Եվրոպական ու եվրասիական կանոնակարգերի բախում. Ի՞նչ է սպասվում սննդամթերք արտադրողներին

2016 թվականի հունվարի 2-ից տեղական արտադրողների և ներկրողների համար ուժի մեջ են մտնում սերտիֆիկացման նոր ստանդարտները, որոնք բխում են ԵԱՏՄ տեխնիկական նոր կանոնակարգերից: Չափագիտության և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ Լիլի Մախսուդյանը մանրամասնում է, որ հենց այդ օրվանից սկսած սննդամթերքի ու այլ արտադրությունների համար ազգային օրենսդրությունը չի կիրառվելու:  Արտադրությունը պետք է համապատասխանեցվի այն պահանջներին ու նորմերին, որոնք սահմանված են այդ կանոնակարգերով:

 

Մախսուդյանն ասում է, որ ի տարբերություն ԵԱՏՄ մյուս երկրների, Հայաստանին տրվել է արտոնություն, որ  կանոնակարգերը կիրառվեն ոչ թե 2015-ի, այլ՝ 2016-ի հունվարի 2-ից. «որպեսզի մեր արտադրողները, ներմուծողները կարողանան ծանոթանալ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին և պատրաստ լինելու դեպքում այդ կանոնակարգերի ներքո արտադրել արտադրանք ու արտահանել»: ԵԱՏՄ հանձնաժողովի կողմից ընդունվել է 35 տեխնիկական կանոնակարգ, որից 34-ը գործում է նաև Հայաստանում՝ ազգային օրենսդրությանը զուգահեռ: Հունվարի 2-ից կգործեն միայն ԵԱՏՄ կանոնակարգերը:

 

Սա դժգոհություն է առաջացրել տեղական արտադրողների շրջանում:

 

ԳՆ Սննդամթերքի անվտագության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը WomenNet.am-ի հետ զրույցում մանրամասնում է, որ ԵԱՏՄ կանոնակարգերով խստացվել են սննդամթերքի արտադրությանը, հիգիենիկ պայմաններին ներկայացվող պահանջները: Կանոնակարգերի կիրառումը ենթադրում է, որ տնտեսվարողները պետք է նոր փաթեթավորում անեն՝ պահանջվող մակնշումով: Մակնշումն էլ պետք է լինի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների լեզուներով: Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ երկրներ են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը:

 

«Մեր արտադրողն ունեցել է մեկ տարի ժամանակ փոփոխություններին ադապտացվելու համար»,-ասաց Լ. Դավթյանը:

 

Չե՞ն հակասում արդյոք կիրառվելիք կանոնակարգերը եվրոպական չափանիշներին: Ի՞նչ պետք է անի հայ արտադրողը, որ կարողանա նույն արտադրանքն արտահանել ռուսական ու եվրոպական շուկաներ:

 

Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի համար կասկածելի է, որ եվրոպական ու ԵՏՄ կանոնակարգերի ու իրավական այլ ակտերի հարմոնիզացիան կամ մոտարկումը  կստացվի:

 

«Ցանկացած համագործակցություն ենթադրում է նաև իր տեխնիկական կանոնակարգերը: Մասնավորապես ԵԱՏՄ հանձնաժողովը սկսել է մշակել ԵԱՏՄ անդամ երկրների համար սանիտարական ու ֆիտոսանիտարական նորմատիվային բազան, որին պետք է բավարարեն ապրանքները, որպեսզի հնարավոր լինի արտահանել անդամ երկրների շուկաներ: Չեմ կարող ասել, ինչպիսի նորմաներ, տեխնիկական չափորոշիչներ կսահմանվեն, դրանք արդյո՞ք կհամապատասխանեն եվրոպական չափանիշներին, թե՞ ոչ: Դա ժամանակը ցույց կտա: Բայց աայն, որ  ԵԱՏՄ-ն կցանկանա ունենալ իր սեփական տեխնիկական կանոնակարգային բազան, իր սեփական սանիտարական ու ֆիտոսանիտարական նորմերը, դա ակնհայտ է, դա տրամաբանությունն է հուշում»,-կարծիք է  հայտնում նա:

 

Լուսինե Դավթյանն էլ բացատրում է, որ թե ԵԱՏՄ-ի, թե ԵՄ-ի դեպքում համակարգը գրեթե նույն է, այսինքն արտադրանքը պետք է համապատասխանի ցուցանիշներին:

 

«Ընդհանրապես ներմուծման պայմանները սահմանում է տվյալ պետությունը: Եթե խոսքը ԵՄ-ի մասին, ապա պետք է նայել, թե ինչպիսի ապրանք է: Համակարգը գրեթե նույնն է:  Արտադրությանը ներկյաացվող պահանջները թղթի վրա համարյա հավասար են: Բայց ընթացակարգային առումով, էականորեն տարբեր են: Եվրոպական ու Եվրասիական կանոնակարգերն ընթացակարգային առումով սկզբունքային առումով տարբեր են»,-ասում է ծառայության պետի տեղակալը:

 

Նրա ներկայացմամբ, եվրոպական կանոնակարգերը սահմանում են, ճիշտ է վերահսկել հումքն ու գործընթացը, իսկ վերջնական ապրանքը ստուգել որոշակի ռիսկերից ելնելով:

 

«Օրինակ, եթե մարդկանց մոտ ինչ-որ հիվանդության աճ է նկատվում: Ուսումնասիրություն է իրականացվում, գնահատվում է ռիսկը, պարզվում է, սննդի մեջ կա ինչ որ նյութ, որը նպաստում է այդ հիվանդության առաջացմանը: Այդ պարագայում համապատասխան քայլեր են արվում»,-ասաց Լ. Դավթյանը, ավելացնելով, որ պետությունը որոշ ռիսկային ապրանքների մոնիտորինգ է իրականացնում, իսկ ընդհնարապես վերջնական ապրանքի նկատմամաբ վերահսկողություն չկա:

 

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ կանոնակարգերին, ապա ըստ մեր զրուցակցի, այն ասում է, այո արտադրության հիգիենիկ ստանդարտները պետք է լինեն, պետք է պահվեն մանրէաբանական ցուցանիշները, սակայն այն իրականացնում է վերջնական արտադրանքի մոնիտորինգ և նմուշառում:

 

«Ընդ որում, երկու դեպքում էլ վերցվում են ամենախիստ ցուցանիշները, ինչը մենք փորձեցինք անել հարմոնիզացիայի ժամանակ: Մի խոսքով, համապատասխանությունն ապահովված է, եթե իհարկե տնտեսվարողը բարեխիղճ է»,-նշում է նա:

 

Լ. Դավթյանի խոսքով, եվրոպական ու ռուսական շուկաներ միաժամանակ արտահանել ցանկացող  արտադրողը պետք է կարողանա փաթեթավորման հարց լուծել, այս անգամ մակնշումը պետք է լինի ոչ թե հինգ, այլ մի քանի տասնյակ լեզուներով:

 

«Եվրոպական պիտակավբորումը պահանջում է, որ ԵՄ անդամ բոլոր երկրների լեզուներով լինի մակնշում, նույնը պահանջում է՝ ԵԱՏՄ-ն: Այսինք, եթե խոսքը արտադրանքի համապատասխանության մասին է, այո հնարավոր է, իսկ պիտակավորման առումով մի քիչ բարդ է»,-ասաց նա:

 

Ամեն դեպքում, ՍԱՊԾ պետի տեղակալն այն կարծիքին է, որ նոր կանոնակարգերի կիրառումը չի բերի  սննդամթերքի արտահանման ծավալների նվազման. «Ովքեր ի վիճակի են նման ստանդարտներով արտադրանք տալ, կարող են նաև արտահանել: Չեմ կարծում, որ դա կբերի արտադրության ծավալների նվազման: Ի վերջո, քաղաքականությունը լավ բան է, բայց անվտանգությունը կարևորագույնն է»:

Հ. Կարապետյան

 

 

Դիտումների քանակը` 3673

Գլխավոր էջ