«Եթե այս օրենքը կարող է գեթ մեկ կնոջ կյանք փրկել, ուրեմն այն անհրաժեշտ է»
Ընտանեկան բռնության մասին օրինագիծը քննարկվեց առաջին ընթերցմամբ
ՀՀ Ազգային Ժողովի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը: Քննարկումը հերթական անգամ կրքերի թեժացում առաջացրեց, որոշ պատգամավորների կողմից թիրախավորվեցին կանանց ՀԿ-ները, իսկ առանձին անհատների կողմից անգամ կանանց հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցին: Այնուամենայնիվ, քննարկման առանցքն այն էր, որ հասունացել է ժամանակը, երբ նման օրենք Հայաստանը պետք է ունենա:
Օրինագծի ընդդիմախոսներից իր ծայրահեղությամբ աչքի ընկավ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը, ով նախագծի քննարկման ժամանակ առաջ քաշեց իր ամենասիրած թեզը` հասարակական կազմակերպությունների շատ դեպքերում անվերահսկելի ու վտանգավոր գործունեության մասին: Պատգամավորը հատկապես մտահոգված է նրանով, որ ընտանեկան բռնության դեմ պայքարում ՀԿ-ներին բավականին լուրջ լիազորություններ են տրվելու: Ըստ այդմ, նա հայտարարեց. «Մի կազմակերպություն կա, կոչվում է «ՖԵՄԵՆ», էն որ աղջիկները դոշերը բացում են, իրանց ճղում են, չգիտեմ էլ ինչ են անում… Դա էլ է համարվում հասարակական կազմակերպություն։ Եթե դրանց էլ մենք պետք է խառնենք մեր ընտանիքների գործին, ես ներողություն, այդ «քաղհասարակություն» տերմինը չեմ հասկանում»,- հայտարարեց նա։
«Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանին վրդովվեցրին Բաբուխանյանի անվայելուչ արտահայտությունները: «Պարոն Բաբուխանյան, ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս այդպես արտահայտվել կանանց հասցեին, ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս կանանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ անել։ Թերևս դա է ձեր վերաբերմունքը կանանց հանդեպ բռնության։ Խնդրում եմ զգույշ արտահայտվել և ուշադիր լինել ձեր ընտրած արտահայտություններում»,- հայտարարեց Թանդիլյանը` թույլ չտալով անգամ, որպեսզի տեղից առարկող Բաբուխանյանը խոսի:
Մանե Թանդիլյան. «Չի կարելի արդարացնել բռնություն կիրառողին ինչ-որ հանգամանքներով»
Անդրադառնալով օրինագծի հասցեին հնչող քննադատությանը, Մանե Թանդիլյանն ասաց, որ այն ի սկզբանե հակասական զգացողություններ է իր մեջ արթնացրել, քանզի հաճախակի լսում է այնպիսի դատողություններ,որոնք ուղղակի չեն տեղավորվում առողջ տրամաբանության մեջ: Դրանցից մեկն, օրինակ, այն է, որ վիճակագրության ներկայացման ժամանակ ոմանք հայտարարում են, որ սպանությունները «ընդամենը» ինչ-որ տոկոսն է, որ կատարվում է ընտանիքներում.
