Երբ լույս աշխարհ ես գալիս քեզ այդքան նմանի հետ

Երևանաբնակ երկվորյակները յուրահատուկ ձևով նշեցին  հուլիսի 11-ը՝  Բնակչության համաշխարհային օրը:   Տարբեր տարիքային խմբերի  50 զույգեր՝   ճերմակահեր տատիկներից  մինչև մանուկներ, հավաքվել էին Կասկադում լուսանկարվելու   «The twins. Близнецы» վավերագրական նախագծի շրջանակներում: Նախաձեռնությունը Ելենա Ֆրոլովա – Տրուֆինայինն էր, ով դեռ  2008 թվականից է լուսանկարում տարբեր երկրների երկվորյակներին   «The twins. Близнецы» ֆոտո-գրքի և համանուն  վավերագրական ֆիլմի համար:

 

« Մեր ազգի մեջ չեն եղել երկվորյակներ, ինքս երկվորյակ չեմ , չունեմ երկվորյակ երեխաներ և իմ շրջապատում էլ շատ չի նրանց թիվը, բայց գուցե նախկին կյանքում եղել եմ երկվորյակների աստվածուհին»,-   կատակում է  հեղինակը:

 

 

Ելենան նախագծի շրջանակում արդեն եղել է Ռուսաստանի և Եվրոպայի ավելի քան 40 քաղաքաներում  և պատրաստվում է շրջել աշխարհով մեկ: Լուսանկարներից  յուրաքանչյուրը մասն է դառնում յուրահատուկ ֆոտո-գրքի, ինչպես նաև «The twins. Близнецы» վավերագրական ֆիլմի :

 

«Իմ մոտ այդ միտքը հղացավ, երբ Մոսկվայի մետրոյում հանդիպեցի մոտ 50 տարեկան ոչնչով իրարից չտարբերվող զույգի:  Ի դեպ միայն  լուսանկարի միջոցով են  առավել ակնհայտ դառնում դիմագծային տարբերությունները»,-ասում է նա, նշելով, որ հենց այդ օրվանից  նրա նախասիրությունն է դարձել լուսանկարել ամենատարբեր տարիքի ու մասնագիտությունների երկվորյակների:

 

 

Կասկադում հավաքված երկվորյակների շարքում ամենատարեցը 86-ամյա Ամալյա ու Թամարա տատիկներն էին: Նրանք որքան նման են արտաքնապես , այնքան էլ տարբեր են բնավորության,հետևաբար ընտրել էին տարբեր մասնագիտություններ՝  մեկը կաթնամթերքի որակավորող է, իսկ մյուսը դերասանուհի: Նրանց բազմիցս են շփոթել, որը տարբեր միջադեպերի պատճառ է հանդիսացել, սակայն ինչպես նշեցին նրանց աղջիկները, իրենք երբևէ չեն շփոթվել, որովհետև հարազատ մորը  հնարավոր չէ շփոթել:

 

Ամենակրտսեր մասնակիցները 1.3 տարեկան  Լևոնն ու Դավիթն էին, որոնցից 10 րոպե ավագ Լևոնին առանձնապես դուր չէր եկել լուսանկարվելու գաղափարը և միջոցառման  ողջ  ընթացքում նա չդադարեց լացելը:

 

4 տարեկան Արամի ու Աշոտի մայրը երազել է երկվորյակներ լույս աշխարհ բերել.«Երազում էի և երազանքս իրականացավ.. »,-ասաց նա:

 

Ներկաների համար ուրախ մթնոլորտ ապահովեցին 35-ամյա երաժիշտ եղբայրներ Տիգրան և Վարդան Թադևոսյանները: Նրանք այնքան նման են, որ եղել է դեպք երբ «իրենք իրենց են շփոթել»:

 

Ալինային և Էլինային տատիկն այդպես էլ չի կարողանում տարբերել: Երբեմն նրանց շփոթում էր նույնիսկ մայրիկը և մեկի փոխարեն, մյուսին երկու անգամ էր կերակրում:  Հիմա  նրանք  մեծացել են՝11 տարեկան են, և տանեցիները գրեթե չեն շփոթում, իսկ  դպրոցում նրանք հաճախ են կատակում ու մեկը մյուսի փոխարեն դաս պատասխանում:

 

 

Հետաքրիր բան է՝ ծնվել  քեզ այդքան նմանի  և միաժամանակ  բնավորությամբ շատ տարբեր մեկի հետ:  Մի պահ պատկերացրեցի , թե ինչպես  կփոխվեր իմ   կյանքը եթե երկվորյակ քույր կամ եղբայր ունենայի…

 

 Նինել Հովհաննիսյան

Նայեք նաեւ հեղինակի ֆոտոռեպորտաժը մեր կայքում.

https://archive.womennet.amphotos/

Դիտումների քանակը` 4052

Գլխավոր էջ