«Երբ աշխատանքդ մասնագիտական հմտություններով չի գնահատվում, այլ կին լինելու հանգամանքով» . Աստղիկի պատմությունը
28 ամյա Աստղիկը (անունը փոխված է) երկու անգամ աշխատանքը կորցրել է, ինչպես ինքն է վստահեցնում՝ սեռային պատկանելիության պատճառով: Մասնագիտությամբ տնտեսագետ Աստղիկն ասում է՝ «Երեւի բախտս չի բերել, որ աղջիկ եմ ծնվել, որովհետեւ երբ աշխատանքդ մասնագիտական հմտություններով չի գնահատվում, այլ կին լինելու հանգամանքով, մտածում ես՝ ա, դե տղա ծնվեի, ամեն ինչ հեշտ կլիներ»:
Տարիներ առաջ Աստղիկն աշխատել է ոչ պետական մի ձեռնարկությունում, որի անունը չի ցանկանում հրապարակենք, ասում է՝ այստեղ ընդունվել է հարցազրույցով, սկզբում անգամ գործավարի աշխատանք է կատարել, հետո՝ հաշվապահին է օգնել.
«Աշխատանքի ընդունվելուց 2 ամիս հետո աշխատողներից մեկը մեկնեց արտասահման, ինձ առաջարկվեց նրա գործն անել, դա իմ մասնագիտությամբ աշխատանք էր: Ես համաձայնվեցի, չնայած ինձ առաջարկվեց ոչ այն չափի աշխատավարձ, որը ստանում էր այդ տղան, որին փոխարինելու էի: Մտածեցի՝ համաձայնվեմ, այդ պահին ինձ համար կարեւորը աշխատանք ունենալն էլ, հետո աշխատանքիս արդյունքները կերեւան, էդ ժամանակ համարձակություն կունենամ ու կխնդրեմ բարձրացնել աշխատավարձս: Ընթացքում աշխատանքիս ծավալներն ավելացան, բայց աշխատավարձս բարձրացնելու մասին տնօրինությունը խոսք չէր ուզում լսել: Ավելի ճիշտ, ասում էր՝ համբերի, կբարձրացնեմ: Մի տարվա ընթացքում մեր ընկերությունը ահագին հաջողություններ ունեցավ, առեւտրի ծավալներն ավելացան, մենք նոր գործընկերներ ունեցանք: Չեմ ուզում անհամեստ լինեմ, բայց դա նաեւ իմ աշխատանքի շնորհիվ էր: Շեֆս էլ խոստովանեց դա: Մի անգամ Նոր տարվա առթիվ պրեմիա տվեց ու էլի խոստացավ աշխատավարձս բարձրացնել: Համբերում էի»:
Մեկ տարուց ավել համբերելուց հետո Աստղիկն ի վերջո դիմում է տնօրինությանը՝ աշխատավարձը բարձրացնելու խնդրանքով, բարձրացնում են, բայց ընդամենը 20 հազար դրամով, մինչդեռ նախկինում նրա զբաղեցրած հաստիքի դիմաց տղամարդ աշխատակիցը, ինչպես Աստղիկն է ասում, մոտ 60 հազար դրամով բարձր էր վարձարտրվում: Աստղիկը պատմում է, որ տնօրինությունը ամեն անգամ պատճառաբանում էր՝ «դե, սկսնակ ես, նոր ես ընդունվել մեր ֆիրմա, մի քիչ էլ աշխատի, տեսնենք՝ եթե լավ ես աշխատում՝ կբարձրացնենք»:
