Ելենա Նալբանդյան. «Եթե պայքարում ես՝ հնարավոր է, որ պարտվես, բայց եթե չես պայքարում՝ դու արդեն պարտված ես»
Ելենա Նալբանդյանը 8 տարի արտերկրում ապրելուց հետո 2007 -ին վերադարձել է Հայաստան: Ավարտել է Միջազգային ակադեմիական ինստիտուտը: Մասնագիտությամբ ֆինանսիստ Ելենան այժմ աշխատում է գովազդային ընկերությունում՝ որպես փոխտնօրեն: Նա ընդգրկված է Հայ ազգային կոնգրեսի` Երևանի ավագանու ընտրությունների ներկայացրած նախընտրական ցուցակի 14-րդ հորիզոնականում: WomenNet-ի զրույցը նրա հետ սկսվեց ավանդական հարցից ՝ ինչո՞ւ որոշեցիք քաղաքականություն մուտք գործել:
– Քաղաքական գործունեությունը սկսել եմ 17 տարեկանից, հայրենիք վերադառնալուց հետո: Երբ տեսա Հայաստանի անմխիթար վիճակը, հիասթափված մարդկանց՝ միացա Կոնգրեսի շարժմանը: Գնում էի Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին, որտեղ բարձրաձայնվում էր Հայաստանում առկա բոլոր խնդիրների մասին: Դրանից հետո սկսեցի մասնակցել բոլոր հանրահավաքներին, ակցիաներին, քաղաքացիական շարժումներին, այնուհետև դարձա ՀԱԿ անդամ:
Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ապա այս անգամ ՀԱԿ-ը որոշեց հանդես գալ նոր ֆորմատով` ավելի շատ երիտասարդներ ընդգրկելով նախընտրական ցուցակում: Իրականում մեր նախընտրական ցուցակում հիմնականում երիտասարդներ են ներկայացված:
– Ծանո՞թ եք մայրաքաղաքի խնդիրներին և ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը Երևանի ավագանու կազմում:
– Ես մայրաքաղաքի խնդիրներին շատ լավ ծանոթ եմ: Այսօր թիվ մեկ խնդիրը մայրաքաղաքում իրականացվող ծառահատումներն են և կանաչ տարածքներում կառուցապատումը: Դրանք բոլորն էլ տեսնում են: Կարևոր խնդիրներից մեկն էլ բազմաբնակարան շենքերի պահպանումն է: Մայրաքաղաքի գրեթե բոլոր շենքերի տանիքները, վերելակները վերանորոգման կարիք ունեն: Թվում է, թե դրանք այդքան կարևոր խնդիրներ չեն, բայց իրականում մարդկանց համար մեծ նշանակություն ունեն:
– Բնականաբար, այդ խնդիրների մասին տեղյակ է նաև քաղաքային իշխանությունը: Ըստ Ձեզ՝ դրանց լուծում չի՞ տրվում:
– Կարծում եմ, որ լուծում չի տրվում: Եթե չեմ սխալվում, օրինակ` Երևանում գործում է 1800 վերելակ, մինչդեռ վերջին տարիներին միայն դրանցից 40-ն է վերանորոգվել:
– Որո՞նք են Երևանում առկա խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն:
– Բոլորն էլ առաջնահերթ խնդիրներ են և քայլ առ քայլ պետք է դրանք լուծվեն: Եվ դա շատ ռեալ է: Երևան քաղաքի բյուջեն կբավականացնի, եթե «ատկատի» մեխանիզմը չգործի: Իսկ եթե մենք ներկայացված լինենք քաղաքապետարանում, ապա կկարողանանք այդ մեխանիզմը զսպել, որպեսզի գումարները ծախսվեն նպատակային: Չկա որևէ խնդիր, որ ցանկության դեպքում չլուծվի: Իհարկե, հատված ծառերը հնարավոր չէ վերականգնել, բայց հնարավոր է նոր տարածքներում ծառատունկ իրականացնել: Այսինքն՝ չպետք է թողնել, որ կանաչ տարածքների հաշվին կառուցապատում իրականացվի:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք Երևանի ավագանու ընտրություններից և ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել Երևանը մայիսի 5-ի ընտրություններից հետո:
-Իմ երազանքներից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանի ՀՀ քաղաքացուն, նույնը վերաբերում է Երևանին:
– Իսկ եթե Ձեր ակնկալիքներն իրականություն չդառանա, հնարավո՞ր է, որ նորից մտածեք Հայաստանից հեռանալու մասին:
-Երբեք: Հիմա մենք դռնեդուռ ընկած մարդկանց հետ խոսում ենք, ծանոթանում ենք նրանց խնդիրներին, և ինձ համար ամենացավալին այն է, որ այսօր մայրաքաղաքի շենքերի բնակարանների մոտ 40 տոկոսի դռները փակ է: Նրանց մեծ մասը Հայաստանում չի ապրում: Դա շատ լոււրջ խնդիր է: Ինչ վերաբերում է նրան, թե ընտրությունների արդյուքներից գոհ կլինենք, թե ոչ, ապա այդպիսի խնդիր չկա: Պայքարում ենք մինչև վերջ և երբևիցե չի լինելու այնպես, որ ձեռքներս ծալած նստենք և հանդուրժենք անհանդուրժելին: Հուսահատություն չի կարող լինել. եթե պայքարում ես՝ հնարավոր է, որ պարտվես, բայց եթե չես պայքարում՝ դու արդեն պարտված ես:
Մերի Մարգարյան
Դիտումների քանակը` 5700