«Ընդամենը… այդ արտահայտությունը լսելուց անգամ ես հասկանում եմ, որ մենք ունենք խորքային խնդիր մեր հասարակության մեջ: Եթե որևէ մեկը ընկալում է ամուսնու ձեռքով ընտանիքում կնոջ մահվան որպես «ընդամենը» ինչ-որ թվի, ապա օրենքը իսկապես չի օգնի, որովհետև անհրաժեշտ է մտածելակերպ փոխել և վերաբերմունք փոխել երևույթի նկատմամբ: Կամ, հաճախ ընտանեկան բռնության մասին խոսելիս ասում են` իսկ ի՞նչ էր արել: Այսինքն , ինչ-որ արարքի դեպքում կարելի՞ է բռնություն կիրառել, իսկ ինչ-որ դեպքում `ո»չ: Քանի դեռ հասարության հանդուրժողականությունն այս երևույթի նկատմամբ չի վերացել և քանի դեռ մենք ինքներս մեզ շարունակում ենք նման հարց տալ, ուրեմն մենք իսկապես այդ բռնության պաշտպաններն ենք: Քանզի չի կարելի արդարացնել բռնություն կիրառողին ինչ որ հանգամանքներով»,- հայտարարեց նա: Նրա խոսքով, եթե օրենքը կարող է գեթ մեկ կնոջ կյանք փրկել, ուրեմն այս օրենքն անհրաժեշտ է: Անհրաժեշտ է նաև, քանի որ օրենքն ունի լուրջ լատենտայնություն` կանայք, որոնք ենթարկվում են բռնության, չեն էլ կարող խոսել այդ մասին, քանի որ ամոթի զգացում կա խորը:
Էդուարդ Շարմազանով. «Որևէ մեկը չմտածի, թե քաղաքական մեծամասնությունը կամ անձամբ ես բռնությանը կողմ ենք»
Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ նախագծի նախնական տարբերակում իր համար, ինչպես և շատերի համար կային խնդրահարույց կետեր, բայց առաջարկություններից ու լրամշակումից հետո այդ խնդրահարույց կետերը դուրս են եկել: Միևնույն ժամանակ, շեշտեց նա, «այնպես չէ, որ այն, ինչ գրված է, միանշանակ դրան կողմ ենք». Սա, ասաց Շարմազանովը, իր սուբյեկտիվ կարծիքն է.
«Բայց ես խնդրում եմ, որ որևէ մեկը չմտածի, թե քաղաքական մեծամասնությունը կամ անձամբ ես բռնությանը կողմ ենք: Որևէ նորմալ մարդ չի կարող բռնությանը կողմ լինել, այդ թվում նաև հենց ընտանիքում: Ես մերժում եմ բռնությունը թե’ ընտանիքում, թե’ պարլամենտում, թե’ հասարակությունում, ամենուրեք: Մենք պետք է մերժենք բռնությունը և սա հստակ է»,- շեշտեց նա: Ընդգծելով, որ ինքը պահպանողական է, ԱԺ փոխնախագահը նշեց, որ պահպանողականները ընդունում են բացարձակ արժեք` Աստված, ընտանիք, ազգ, հայրենիք, եկեղեցի: Իսկ ավանդական ընտանիքը, որի մասով իր առաջարկությամբ է հստակեցում արվել նախագծում, դա «կնոջ և տղամարդու սիրո, համերաշխության ու հարգանքի վրա հիմնված ընտանիքն է»: Շարմազանովը նաև շնորհակալություն հայտնեց կառավարության ներկայացուցչին, որ իրավունք է տրվել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներին մտնել ապաստարաններ և հորդորեց կառավարությանը համապատասխան որոշումներով ամրագրել այդ փաստը:
Նիկոլ Փաշինյան. «Ամեն հիմարության չի կարելի անվանել ազգային ավանդույթ»
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շարունակեց ազգային ավանդույթների թեման և հորդորեց վերջապես ձևակերպել, թե որոնք են դրանք. «Երբ ընտանիքում սպանություն է լինում կամ ընտանիքի մի անդամը մյուսին հասցնում է վերակենդանացման բաժանմունք, ապա պետությունը միջամտում է: Բայց երբ ինչ-որ պրոցեսներ են ընթանում, որ վերջում տանելու են դրան, ասում են` բա մեր ընտանեկան, ազգային ավանդույթները… ո՞րն են այդ ազգային ավանդույթները:Մեր ազգային ավանդույթները հայրն ու մայրն են, ովքեր որոշում են, թե տղան ու հարսը շաբաթը քանի անգամ պետք է սեքսով զբաղվեն, էդ ա՞ մեր ազգային ավանդույթը: Կամ մանկական կոմպլեքսներով ինչ-որ մեկը, կյանքում չկայացած, ստիպում է, որ իր ընտանիքի անդամները, բառիս բուն ու փոխաբերական իմաստով, իր անլվա ոտերը պաչեն… »:
