Երբ երեխան բռնության է ենթարկվում, իսկ բռնարարը չի պատժվում

«Համարյա ամեն օր պապաս խմած էր, մամայիս ծեծում էր, հենց փորձում էի պաշտպանել՝ ինձ էլ էր խփում»,-պատմում է Աննան, ով վերջերս է չափահաս դարձել, բայց հիշում է՝ մանկության վաղ շրջանից իր ընտանիքում բռնությունն անպակաս է եղել: Թեեւ ինքն ու իրենից մի քանի տարով փոքր քույրը մոր պես աննկարագրելի բռնության չեն ենթարկվել ու հիմնականում դաժան ծեծի միայն ականատեսն են եղել, բայց պատահում էր  հայրը նրանց էլ էր խփում, սպառնում էր՝ կսպանեմ, կմորթեմ՝ ձեններդ բարձրացնեք…

 

«Սկզբում, որ շատ փոքր էինք, հենց մամայիս տանում էր ուրիշ սենյակ, դուռը փակում, իբր թե որ մենք չտեսնենք՝ ոնց է մամային ծեծում, վախենում էինք միջամտել, որովհետեւ սպառնում էր՝ եթե միջամտենք, կամ մեկին զանգենք, կսպանի մամային:

 

Սարսափած դռան հետեւը կուչ եկած ես ու քույրս մտածում էինք՝ խառնվենք՝ կսպանի, չխառնվենք՝ էլի կսպանի: Սկզբում մեջ չէի ընկնում, որ մեր պատճառով մամային ավելի դաժան չծեծի, բայց մի քիչ որ մեծացա, էլ չէի դիմանում, խառնվում էի ու իրա դռբի տակ ընկնում, անխնա խփում էր»,- պատմում է Աննան՝ հուզմունքից ձեռքերը բռունցք արած:

 

Աննան ասում է, որ հայրը հաճախ ծեծի ժամանակ մորը սպառնում էր՝ էրեխեքին կսպանեմ, եթե օգնություն կանչես. Աննա ու քույրն էլ ահաբեկված, անօգնական լսում էին հոր հայհոյանքներն ու մոր լացը, անգամ հոր՝ մորը խփելու ձայները, որոնք, ինչպես Աննան է ասում՝ ամբողջ կյանքում չի մոռանա:

 

Աննան պատմում է, որ դպրոցում դասերի ժամանակ հաճախ ցրված է եղել, չէր լսում, անընդահատ վախվորած մտածում էր՝ «Ասում էի՝ տեսնես էլի ծեծ լինելո՞ւ է, տեսնես՝ որտե՞ղ է, էլի  խմա՞ծ է գալու, ինչքա՞ն խմած, էսօր ինչի՞ն պատրաստ լինենք: Էնքան էր ուղեղս դրանով զբաղված, դասին չէի կենտրոնանում: Քույրս այնքան վախվորած էր ապրում, որ հենց ինքը (նկատի ունի հորը- Ն. Բ) մի բան էր ուզում, խառնվում էր իրար, փորձում էր արագ հրամանը կատարեր, հաճոյանար, որ նա չջղայնանար ու չսկսեր ծեծել»:

 

Աննայի մայրը պատմում է՝ պատահել է, որ աղջիկները վախից ուշաթափվել են. «Ոչ ոք չունեինք, որ օգնության դիմեինք, ոչ բարեկամ, ոչ հարազատ, ոստիականությունն էլ քանի անգամ եկել է, բայց գործ չի հարուցել, իրան ա պաշտպանել: Մի անգամ պուճուրիս նենց ա խփել, էրեխեն թռել էր գլխով հարվածել պատին: Փառք աստծո, լավ են սովորել, Աննաս, էդքանից հետո դասարանի լավագույն աշակերտն էր»:

 

Հիմա Աննան, մայրն ու քույրը ավելի հանգիստ են, նրանց հաջողվել է «փախչել» հորից. «Կանանց աջակցման կենտրոնը» նրանց օգնում է: Կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գեւորգյանն ասում է, չնայած բացառություններ լինում են, սակայն, մեծամասամբ, այն ընտանիքներում, որտեղ բռնություն կա, առավելեւս, եթե երեխաներն են բռնության ենթարկվում, երեխաների մոտ հոգեկան լուրջ խնդիրներ  են լինում, կակազում են:

 

 

«Մենք դեպքեր ենք ունենում, երբւ 16-17 տարեկան աղջիկների մոտ գիշերամիզություն է լինում, ցածր հեմոգլոբին, թերսնուցում, որը տանում է անորեքսիայի»,-ասում է Գեւորգյանը: Նա նկատում է, որ եթե երեխաները բռնության չեն ենթարկվում, միայն ականատեսն են լինում, նրանք եւս բռնության զոհեր են. «Մեր երկրում ոչ միայն կանայք, այլեւ երեխաները պաշտպանված չեն, չի գործում խնամակալության եւ հոգաբարձության  ինստիտուտը:  Ամենակարեւորը՝ երեխաների խնդիրը մի համակարգի վրա ենք դրել, որը նպատակին չի ծառայում, ընտանեկան, երեխաների բռնության դեպքերին հատուկ մոտեցում չի ցուցաբերում: Մենք դեպք ունենք, երբ հայրը հերիք չէ մորը ծեծում էր, երեխային ստիպում էր թքել ու խփել մորը, հետո երեխան վախեցած ու լացելով մորից ներողություն էր խնդրում: Վտանգավոր է նաեւ, երբ կինը բռնարար ամուսնուց բաժանվում է, բայց ասենք՝ տղա երեխային խնամակալության խորհուրդը թողնում է հոր մոտ՝ պատճառաբանելով՝ երեխան է ուզել,  հայրը տուն ունի, հաշվի չեն առնում, որ այդ հայրը խմող է, եւ հոր հոգեբանությամբ էլ տղա երեխան կմեծանա՝ ու հորը կնմանվի, կսովորի, որ, այո, իսկական տղամարդը պիտի կնոջը ծեծի»:   Մի  խոսքով, եզրափակում  է  Հասմիկ  Գեւորգյանը,  Հայաստանում, ըստ էության,  չկա մեխանիզմ, որը ընտանիքներում կպաշտպանի երեխաներին բռնությունից:

 

 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխաների պաշտպանութան ծրագրի համակարգող Հասմիկ Առաքելյանը նույնպես  նկատում է, որ մենք չունենք  համապարփակ ազգային ռազմավարություն, որում մեխանիզմ կլինի երեխաների հանդեպ բռնության բոլոր ձեւերը բացահայտելու, կանխարգելելու եւ ուղղորդելու համար. «Քանի որ ընտանիքը փակ համակարգ է, բռնության դեպքերը մնում են չբացահայտված: Կան հասարակական կարծատիպեր, հաճախ ծեծը, ապտակը երեխայի բռնություն չի դիտարկվում, այլ որպես՝ դաստիրակության միջոց է: Բացի դրանից, բռնությունը կարող է ամենուրեք լինել՝ դպրոցում, ընտանիքում: Հաճախ ծնողների միջեւ միջանձնային հարաբերություններից բխող կոնֆիլկտներից, սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից ելնելով երեխան հոգեբանական բռնության զոհ է դառնում: Հոգեբանական բռնության ձեւերից են, երբ երեխան անտեսվում է, պատշաճ ուշադրության չի արժանանում, նրա կարծքիը հաշվի չի առնում: Բացասական է անդրադառնում երեխաների վրա այն, որ ծնողներից մեկը վնասակար երեւույթներից կախման մեջ է »:

 

Հասմիկ Առաքելյանի խոսքով,  չնայած կառավարությունը բարեփոխումներ է կատարում երեխայի խնամքի համակարգի, ինտեգրված սոցիալական ծառայությունների ոլորտներում, այնուամենայնիվ, կա համապատասխան մասնագետների, մասնագիտական գիտելքիների եւ պրակտիկայի  պակաս՝ բռնության այդ դրսեւորումները բացահայետու հարցում:  Երեխաների պաշտպանության բաժիններն, ըստ Հ. Առաքելյանի, համայնքին մոտ չեն կանգնած, որպեսզի կանխեն, բացահայտեն երեխաների բռնության բոլոր դեպքերը, հատկապես երբ այն ընտանիքում է լինում: «Հաճախ ահազանգերը ստացվում  են հարեւաններից, կամ երբ արդեն քրեորեն պատժելի դեպք է: Ավելի շատ գործ ենք ունենում հետեւանքների, ոչ թե՝ կանխարգելման հետ: Բարեփոխում է կատարվում ինտրեգրված սոցիալական ծառայության ոլորտում, սոցիալական աշխատողները  մանդատ ունեն ընտանիքում բացահայտելու երեխաների բռնությունների դեպքերը, բայց նրանք  ծանրաբեռնված են, չունեն ժամանակ եւ մեխանիզմ, որոշ դեպքերում՝ դեռեւս չունեն մասնագիտական գիտելիքներր  բացահայտելու դեպքերը, գնան տեսնեն՝ այդ ընտանիքում երեխան ինչ տեսակի բռնության է ենթարկվում»:

 

 

Նշենք, որ Երեխայի իրավունքների կոնվենցիայով, որին  Հայաստանը միացել է 1992 –ին, պետությունը պարտավորվում է պաշտպանել երեխաներին ծնողների, օրինական խնամակալների կամ երեխայի մասին հոգ տանող ցանկացած այլ անձի կողմից  ֆիզիկական կամ հոգեկան բռնության բոլոր ձևերից,  վիրավորանքից կամ չարաշահումից, հոգատարության բացակայությունից կամ անուշադրությունից,  կոպիտ վերաբերմունքից  կամ շահագործումից :

 

 

2013-ին Երեխայի իրավունքների  հանձնաժողովը՝  Կոնվենացիայի իրագործման շուրջ  ՀՀ երրորդ և չորրորդ համատեղ պարբերական զեկույցի վերաբերյալ ամփոփիչ դիտարկումներում  մտահոգություն է հայտնել  այն փաստի առնչությամբ, որ  չնայած ՀՀ  Ընտանեկան օրենսգիրքը, եւ  «Երեխայի իրավունքների մասին» 1996-ի  ՀՀ օրենքը պարունակում են ֆիզիկական պատիժն արգելող դրույթներ, կիրարկման մեխանիզմներ չկան, օրենսդրությամբ չեն նախատեսվում պատժամիջոցներ խախտումների դեպքերի համար:  Հանձնաժողովը  կոչ է արել  արագացնելու «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի ընդունումը: Հանձնաժողովն առաջարկել  է՝ առաջնահերթ համարել երեխաների նկատմամբ բռնության բոլոր ձեւերի վերացումը, մշակել համապարփակ ազգային ռազմավարություն երեխաների նկատմամբ բռնության բոլոր ձեւերը կանխելու եւ վերացնելու նպատակով, ընդունել համակարգման ազգային ծրագիր երեխաների նկատմամբ բռնության բոլոր ձեւերի դեմ պայքարելու նպատակով, ընդունել օրենսդրություն, որով ուղղակիորեն կարգելվեն երեխաների նկատմամբ բռնության բոլոր ձեւերը ցանկացած իրավիճակներում:

 

 Նելլի Բաբայան

Դիտումների քանակը` 4611

Գլխավոր էջ