Աստղիկը վստահեցնում է՝ լավ է աշխատել, համենայնդեպս, երբեւէ տնօրենից դժգոհություն չի լսել, նկատողություն չի ստացել. «Որպեսզի ապացուցեմ, որ լավ եմ աշխատում, ես հաճախ սահմանված ժամերից ավել էի մնում գործի տեղը, ավել էի աշխատում, ու լավ արդյունքներ ապահովում: Դա բոլորն էլ տեսնում էին: Մի տարի հետո էլի դիմեցի, աշխատավարձս 20 հազար դրամով էլ բարձրացրեց տնօրինությունը, բայց դրանից հետո նրանց պահանջներն էլ ավելացան, ինձ, բառիս ուղիղ իմաստով՝ լծում էին էնպիսի աշխատանքների, որոնք իմ պարտականություններից դուրս էին, անգամ իմ մասնագիտական գիտելիքներից էլ դուրս: Բայց փորձում էի սեւերս դուրս չգալ, ու, ճիշտ է, ահագին չարչարվելով, դա էլ էի անում»:
Մոտ երեք տարի այս ընկերությունում աշխատելով, մեկ էլ մի օր տնօրինությունը տհաճ անակնկալ է մատուցում. սկզբում այս անակնկալը ընդունելի էր աշխատակիցների համար, որովհետեւ «տհաճ հոտը» դեռ չէր զգացվում:
Աստղիկը պատմում է, որ տնօրինությունը հայտարարեց, թե բոլոր աշխատակիցները պետք է քննություն հանձնեն, հերթով հարցազրույց անցնեն տնօրենի մոտ. «Սա ինձ բացարձակ չանհանգստացրեց, որովհետեւ իմ ուժերի վրա վստահ էի: Հարցազրույցի ընթացքում ինչ հարց ասես՝ տվեց ղեկավարս, անգամ աշխարհագրությունից ու պատմությունից էր հարցեր տալիս, պատասխանում էի, խնդիր չունեի, բայց մի երկու հարց՝ պատմության վերաբերյալ, չկարողացա պատասխանել: Չէի կարծում, թե դա կարող է հիմք լինել իմ մասնագիտական հմտություններն այնքան էլ լավ չգնահատելու համար»:
Այս հարցազրույցի հիման վրա, ինչպես Աստղիկն է ասում, տնօրենն 3 աշխատակցի ազատել է աշխատանքից, իսկ ինքը՝ Աստղիկը շարունակել է աշխատել:
Հետո թափուր աշխատատեղերի համար նոր աշխատակիցներ են ընդունվել: Մի օր էլ տնօրենը Աստղիկին առաջարկում է այլ աշխատանք, ավելի ցածր վարձրատրվող ու ավելի ցածր պաշտոնի. «Համաձայնվեցի, որովհետեւ ընտրության առաջ էին կանգնեցրել, կամ դա, կամ պիտի դուրս գայի: Ես էլ դեռ նոր աշխատանք չէի գտել: Մի քանի օր հետո իմ նախկին հաստիքի տեղը տղամարդ են ընդունել, բայց ասել էին, թե էդ հաստիքը փակում են: Շատ նեղվեցի, բայց ճարս՝ ի՞նչ: Ընդամենը 1 ամիս ձգեցի, չդիմացա ու տնօրենին հարցրեցի՝ թե ինչո՞ւ էդպես վարվեց: Նա էլ թե՝ «դե գիտես, տղեն ընտանիք ա պահում, էրեխեք ունի, դու քո գլխի տերն ես, կարաս քչով էլ յոլա գնաս: Կատաղել էի, կարծես թե ընտանիք չունեմ: Հա, ասենք ամուսնացած չեմ երեխաներ չունեմ, բայց ծնողներ ունեմ, որոնք չեն աշխատում, ես էլ մարդ եմ: Ու գոնե իմանայի լավ չեմ աշխատել, թերացել եմ, գլուխ չեմ հանում էդ գործից: Հիասթափվեցի, մի քանի օրից աշխատանքից ազատվելու դիմումս գրեցի: Տնօրենը ոչ էլ փորձեց արդարանալ, կամ ասենք ասեր՝ նոր աշխատող կընդունենք, նոր կգնաս: Հասկացա, որ իմ տեղը ընդունել է Արամին՝ էդ տղամարդուն, ու իմ կարիքը չունեն»:
Մի քանի ամիս շարունակ Աստղիկը նոր աշխատանք էր փնտրում, գտավ, ու պատմությունը գրեթե մեկը՝ մեկին կրկնվեց. Էլի ավելի ցածր աշխատավարձ ի տարբերություն տղամարդկանց, ու էլի անհավասարություն: «Զարմացել էի, լավ, կարծես թե նորմալ ու մեծ ընկերություն էր, բայց սոցիալական պատասխանատվությունն ու հավասարության գաղափարը չէր գործում: Փորձաշրջանով էի ընդունվել, ու պայմանը՝ այդ ընթացքում ցածր պիտի լինի աշխատավարձս: 1,5 ամիս հետո տնօրենն ասաց, որ չի կարող ինձ ընդունել աշխտանքի: Հետո իմացա, որ այդ շրջանում ինձ հետ մի տղա էր փորձաշրջանով աշխատում, իրեն են ընդունել: Ես անգամ տնօրենին չհարցրեցի էլ՝ ինչո՞ւ չի կարող հենց ինձ ընդունել, վախենում էի պատասխանից»,-պատմում է Աստղիկը:
Հիմա այս երիտասարդ կինն աշխատում է մի փոքր ընկերությունում, որտեղ աշխատակիցների մեծ մասը կանայք են, ասում է՝ աշխատանքն իր մասնագիտությամբ չէ, բայց գոնե մի քիչ հանգիստ է, որ հանկարծ մի օր անակնկալ աշխատանքից չեն ազատի, որովհետեւ նրա փոխարեն տղամարդ պետք է ընդունեն. «Ես զուգահեռ աշխատանք եմ փնտրում, կգտնեմ, չեմ նեղվում, չնայած տղամարդկանց էդ անհասկանալի «սոլիդարությունը» չեմ հասկանում, ախր գործատուի համար պիտի աշխատանքի որակը կարեւոր լինի, ոչ թե աշխատակցի սեռը»:
Ազգային վիճակագրական ծառայության՝ «Աշխատաշուկան ՀՀ-ում 2016» զեկույցի համաձայն, 2014 թվականին տղամարդականց միջին անվանական աշխատավարձը կազմել է 189 868 դրամ, իսկ կանանցը՝ 124 586 դրամ: 2015-ին` տղամարդկանց միջին անվանական աշխատավարձը 204 720 դրամ էր, իսկ կանանցը՝ 135 627 դրամ: Այսինքն՝ տղամարդկանց աշխատավարձը մեկ տարում ակնհայտորեն ավելի շատ է բարձրացել քան կանանցը: Ընդ որում, տղամարդիկ 2014-ին միջինը 65 հազար դրամով բարձր են վարձատրվել, քան կանայք, նույն ցուցանիշը 2015-ին կազմել է 69 հազար դրամ:
ՀՀ Ազգային վիճակագրության վերջին ՝ 2016թ. տվյալներով ՀՀ-ում կանանց միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է տղամարդկանց վաստակի 66.4%-ը կամ վարձատրության գենդերային խզվածքը /տարբերությունը կազմում է 33.6%: Եվ դա այն դեպքում, երբ աշխատանքի շուկայում բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող կանանց թիվն ավելին է քան տղամարդկանց:
Նշենք, որ կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի խզվածքը այս կամ այն չափով առկա է աշխարհի բոլոր երկրներում: Աշխատանքի միջազգային կազմակերպության վերջին տվյալներով այն կազմում է միջինում 23%: Նման անարդարությունը բազմաթիվ այլ պատճառներից բացի բացատրվում է նաեւ սոցիալ-մշակութային բնույթի հանգամանքներով, այն է. գործատուների կանխակալ վերաբերմունքով կին աշխատակիցների հանդեպ ու վերջիններիս ցածր հավակնություններով աշխատավարձի չափի առումով, ինչի մասին կանայք հաճախ չեն էլ բարձրաձայնում:
Մարիամ Հովհաննիսյան
Դիտումների քանակը` 3064