Պատգամավորը վրդովված ևս մեկ օրինակ բերեց, որ անձամբ իր հետ է տեղի ունեցել` մեքենայով անցնելիս տեսել է, թե ինչպես է մի երիտասարդ տղամարդ երիտասարդ կնոջը ծեծում փողոցում: Երբ իջել է ղեկից ու հարցրել, թե ինչ է կատարվում, տղամարդը պատասխանել է` «կնիկս ա»: Փաշինյանը հորդորեց բոլոր նրանց, ովքեր անընդհատ խոսում են ազգային ավանդույթների մասին հիշել, որ 700 տարի պետականություն չենք ունեցել և մեր շատ ավանդույթներ ձևավորվել են գերված ժողովրդի պայմաններին համապատասխան: Բայց այսօր Հայաստանն ունի անկախ պետականություն և պետք է մեր ընտանիքի ու ընտանեկան հարաբերությունների կազմակերպումը տեղի ունենա ըստ այդմ. «Ամեն հիմարության չի կարելի անվանել ազգային ավանդույթ: Այս օրենքը մեր համար է` մեր պետության, մեր ժողովրդի, մեր երկրի համար է: Իսկ եթե կան մարդիկ, որոնք չեն ուզում, որ իրենց ընտանեկան խնդիրներին միջամտեն, ուրեմն թող չանեն այնպես, որ իրենց ընտանեկան հարցը դառնա հարևանների, շենքի , թաղի, պետության հարցը: Եվ ով ուզում է, որ այս օրենքը իր ընտանիքին չվերաբերվի, դա հեշտ կարող է անել` իր ընտանիքում համապատասխան պահվածք ցուցաբերելով»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյան. «Մեկ խեղված ճակատագիրն արդեն ողբերգություն է»
Քննարկման ընթացքում ի հայտ եկած բազմակարծությունը «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի մոտ տպավորություն է ստեղծել, թե մեր ազգային, ավանդական ընտանիքը այն ընտանիքն է, որտեղ բռնարար ամուսինը «ինչ ուզենա, նա էլ կարող է անել»: Մինչդեռ իր համար հայկական ընտանիքի մոդելը այն է, որտեղ կա ու պետք է լինի վստահություն ու հավատ միմյանց հանդեպ. «Ընդդիմախոսներից շատերն ասում են` դե, դեպքերը, երբ ամուսինն ամեն օր դեսերտից հետո մի տուփ սիգարետ է հանգցնում կնոջ վրա այդքան էլ շատ չեն , ոչինչ` մեկ-երկու դեպքեր են…. Եթե ընտանիքներ կան, որտեղ վատ գնահատականի համար երեխային հրապարակային ամեն օր նվաստացնում են, բայց, ասում են, այդ դեպքերը համատարած չեն` 100-200 դեպք… Ինձ համար մեկ խեղված ճակատագիրն արդեն ողբերգություն է` լինի դա կնոջ, լինի դա երեխայի, թե տղամարդու ճակատագիր»,- հայտարարեց նա` շեշտելով, որ կողմ է քվեարկելու օրենքի նախագծին:
Արփինե Հովհաննիսյան. «Օրենքը կկարգավորի միայն այն դեպքերը և այն հարաբերությունները, որոնք շեղվել են բնականոն հունից»
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ նախագծի շուրջ աղմուկը հիմնականում խարսխված էր դրույթների ոչ ճիշտ մեկնաբանման, թյուր ընկալումների վրա: «Ներկայացված օրինագիծը խորհրդարանական քննարկումների ձևաչափերում իր ուրույն տեղը կունենա, հատկապես մինչ խորհրդարանական բուռն , հակասական, հաճախ ծայրահեղ իրար հակասող կարծիքների առատությամբ և շատ հաճախ նաև օրինագծի դրույթների ծայրահեղականացմամբ կամ ոչ ճիշտ մեկնաբանությամբ»,- ասաց նա, հավելելով, որ լրամշակումներից հետո հաջողվել է ստանալ այնպիսի նախագիծ, որն ի զորու է փարատել հանրության շրջանում առկա մտահոգությունները:
