Եվրոպական բանկը ձեռք է մեկնում հայ գործարար կանանց
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն արդեն շուրջ 5 տարի Հայաստանում իրականացնում է «Գործարար կանայք» ծրագիրը, որ ֆինանսական աջակցություն ու խորհրդատվություն է տրամադրում գործարար կանանց: Ծրագիրն ամփոփել է առաջին փուլն ու պատրաստում հաջորդը: Գրանցած արդյունքների վերաբերյալ զրուցել ենք ծրագրի համակարգող Զառա Օհանյանի հետ:
-Ինչպե՞ս և ե՞րբ մեկնարկեց ծրագիրը, ի՞նչ բյուջե ունի, ո՞ր երկրներում է իրականացվում:
-Հայաստանում ծրագիրը մեկնարկել է 2015-ին, Արևելյան գործընկերության երկրներում 2014թ.-ին՝ ընդհանուր 150 մլն եվրո բյուջեով, որ ներառում է ինչպես տեխնիկական աջակցություն, այնպես էլ ֆինանսավորման հնարավորություն բանկերի միջոցով, որոնց պարագայում ՎԶԵԲ-ն է ապահովվում տրամադրվող վարկերի որոշակի տոկոսի մարման ցածր կատարմամբ առաջացող առաջին կորստի վերադարձը:
Ծրագիրը երկու փուլով է: 2014-2018թթ. առաջին փուլն էր, որ բարեհաջող ավարտվեց, գնահատեցինք արդյուքները և դրանց հիման վրա սկսվեց 2019-2023թթ.երկրորդ փուլը՝ առաջին փուլում հաջողված մոտեցումների պահպանմամբ: Դոնորներն են ՎԶԵԲ-ը, EU4Business (ԵՄ-ը հանուն բիզնեսի) նախաձեռնությունը, Շվեդիան և Փոքր բիզնեսի աջակցման ֆոնդը:
-Ինչպե՞ս կարելի է բնութագրել հայ գործարար կնոջը:
-«Գործարար կին» մեր ծրագրում համարվում է փաստաթղթավորված գործադիր մարմինը, որն իրականում իրականացնում է բուն օպերացիոն գործունեությունը: Տարիքային առումով մեր շահառուները տարբեր են՝ 19-20 տարեկանից մինչև 75-80 տարեկան կանայք, ընդամենը մեկ ամիս առաջ բացված ընկերություններից մինչև տարիների փորձ ունեցող բիզնեսներ: 250-ից ավելի շահառու արդեն ունեցել ենք 2015-ից:
Շատ հետաքրքրական է, որ ոլորտային առումով միայն կարծրատիպային չի ընդգրկումը: Զուտ կանանց համար բնորոշ համարվող, ասենք, սպասարկման ոլորտից բացի կան այլ բնագավառներ ևս՝ տեխնիկական լաբորատորիաներ, արտադրություններ և այլն: Գրեթե բոլոր կին գործարարների համար ընդհանրական է, որ նրանք նպատակասլաց են, շատ պատասխանատու, պատրաստ են ինքնաիրացման ու կայացման: Բոլորի դեպքում չէ, որ բարձրագույն կրթությունն է տարել դեպի գործարարություն: Շատ կանայք բիզնեսով զբաղվել են կարիքից ելնելով, երբ ամուսինները արտագնա աշխատանքի են, մնացել են մենակ, ստիպված սկսել են փոքր արտադրությունից՝ աճելով դարձել կայացած ու զարգացող բիզնես:
-Որո՞նք են ծրագրի առանձնահատկությունները Հայաստանում, ինչո՞վ ենք տարբեր ու նման այլ երկրների:
-Ծրագիրը հիմնական երկու բլոկ ունի՝ ֆինանսավորում և խորհրդատվություն: Ֆինանսավորման մասով աշխատում ենք տեղական բանկերի հետ, տրամադրում վարկային գծեր, որոնք հետագայում բանկերի կողմից բաշխվում են հենց կին ձեռներեցներին: Այս պահին 4 բանկի՝ Ամերիայի, Արարատբանկի, Հայէկոնոմբանկի ու ԱԿԲԱ-ի հետ ենք համագործակցում: Բանկերը ևս պատրաստակամ են շարունակելու՝ առաջին փորձից հետո, քանի որ դիմել են 2-րդ, 3-րդ տրանշների համար:
Երբ սկզբում դիմում էինք բանկերին, նրանց պատկերացմամբ՝ կին գործարարներին տարբերելու հարց չպետք է լիներ: Բայց երբ մեր արտաքին փորձագետերն ուսումնասիրեցին առկա տվյալները, տեսանք, որ անվճարունակ վարկերը կանանց դեպքում շատ ավելի ցածր տոկոս են կազմում, քան տղամարդկանց, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, թե ինչքան պատասխանատու են կանայք: Ուստի բանկերն էլ համաձայնեցին գործարար կանանց համար վարկային գծով աշխատելու:
-Հատկապես ի՞նչ աջակցություն է տրամադրվում Հայաստանում գործարար կանանց, ո՞ր որոլտներն են այդ առումով առաջնային:
-Դասընթացները և սեմինարներըամենաուժեղ ու պահանջված հատվածն է, որ ներառում է հինգ տիպային դասընթացներ. ամենակիրառելի՝ թվային մարքեթինգ, ֆինանսներ, ՏՀՏ-ը բիզնեսում, մարդկային ռեսուրսների կառավարում և առաջնորդություն: Նյութերը ներկայացվում են երկու տեղական փորձագետի կողմից, որոնցից մեկը հենց բիզնեսում ներգրավված կին է: Կին գործարարների համար հասանելի են նաև մենթորինգ, քոուչինգ, խորհրդատվական ծրագրեր՝ տեղական խորհրդատվական ընկերությունների միջոցով: Խորհրդատվական ծրագրերի մինչև 70 տոկոսը դրամաշնորհային է: Ամենաշատը մեզ դիմում են մարքեթինգային խորհրդատվություն ստանալու համար, որ կարճաժամկետ է, տեսանելի, իրացման խթանման համար առաջնային:
-Ի՞նչ հիմնական խնդիրներ կան, որոնց հանդիպել եք ծրագրի իրականացման ընթացքում:
-Քանի որ շուկան փոքր է, հաճախ արտաքին խորհրդատվության դիմելու անհրաժեշտություն փոքր բիզնեսը չի տեսնում: Սակայնահատկապես արտահանման ներուժ ունեցող ընկերությունների դեպքում մեր խորհրդատվությունից օգտվելը բերում է տարբեր ցուցանիշների բարելավմանն ու առաջընթացի: Թերևս մարտահրավեր է այն, որ որոշակի ստագնացիայի փուլում գտնվող ընկերությունները, որոնք աշխատում են որոշ կայուն եկամտով, դրանով բավարարվում են ու փոփոխությունների չեն ուզում գնալ:
Նաև խնդիր է նեթվորքինգը, շփումը, քանի որ երեկոյան ժամանակ տրամադրելու հարցում էլ դեռ մնում է մոտեցումը, որ կանայք աշխատանքային ժամերից հետո տանը պետք է լինեն, երեխաների հետ: Այդուհանդերձ,մեր ծրագրերին մասնակից կանայք հիանալի հատկություններ են դրսևորում. ի տարբերություն տղամարդկանց, մեր կին գործարարները շատ են միմյանց աջակցում, մրցակցային չեն մոտենում, տարածում են միմյանց վերաբերյալ տեղեկությունները: Այսինքն՝առցանց բավականին ակտիվ, համագործակցային են, բայց օֆլայն դեռևս դժվարություններ կան:
-Ի՞նչ սպասեն գործարար հայ կանայք ծրագրի ապագա ընթացքում կամ հեռանկարում:
-Նախորդ փուլի ամբողջ գործիքակազմը հասանելի է նաև մինչև 2023թ.: Մենք, օրինակ, ունենք օնլայն հարթակ՝ Գործարար ոսպնյակներ, մեր կայքում այն անվճար հարցաշար է, ցանկացած կին գործարարկարող է իր բիզնեսի մասին լրացնել 100 հարցի պատասխան և պատկեր ստանալ բիզնեսի մասին, համեմատություն տեղական բիզնեսի ու միջազգայինի հետ: Գործիքն, ըստ էության, վերլուծում է կին գործարարի բիզնեսը՝ բացերը տեսնելու, հասկանալու նպատակով, թե կազմակերպության որ հատվածում ինչն է արդյունավետ, ինչը՝ ոչ: Եվ այդ զեկույցով էլ կարող է կին գործարարը մոտենալ մեր գործընկեր բանկեր, նաև դիմել ՎԶԵԲ հասկանալու,թե խորհրդատվական բազմատեսակ գործիքներից որոնք են առավելապես անհրաժեշտ տվյալ դիմումատուին:
Պոտենցիալը շատ մեծ է, միջազգային տարբեր ֆինանսական հաստատություններ հետաքրքրված են գենդերային հարցերով, և եթե նախկինում դրանք սոցիալական ծրագրեր էին, այժմ ավելի շատ զարգացման: Ներկա դրությամբ մենք տարբեր գործընկերների ներկայացնում ենք մեր ծրագրերը, որպեսզի մյուս կազմակերպխությունների հետ չկրկնենք, այլ փոխլրացնենք կամ համատեղ իրականացնենք տարբեր ծրագրեր: Շուկան դեռ շատ մեծ է, նման ծրագրերի կարիք կա, փաստը, որ տարբեր կառույցներ ու բանկեր անդրադառնում են թեմային, արդեն իսկ ցույց է տալիս, որ անելիք շատ կա, գործունեության դաշտ՝ առավել ևս:
Հետաքրքրական վիճակագրություն ծրագրի արդյունքների վերաբերյալ.
- Ծրագրի շահառուների 93 տոկոսը գրանցել է շրջանառության աճ, ընդ որում՝ միջինը մոտ 70 տոկոսով
- Աշխատանքի արդյունավետության բարձրացում 84 տոկոսով (միջինը՝ 47 տոկոս)
- Աշխատողների թվի 55 տոկոսով ավելացում (միջինը՝ 15 տոկոս)
- Ֆինանսների հասանելիություն է ստացել մոտ 31 տոկոսը
- Շահառուների 23 տոկոսը գրանցել են արտահանման մեծացում:
Դիտումների քանակը` 2866