Եվս մեկ կին հրաժարվեց պայքարից

Ընդամենը մի  քանի օր առաջ են տեղի  ունեցել մարտի 9-ի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների  գրանցումը, որոնց թվում կան  նաև կանանց անուններ, սակայն արդեն արձանագրվում են  կորուստներ: Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի միակ կին համայնքապետ` Աղավնավանքի գյուղապետ Վարդուշ Ներսիսյանը, ով  2003-ից ղեկավարում է համայնքը, որոշել է այս անգամ այլևս չառաջադրել իր թեկնածությունը` պատճառաբանելով, թե մարզում միակ կին համայնքապետն ինքն է և տեսնելով, որ կանայք ակտիվ չեն առաջադրումներում, նա էլ որոշել է հրաժարվել: WomenNet.am-ը պարզեց, որ դեռ նախընտրական քարոզարշավը չմեկնարկած ընտրապայքարից հրաժարվել է ևս մեկ այլ կին թեկնածու` Սյունիքի մարզի Ալվանք գյուղի բնակչուհի Ծովինար Գրիգորյանը, ով օրեր առաջ առաջադրել էր թեկնածությունը և պատրաստվում էր պայքարել համայնքի ղեկավարի պաշտոնի համար:

 

«Նախօրեին ներկայացրել եմ իմ ինքնաբացարկը, որովհետև զգացի, որ չեմ կարող հաղթել, անիմաստ եմ գտնում պայքարել»,- նշեց Ծովինար Գրիգորյանը:

 

Ճշտող հարցին` չի կարող հաղթել տղամարդ մրցակիցներին, այդ թվում և գործող ՀՀԿ-ական  համայնքապետին, թե խնդիրը իր  ռեսուրսներն են` համագյուղացիները չեն ճանաչում, նա բավականաչափ պատրաստված չի և այլն, Ծ.Գրիգորյանը նշեց, որ խնդիրն իր մեջ չէ.

 

«Մարդիկ ինձ լավ ճանաչում են, վստահում են: Բայց ես հասկացա, որ գործող գյուղապետը, որ երկար տարիներ է ղեկավարում է համայնքը, իր կողմնակիցները ավելի շատ են… հազար ափսոս, համաձայն եմ, բայց ուրիշ բան չէր մնում անելու»,- ասաց նա: Նա նաև հերքեց, որ իր ինքնաբացարկը, այն էլ այս փուլում, ճնշումների արդյունք է.

«Նման բան չի եղել: Ես երևի թե չհաղթեի.. այնպես որ ինձ սպառնալը անիմաստ էր»,- ընդգծեց նա:

 

 

Նշենք, որ Ալվանքի համայնքապետի պայքարի համար առաջադրվել է երեք թեկնածու` ՀՀԿ-ական գործող համայնքապետ Վարուժան Թումանյանն ու ՀՀԿ-ական Էվրիկ Առուստամյանը, նաև ԲՀԿ-ական Արտակ Մովսիսյանը: Վերջինիս անունը, ի դեպ, կապում էին Ծովինար Գրիգորյանի անվան հետ, լուրեր էին շրջանառվում, որ նրանք ազգականներ են և հենց Ա.Մովսիսյանն է հորդորել 32-ամյա Ծովինարին առաջադրել իր թեկնածությունը ևս: Սակայն մեզ հետ զրույցում Ծ.Գրիգորյանը հերքեց այդ լուրերը.

 

«Շատ հոդվածներ եղան, որ ես ԲՀԿ-ական եմ, կուսակցության հետ կապ ունեմ, բայց ես ուզում եմ ասեմ, որ ընդհնարպաես կուսակցական չեմ: Ժողովուրդը այստեղ հիմնականում ՀՀԿ-ի կողմից է, քանի որ գյուղապետն է ՀՀԿ-ից…. Դա մեծ նշանակություն ունի իրականում, որովհետև լավ, թե վատ, բայց մարդիկ աշխատում են այս կառավարության հետ և չգիտեն, որ կառավարությունը փոխվի ինչ է իրենց սպասելու: Ես անկուսակցական եմ, ինձ համար մեկ են կուսակցությունները, ավելի կարևոր է այն, որ ես հայ եմ… բայց սենց ստացվեց, ի՞նչ ասեմ»,- նշեց նա ու հավելեց, որ իր որոշումը, այդուհանդերձ, ճիշտ է, քանի որ դժվար նա կարողանար հեղափոխել համագյուղացիներին, ովքեր հարմարվողականությանն են նախապատվություն տալիս…

 

Էնզելա Մակարյան

Դիտումների քանակը` 3030

Գլխավոր էջ