մեր կառավարությանը, որպեսզի մշտապես ուշադրության կենտրոնում պահի 18 հազար դրամի նպաստի չափի փոփոխության անհրաժեշտությունը: Իհարկե, այս հարցը ավելի շատ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի լուծելիք խնդիր է, բայց գոնե նվազագույն աշխատավարձին համահունչ պետք է անդրադառնայինք 18 հազար դրամի չափին, քանի որ այն հաշված է եղել նախկին նվազագույն աշխատավարձի չափով, որն այն ժամանակ 35 հազար դրամ էր: Այսօր նվազագույն աշխատավարձը Հայաստանում կազմում է 55 հազար դրամ, բայց նպաստի չափը մնացել է անփոփոխ ՝ 18 հազար դրամ»,- ասաց տիկին Բիշարյանը՝ հորդորելով այս խնդիրը պահել ուշադրության կենտրոնում:
Բացի այդ Հ.Բիշարյանի ամենամեծ ցանկությունը բոլոր մայրերին այդ դաշտ բերելն է: «Հորդորում եմ կառավարությանը վերջապես հավասարության դաշտ բերել մինչև երկու տարեկան բոլոր երեխաներին և 18 հազար նպաստ վճարել բոլոր մայրերին: Մի անգամ հայտարարվեց, որ դա հավելյալ 4 մլրդ դրամի բեռ է, բայց ես այդ հույսը չեմ կորցնում. Տա Աստված, որ մենք այս ժամանակահատվածում հասնենք դրան, որ հաշվի չառնենք, թե երեխայի մայրը աշխատում է, թե չի աշխատում»,- ասաց պատգամավորը:
Նշենք, որ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկության կդրվի հավանաբար վաղը, թեև կասկած չկա, որ նախագիծը կընդունվի միաձայն:
Լիա Խոջոյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Նաիրա Զոհրաբյան. «Չաշխատող մայրերն իրենց կամքով չէ, որ չեն աշխատում..»
Արտեմ Ասատրյան. « Պետությունն ամբողջությամբ կարգավորում է ապագա մայրերի հարցը»
Մտահոգող ցուցանիշներ` թերսնուցում և թերքաշություն․ պայքար հանուն առողջ սերնդի
Կրկին մայրական նպաստների մասին. պարզաբանում
Չաշխատող կանայք հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան. կարգը հաստատվեց / լրացված
Մայրության նպաստների մասին օրենքն ընդունվեց վերջնական ընթերցմամբ
Մայրության նպաստների մասին աղմկահարույց նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ
Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին
Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով
Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող և չաշխատող մայրերի խտրականության վերացումը
Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո
Դիտումների քանակը` 3000