Նրա խոսքով, հաճախ նախագիծը ներկայացվում է որպես փորձ կարգավորելու ընտանեկան հարաբերությունները, սակայն չի կարող այդպիսի բան լինել, այդ թվում նաև իրավական տեսանկյունից: «Իրավունքում կա երկու մոտեցում. Կամ դու կարգավորում ես որոշակի հասարակական հարաբերություններ, որպեսզի սահմանես խաղի կանոններ, կամ դու սահմանում ու կարգավորում ես հասարակական հարաբերությունները, երբ դա շեղվում է բնականոն հունից: Մենք այս պարագայում գործ ունենք երկրորդ տարբերակի հետ: Եվ որևէ մեկը չի կարող կարգավորել ու չի էլ կարգավորելու ընտանիքի անդամների վերաբերմունքն ու հարաբերությունները միմյանց հանդեպ. ներողություն, բայց որևէ մեկը չի կարող որևէ մեկին պարտադրել հարգանք, սիրալիր վերաբերմունք, ջերմություն ու մնացած այլ դրսևորումներ, քանզի յուրաքանչյուրն ունի իր պատկերացումները, իր անհատական պատմությունն ու բանաձևը», – շեշտեց նա` ավելացնելով, որ ընտանիքում համերաշխությունն օրենքով չի կարգավորվում, այդ թվում նաև համերաշխության վերականգնումը:
«Պետք է ազդակ ուղղել հանրությանը, որ որեւէ մեկը չի միջամտում ձեր ընտանեկան կյանքին, բայց խնդրի դեպքում հնարավոր է որոշակի գործիքակազմով այն լուծել՝ նպաստելով համերաշխության վերականգնմանը»,- հայտարարեց նա` ընդգծելով, որ պետությունը չի միջամտելու ընտանեկան խնդիրներին եւ որեւէ մեկը չի գալու ու չի մտնելու ընտանիք իր նախաձեռնությամբ, քանի դեռ այդ ընտանիքի անդամներից որեւէ մեկը չի բարձրաձայնի իրական խնդրի գոյության մասին եւ չի հայցելու աջակցություն: «Այս օրենքը և դրա կարգավորումները կկարգավորի միայն այն դեպքերը և այն հարաբերությունները, որոնք շեղվել են բնականոն հունից և որտեղ պետության աջակցությունն իրականում մարդը զգում է»,- հավելեց Արփինե Հովհաննիսյանը:
***
Նշենք, որ օրենքի քննարկման համար հատկացվել էր ընդամենը մեկ ժամ ժամանակ, ինչը Նիկոլ Փաշինյանի դժգոհությունն էր հարուցել դեռ օրակարգի հաստատման ժամանակ: Ընդդիմադիր պատգամավորը, մասնավորապես, հայտարարել էր, որ նման կարևոր հարցի քննարկումը հնարավոր չէ տեղավորել ընդամենը 60 րոպեում և ընդգծել, որ սա թույլ է տալիս հերթական անգամ պնդելու, որ կառավարությունը շարունակում է օրենքները «սղղացնելու» իր քաղաքականությունը:
Նշենք, որ ուրբաթ օրն օրենքի նախագիծը կդրվի քվեարկության առաջին ընթերցմամբ :
Լիա Խոջոյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Խնդիր, որի առաջ այլևս չենք կարող աչքերը փակել». բլից հարցում խորհրդարանում
Գարիկ Հայրապետյան. «Լրամշակվելուց հետո օրինագիծը որոշակիորեն թուլացել է»
«Աստված տա, որ այս օրենքը երբեք չկիրառվի». քննարկում գլխադասային հանձնաժողովում.
«Ընտանեկան բռնության մասին օրենքը չի կարող խաթարել ընտանեկան արժեքները»
Նոնա Գալստյան. «Կոալիցիայի առաջարկություններն ավելի շատ չընդունվեցին, քան ընդունվեցին»
Բողոքի ակցիա. «Ավանդույթը օրենքի կարգավորման հիմք չէ»
Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել ընտանեկան բռնության մասին օրինագիծը
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան դեմ է օրիննագծի անվանափոխությանը
Ընտանեկան բռնության մասին օրինագծի հետ կապված զավեշտների թոփ տասնյակը
Ընտանեկան բռնության օրենքը պառակտել է հանրապետականներին
«Կինը ծեծի է արժանի որոշ դեպքերում » պնդման հետ համաձայն է յուրաքանչյուր չորրորդը/ տեսանյութ
«Կինը պետք է լռի». հետազոտության մանրամասներ
«Մենք հակված ենք հանդուրժել նաև այն ընտանիքը, որտեղ բռնություն կա». հետազոտություն
Դիտումների քանակը` 3598