Ես  իմ  հայրենիքում  փախստական  չեմ

Սիրիայում  ծագած  քաղաքացիական  պատերազմից  թեև անցել էր մեկ  տարի , այնուհանդերձ  բնակչությունը  համոզված էր, որ այն  երկար  չի տևելու: Իսկ երբ մեկ տարի անց՝  2012 թվականի սեպտեմբերին  Լուսիկ Պարսումյանն ամուսնու՝ Արման Չիրիշյանի և 3-ամյա դստեր հետ անձնագիր ստանալու և  հայրենիքին  ծանոթանալու նպատակով  այցելեց Հայաստան,  հավանաբար չէր  մտածում, որ  Հալեպ վերադառնալու  ճանապարհն իրենց ու  հազարավոր  սիրիահայերի համար  փակվելու է անորոշ ժամանակով: Ծննդավայրից  ստացվող  լուրերը  մտահոգիչ էին, Հալեպում  մնացած  բարեկամներից  տեղեկանում էր, որ պատերազմի  շունչն աստիճանաբար մոտենում է կայարանի շրջակայքում  գտնվող  հայկական  թաղամասին, որտեղ  իրենց  տունն էր, և որ   ամուսնու ոսկերչական  իրերի  խանութը նույնպես  վտանգված է: Հարկավոր էր  համակերպվել  նոր միջավայրին: Երիտասարդ ամուսինների համար որոշում  կայացնելը թեև դժվար էր, սակայն ապագայի  հանդեպ   հույսը չկորցնելու  բնածին  հատկությունն ու լավատեսությունը օգնեց  նրանց  արագ  կողմնորոշվել՝ մնալ  և ապրել Հայաստանում,  հատկապես, որ հայրենիքում  ծնվել էր որդին՝ Ժոզեֆը: Այսօր արդեն  Երևանի Մաշտոցի 10 հասցեում գտնվող  ընդարձակ ու լուսավոր  բնակարանում  ընտանիքն ապրում է  խաղաղ  կյանքով:

 

Ամուսինը՝ Արմանը  Վերնիսաժում վաճառում է  իր պատրաստած արծաթե  զարդերը: Շփվող,  բարեկիրթ ու ժպտադեմ Արմանը իր վարվելակերպով մեծ հեղինակություն ու  հարգանք է  վայելում նոր ընկերների ու այցելուների  շրջանում: Երբ  համոզվեց, որ  ետդարձի  ճամփան առայժմ  տեսանելի չէ, արագ  գործի անցավ: Ընտանիքին  պահել էր  պետք,  կարեկցանք ու  խղճահարություն  չհանդուրժող Արմանն աշխատում է  մինչ ուշ գիշեր,  իսկ ողջ օրը, առանց  հանգստյան  օրի Վերնիսաժում առևտուր է անում:

 

Անգործ չէ  նաև Լուսիկը: Հայաստանում  մնալ ու որոշում  կայացնելուց  օրեր անց նա արդեն հաշվապահի աշխատանք էր  գտել  կազմակերպություններից  մեկում: Պրպտող ու անհանգիստ  միտքը  գտել և մասնակցում էր սիրիահայերի  հարցերով  մտահոգ մի շարք  կազմակերպությունների կողմից  /ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, Կազա հիմնադրամի,  Կլոր սեղան հիմնադրամի  և այլն/ կազմակերպած խոհարարական դասընթացներին: Լուսիկը  միշտ երազել էր զբաղվել  խոհարարությամբ ու հիմա առիթն  օգտագործելու  լավագույն  պահն էր: Այսօր  նրա պատրաստած գեղեցիկ  ձևավորված  տորթերի ու քաղցրավենիքի համին ծանոթ պատվիրատուները «հանգիստ» չեն տալիս  նրան: Առայժմ աշխատում է  տանը,  ձգտում է ունենալ սեփական  խանութ, քանզի  գտնում է, որ եթե  հաջողակ ես,  ուրեմն հարկավոր է  միայն  հավատալ դրան ու առաջ շարժվել: Դեռևս Հալեպում Լուսիկը պատրաստում էր զարդեր,  բիժուտերիա, սակայն այսօր  համոզված է, որ Հայաստանում իր  խոհարարական  հմտություններով ավելի արագ  կկայանա: Այդպես էլ  կա: Լուսիկն ամուսնու հետ հաճախ է  մասնակցել սիրիահայերի համար կազմակերպվող ցուցահանդեսներին, ձեռք  բերել  ճանաչում,  ավելացրել  պատվիրատուների  քանակը:

