ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. Կուսակցությունները պետք է ավելացնեն կին թեկնածուների թիվը

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչները գոհ չեն ընտրություններում գենդերային հավասարության ցուցանիշներից: Նկատած խնդիրները, առաջարկությունները նրանք ներկայացրել են դիտորդական առաքելության վերջնական, ամփոփիչ զեկույցում:



«Հայաստանի իշխանությունները կանանց առաջադրումը  խրախուսելու համար պետք է հատուկ միջոցառումներ ձեռնարկեն: Դա կարող է ենթադրել կանանց  համապետական ցուցակների երկորդ տեղերի հատկացումը, ինչպես նաև ցուցակներում կին թեկնածուների նվազագույն թվի սահմանում: Պետք է խրախուսել քաղաքական ուժերին՝ մեծացնելու թեկնածու կանանց թիվը»,-առաջարկում են նրանք:

 

Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա նրանք հիշեցնում են՝ գործող օրենսդրությունը պահանջում է, որ թեկնածուների 25 տոկոսը պետք է լինեն կանայք՝ այսինքն չորս թեկնածուներից մեկը պետք է իգական սեռի ներկայացուցիչ լինի: Դրական այս զարգացումը՝ գեդերային քվոտան պետք է վերաբերի նաև մանդատների բաշխման գործընթացին:

 

Զեկույցի հեղինակները նկատում են, չնայած  պատգամավորի թեկնածուների 30 տոկոսը կանայք են եղել, սակայն խորհրդարան է մտել ընդամնեը 18 կին, 17-ը՝ համապետական ցուցակներից, 1-ը՝ տարածքային: Սրա արդյունքում օրենսդիր նոր մարմնի անդամների ընդամենը 17 տոկոսն են կանայք/ Նշենք, որ վերջին տվյալներով՝ ինքնաբացարկների արդյունքում ևս մեկ կին է մտել խորհրդարան տարածքային  ցուցակներով – Խմբ/:

 

«Սա չի համապատասխանում կին թեկնածուների համար հավասար հնարավորությունների փաստացի ապահովման  վերաբերյալ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին»,-ընդգծում են զեկույցի հեղինակները՝ առաջարկելով խթանել կին թեկնածուների թվի ավելացումը, ինչպես նաև առավել մեծ թվով կանանց ընդգրկել կուսակցություններում:

 

Միջազգային դիտորդները նշում են՝ ընդհանուր առմամբ կին թեկնածուները իրենց քարոզչությունն իրականացնելու համար աջակցություն են ստացել իրենց կուսակցություններից, ակտիվորեն ներգրավված են եղել քարոզարշավում:

 

«Սակայն քարոզչական շտաբներում կանայք որոշում կայացնող պաշտոներում չեն եղել, ինչպես նաև քարոզչական հանդիպումներում հիմնական բանախոսներ հանդես չեն եկել»,-ասված է զեկույցում:

 

Երկարաժամկետ առաքելություն իրականացրած միջազգային դիտորդները նաև փաստել են, որ կուսակցությունները քարոզչության ընթացքում չեն անդրադարձել հասարակական կյանքին կանանց մասնակցության հարցին: Բացի այդ էլ,  կանայք իրենք էլ չեն ցանկացել անդրադառնալ գենդերային հարցերին և նախընտրել են քննարկել առավել լայն սոցիալական հարցեր:

 

Նշենք, որ  զեկույցում գնահատականներ են հնչեցված ընտրական գործընթացի բոլոր փուլերի, իրավական դաշտի, ընտրական գործընթացում ներառված սուբյեկտների գործունեության մասին:

 

Վերահաստատելով դեռ նախնական զեկույցի ժամանակ իրենց հնչեցրած դրական գնահատականներն այն մասին, որ խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված, ընդհանուր առմամբ պահպանվել էին հիմնարար ազատությունները, թեկնածուները կարողացել են քարոզչություն իրականացնել առանց սահմանափակումների, իսկ ընտրությունների օրն անցել է հանգիստ և խաղաղ, օրվա ընթացքում նշանակալի միջադեպեր չեն արձանագրվել, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը, այնուամենայնիվ նշում է, որ հասարակության մեջ վստահություն չկա ընտրական գործընթացների նկատմամբ: Զեկույցում նշվում է, որ  «ընտրակաշառքի, քաղծառայողների վրա գործադրված ճնշումների՝ այդ թվում դպրոցներում և հիվանդանոցներում, ինչպես նաև որոշ կուսակցությունների օգտին ձայն կորզելու նպատակով ընտրողների ահաբեկման մասին պնդումները մթագնել են ապրիլի 2-ին անցկացված ընտրությունների ընթացքը»:   Ըստ այդմ,  զեկույցի հեղինակները խորհուրդ են տալիս երկրի իշխանություններին՝ քայլեր ձեռնարկել այդ գործելաոճը կանխելու ուղղությամբ. 

 

«Իշխանությունները և քաղաքական ուժերը պետք է բոլոր հնարավոր ջանքերը գործադրեն ընտրությունների ազնվության նկատմամբ հասարակական վստահությունն ամրապնդելու համար, այդ թվում՝ հրապարակավ մերժելով քվեների առքուվաճառքը և քայլեր ձեռնարկելով, որպեսզի ընտրողների նկատմամբ ճնշումներ չգործադրվեն որոշակի ընտրական հանդիպումների մասնակցելու կամ որևէ կոնկրետ ձևով քվեարկելու համար», – ասված է զեկույցում:

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

 

 

Կարդացեք  թեմայի շուրջ մեր կայքում  ԱԺ ընտրություններ -2017 խորագրի ներքո.

 

 

ՀՀ Ազգային ժողովի կազմում կանանց ներկայացվածությունը 18% է. ևս մեկ կին մանդատ ստացավ/ ինֆոգրաֆիկա

 

 Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 23.4% է

 

Լույս է տեսել «Կինը եւ քաղաքականությունը» թերթի նոր համարը

 

«Կանանց օրակարգը» շարունակում է ուժի մեջ մնալ. ուղերձ նորընտիր պատգամավորներին

 

Նորընտիր խորհրդարանում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց թիվը նվազել է

 

 

Դիտումների քանակը` 3429

Գլխավոր էջ