ԵՊՀ-ում կայացավ «Կանայք, առաջնորդությունը և հասարակությունը» գիտաժողովը
ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի նախաձեռնությամբ հունիսի 10-ին կայացավ «Կանայք, առաջնորդությունը և հասարակությունը» խորագրով երկրորդ տարեկան միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին ոչ միայն տեղական փորձագետները, այլ նաև Ռուսաստանից, ԱՄՆ-ից ,մասնավորապես Արիզոնայի համալսարանից, Ուկրաինայից, Լիտվայից ժամանած մասնագետները:
«Մեր կենտրոնի կողմից կազմակերպված առաջին գիտաժողովը նվիրված էր աշխատանքային շուկայում կանանց հիմնախնդիրներին, այս անգամ փորձելու ենք գնահատել կանանց առաջնորդության զարգացման միտումները տարբեր ոլորտներում՝ բացահայտելով կանանց առաջխաղացմանը խոչընդոտող իրավական, տնտեսական, և սոցիալ-մշակութային պատճառները: Իհարկե կանանց առաջնորդության հարցում խնդիրներն առկա են ողջ աշխարհում, սակայն Հայաստանում դրանք ավելի շատ են: Ինչպես ցույց են տալիս հանրապետությունում կատարված հետազոտությունները կան թաքնված խորը` սոցիալ-հոգեբանական, մշակութային խնիրներ: Կփորձենք նաև նախանշել այդ խնդիրների լուծումները», – WomenNet.am- ի հետ զրույցում ասաց ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանը:
Գիտաժողովում ներկայացված էին ավելի քան 20 զեկույցներ: Բանախոսները դիտարկեցին և վերլուծեցին կանանց առաջնորդության խնդիրներն տարբեր ոլորտներում`աշխատանքի շուկայում, բիզնեսում, քաղաքականության մեջ, լրատվական դաշտում: Զեկույցներից շատերում անդրադարձ էր կատարվել հատկապես քաղաքականության մեջ գենդերային կարծրատիպերի դրսևորումներին:
ԵՊՀ Քաղաքակրթության և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Աննա Գևորգյանը ներկայացրեց Գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը արդի Հայաստանի կին քաղաքական գործիչների ելույթներում» հետազոտության բավականին ուշագրավ արդյունքները:
«Երբ մեր կին նախարարներից մեկին հարցնում են, որ արդյո՞ք կարծում եք, որ կա գենդերային խտրականություն մեր երկրում և ոտնահարվում են կնոջ իրավունքները, նա զարմանքով պատասխանում է. «Չկա՛ կնոջ իրավունք, կա մայրանալու իրավունք… » , – մեջբերելով այս պնդումը Աննա Գևորգյանը նշեց, որ հետազոտության շրջանակներում կատարված կին քաղաքական գործիչների ելույթների ու հարցազրույցների բովանդակային վելուծությունը բացահայտեց , թե ինչպես են նրանց միջոցով վերարտադրվում ու ամրապնդվում ամենատարբեր գենդերային կարծրատիպերը և, առաջին հերթին, «կնոջ» և «քաղաքականության» անհամադրելիության մասին հայտնի կարծրատիպը:
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե կինը չի կարող միևնույն ժամանակ լինել և կին, քաղաքական գործիչ: Կարծես թե Հայաստանում «կին լինելը» առանձին մասնագիտություն է և դրա համար հարց է առաջանում՝ թե ինչպես կարելի է երկու մասնագիտություն համատեղել: Հետաքրքիրն այն է, որ մեր կին քաղաքական գործիչները չեն զարմանում այս հարցադրումից և չեն էլ փորձում փշրել կարծրատիպը: Ավելին, նրանք փորձում են ցույց տալ, թե ինչպիսի հերոսական ջանքեր են պահանջվել իրենցից այս երկու «մասնագիտությունները» համատեղելու համար` մնալով և՛ կին, և՛ քաղաքական գործիչ», – մեկնաբանեց Աննա Գևորգյանը, նկատելով, որ տղամարդկանց դեպքում նման հարցադրումներ չեն առաջանում, այսինքն, ոչ մեկի մտքով չի անցնում հետաքրքրվել նրանցից՝ ինչպես են համատեղում տղամարդ լինելը քաղաքական գործունեության հետ: Ու եթե տղամարդկանց դեպքում նման հարցը անհեթեթություն է թվում, ապա կանանց նման հարցերը պարտադիր տալիս են, կանայք էլ , իրենց հերթին, ջանասիրաբար պատասխանում են…
Աննա Գևորգյանի խոսքով այս հետազոտության մտահաղացումը իրեն մոտ առաջացավ այն ժամանակ, երբ կին պատգամավորներից մեկը՝ պատասխանելով այն հարցին, թե դժվար չ՞է արդյոք լինել կին, միևնույն ժամանակ քաղաքական գործիչ, ասաց . «Քաղաքականությունը կնոջ համար ամուսնության նման է. երկու անգամ ավելանում են պարտականություններդ և կիսով չափ նվազում իրավունքներդ»…
Հետազոտողի կողմից մեկ այլ կարծրատիպ էլ ներկայացվեց. բոլոր այն հատկանիշները, որ անհրաժեշտ են քաղաքական գործչին` տղամարդկային հատկանիշներ են համարվում: Կին քաղաքական գործիչների կողմից այս կարծրատիպն վերարտադրվում է հետևյալ կերպ` ընդգծում են, որ համառությունը կամ խոսքի տեր լինելու հատկանիշները ժառանգել են իրենց հորից: Իսկ մորը անդրադառնալիս նշում են. «Այնքա~ն խելացի կին էր, որ թույլ էր տվել հորս զբաղվել կարիերայով կամ քաղաքական գործերով, և ընտանիքի ողջ հոգսը վերցրել էր իր վրա»:
«Ըստ էության նրանք ամրապնդում են այն կարծրատիպը, որ կնոջ դերը, նրա խելացիությունը և իմաստությունը սահմանափակվում են նրանով, որ նրանք կարողանում են թույլ տալ իրենց ամուսնուն զբաղվել քաղաքականությամբ»,- նկատեց հետազոտողը:
Հետաքրքիր զեկույցներով հանդես եկան կանանց առաջնորդության վերաբերյալ խորքային հետազոտություններ կատարած փորձագետներ ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից և Լիտվայից : Հատկանշական էր նաև, որ մի շարք զեկույցներում կանանց առաջնորդության խնդիրներին անդրադարձը կատարվեց պատմական ամենատարբեր ժամանակաշրջանների համատեքստում՝ սկսած Հին Եգիպտոսից և Սեֆյան Պարսկաստանից մինչ մեր օրերի Ճապոնիա, Իսպանիա, ԱՄՆ , Հայաստան…
Լիանա Սարգսյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Միգրացիայի խնդիրները ՝ գենդերային տեսանկյունից
Նուշիկն ու Աննան լավ գիտեն, թե որն է կնոջ զբաղմունքը…
ԵՊՀ-ում բացվեց Գենդերային Հետազոտությունների և Սռաջնորդության Կենտրոն
Դիտումների քանակը` 4135