 

Առօրյա  հոգսերով  տարված Լուսիկն այնուհանդերձ չի  մոռանում  աշխարհի  գեղեցիկ ու հարուստ  քաղաքներից  մեկը՝ Հալեպը, որտեղ ծնվել, կրթվել, սիրահարվել է ու ամուսնացել, որտեղ  ծնվել է իր  առաջնեկը, քաղաք, որին  շատ է կարոտում:

 

-Արդեն  5 տարի  և  2 ամիս է,  որ ապրում ենք Հայաստանում: Չեմ  գտնում, որ  իմ  հայրենիքում ես  փախստական  եմ,  մի քիչ ցավով եմ  ընդունում, երբ սիրիահայերին  փախստական են համարում: Թեև դրանում  ճշմարտություն կա, բայց միևնույն է, նեղսրտում եմ: Սիրիան  ծննդավայրս է, Հայաստանը՝  հայրենիքս, բայց  գիտե՞ք որքան  քաղցր է  վերադառնալ այն հողը, որի վրա առաջին քայլերդ ես արել, որտեղ զգացել ես  հողի  ջերմությունը: Ես  հույս ունեմ, որ  վաղ թե ուշ  կոտնեմ Հալեպի  հողը:  Հալեպում շատ բան  կորցրի, սակայն  գտել եմ  նորը, ու եթե  պիտի ապրեմ, ապա՝  Հայաստանում,  ես  ի՞նչ եմ  կորցրել Եվրոպայում կամ  մեկ այլ  վայրում,-ասում է Լուսիկը:

Հաղորդակցվելիս  Լուսիկն ամենևին չի  նեղվում,  նրա  քաղցրահունչ արևմտահայերենը կարելի է լսել անընդմեջ, տիրապետում է  անգլերենին, որոշ ժամանակ  հաճախել է  ռուսաց  լեզվի դասընթացների: Վերնիսաժում  այցելուների  հետ  շփման արդյունքում Արմանը հրաշալի  խոսում է  երեք  լեզուներով: Դուստրը՝ Ալիքը սովորում է  3-րդ դասարանում, գերազանց գնահատականներով, դասարանում  քչերը գիտեն, որ  նա սիրիահայ է, քանի որ խոսում է  գրական  արևելահայերենով: Իսկ փոքրիկ Ժոսեֆի զրույցը ընտանիքում թերևս թռչնի դայլայլից էլ հաճելի  է:

 

Այս  լուսավոր ու աշխատասեր ընտանիքը հարգված ու  սիրված է  նաև շենքի բնակիչների  կողմից,  վկա  դժվարություններից  չընկճվող ու փյունիկի  նման վեր հառնող  ընտանիքի  վերաբերյալ հարևանների կարծիքն ու գնահատանքը:

 

-Չպետք է սպասել, որ  հեշտ, թեթև ու ավելի լավ  կլինի: Նման  բան  չկա: Դժվարություններ  միշտ էլ  լինելու են: Բայց  պետք է սովորել ու կարողանալ  երջանիկ  ապրել այստեղ ու  այսօր: Վաղը  կհաջողվի՞ տեսնել Հալեպը,  լավ, հակառակ  դեպքում ես  դարձյալ  իմ  հողի  վրա եմ ու արմատներս կշարունակեն զավակներս,- համոզված ասում է  Լուսիկը:

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 4928

Գլխավոր էջ