“Երբ ճգնաժամային իրավիճակում ղեկավարումը վստահվում է կնոջը”…
Ավստրալիայի ամենամեծ նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի վարչապետը Գլեդիս Բերեջիկլյանն է
Նա հայ միգրանտների դուստր է, չի համաձայնել պաշտոն ստանալու դիմաց փոխել հայկական ազգանունը: Նրա հայ տատն ու պապը որբացել են 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայերի ջարդերի ժամանակ: Քաղաքացիները պաշտոնը ստանձնելուց հետո էլ նրան տեսել են հասարակական տրանսպորտում՝ 205 համարի ավտոբուսում: Նա կողմ է միասեռ ամուսնություններին: Նահանգում ենթակառուցվածքային ամենամեծ ծրագրերը հենց նրա նախագծերն են: Նա 2011-ին եղել է տրանսպորտի նախարարը: Կողմ է Իրաքի, Սիրիայի փախստականներին աջակցություն տրամադրելուն:
Միջազգային մամուլում Բերեջիկլյանի՝ վարչապետ դառնալուց հետո ուշագրավ տեղեկություններ շատ հայտնվեցին:
ABC–ն այսօր կրկին անդրադարձել է Լիբերալ կուսակցության ներկայացուցիչ Բերեջիկլյանի նշանակմանը, ընդգծելով, որ նա վերջին կինն է, ում իշխանության սանձը վստահում են ճգնաժամային իրավիճակում: Աղբյուրը գրում է, որ հայուհին երկրորդ կինն է, ով գլխավորելու է Ավստրալիայի ամենամեծ նահանգը:
«Հետազոտություններն ու պատմական օրինակների երկար ցանկը ցույց է տալիս, երբ կառավարություններն ու բիզնեսը մտահոգված են, ելքեր են փնտրում կանանց կամ այլ փոքրամասնություններին, օրինակ մաշկի գույն ունեցող մարդկանց նշանակելով»,-նշում է աղբյուրը:
Նման եզրահանգման են եկել 500 ընկերությունների փորձը, որոնք ճգնաժամային իրավիճակում գտնվելով ղեկը վստահել են կանանց: Սա այն դեպքը չէ, որ ապակե առաստաղներ են ճեղքվում, բայց պայքար է ապակե ժայռերի դեմ: Ահա թե ինչ է պատահում, երբ կանայք աճում են նման հանգամանքներում ղեկավարություն ստանձնելու համար:
Այս համատեքստում աղբյուրը հիշեցնում է Ավստրալիայի միակ կին վարչապետ Ջուլիա Գիլարդին, ով արնաքամ եղած քաղաքական դաշտ եկավ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ով հաջորդեց Դեյվիդ Քեմերոնին: Վերջինս հրաժարական տվեց մի կողմ քաշվեց Բրեքսիթից հետո, կառավարության ղեկը ստանձնեց Թերեզա Մեյը:
Մարիս Մեյերը ստանձնեց բազմամիլիարդ դոլարոնց ընկերության՝ Yahoo! –ի ղեկավար պաշտոնը, երբ այն հետ էր մնում Google-ից:
Ավստրալիայի վեց նահանգները 1991-ից ի վեր ընդհանուր առմամբ ունեցել են 35 վարչապետեր, նրանցից հինգն են կանայք եղել, այդ թվում ներառված է նաև Գլեդիս Բերեջիկլյանը:
Եթե կանայք մեծամասամբ արժևորվում են ճգնաժամային իրավիճակներում, ապա հասարակությունը պետք է շարունակի աջակցել կանանց առաջնորդության ներուժին:
Լրագրողները փորձել են Գլեդիսին շփոթեցնել անձնական բնույթի հարցերով
Գլեդիս Բերեջիկլյանը նախքան պաշտոնը ստանձնելը մամուլի ասուլիս է տվել: Հանդիպման ժամանակ ավստրալական լրատվամիջոցները փորձել են Գլեդիսին շփոթեցնել անձնական բնույթի հարցերով:
Լրագրողներից մեկը, ում անունը չի հաղորդվում, Նոր Հարավային Ուելսի վարչապետին մի քանի անգամ հարցրել է՝ արդյոք նա պատրա՞ստ է պատասխանելու իր անձնական կյանքին վերաբերող հարցերին:
«Արդեն շատ տարիներ ես հրապարակային կյանքով եմ ապրում: Վեց տարի ավագ նախարար եմ եղել: Ես ամեն ինչի պատրաստ եմ»,- պատասխանել է նա:
Այս պատասխանից հետո նրան հարցրել են՝ ինչո՞ւ ինքը, ինչպես նաեւ Ջուլյա Գիլարդը, երեխաներ չունի, եւ արդյոք դա կարո՞ղ է անդրադառնալ իր քաղաքական կյանքի վրա:
«Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Ոչ բոլորս ենք կարող ծրագրել, թե մեր կյանքն ինչպես կդասավորվի: Ես շատ երջանիկ մարդ եմ: Եթե ինձ 20 տարի առաջ հարցնեիք՝ իմ կյանքն այսպիսին կլինի՞, ես հավանաբար ուրիշ տեսակ կլինեի: Բայց ես շնորհակալ եմ բոլոր հնարավորությունների համար, որոնք ունեցել եմ: Ցանկանում եմ նաեւ ասել, ոչ այն պատճառով, որ պարտավոր եմ, այլ այն պատճառով, որ ցանկանում եմ, իմ կյանքում ամենամտերիմ մարդիկ իմ ըանտանիքն է: Ես չեմ պատրաստվում որեւէ մեկի մասին դատողություններ անել ըստ անձնական հանգամանքների: Ես այստեղ եմ, որպեսզի բոլորի համար կառավարեմ, եւ հույս ունեմ, որ մարդիկ իմ մասին իմ արժանիքներով կդատեն եւ ըստ այն բանի, թե ինչ կարող եմ անել»,- պատասխանել է 46-ամյա Գլեդիսը:
Մամուլի ասուլիսը մեծ արձագանք է առաջացրել: Ավստրալական որոշ լրատվամիջոցներ գրել են, որ վարչապետը չպետք է հաշվետու լինի իր անձնական կյանքի համար:
Իր հերթին Նոր Հարավային Ուելսի 42-րդ վարչապետ Քրիսթինա Քենիլին լրատվամիջոցներին կոչ է արել սեքսիստական դիտարկումներ չանել:
Բերեջիկլյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետը
Գլեդիս Բերեջիկլյանին՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ երեկ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը.
«Հարգելի տիկին Բերեջիկլյան,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Ողջունելի է, որ Ավստրալիայի հայ համայնքը, ակտիվ ներգրավված լինելով երկրի հասարակական-քաղաքական կյանքում, իր ուրույն նպաստն է բերում տարբեր բնագավառներում Ավստրալիայի զարգացման գործում, որի վկան է Ձեր արգասաբեր գործունեությունը:
Հուսով եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում նոր լիցք կհաղորդվի Հայաստանի և Ավստրալիայի միջև հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես, մեր մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցությանը:
Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ Ավստրալիայի բարեկամ ժողովրդի բարեկեցության և հայ-ավստրալական բարեկամության ամրապնդման»:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 3795