Դիտե՛ք An Gordonach! ռոք խմբի «Զարուհի» նոր տեսահոլովակը
Քո լռությունը ինձ տանում է դեպի դաժան ապագա…
Վանաձորում ստեղծված հայ-շոտլանդական An Gordonach ռոք խումբը թողարկել է տեսահոլովակ՝ նվիրված Զարուհի Պետրոսյանի ողբերգական պատմությանը, ում 2010-ին դաժան ծեծի ենթարկելով՝ սպանել էին ամուսինն ու սկեսուրը:
Խմբի կիթառահար և վոկալիստ Ստյուարտ Մոիրի ներկայացմամբ երգ գրելու գաղափարը ծնվեց Զարուհու հետ կատարվածից հետո եւ հասցրել են ավարտի իրանցի երաժիշտ Ասսադուքի հետ միասին:
Ստյուարտն ու իր ընկերներն ուզում էին «Զարուհի» երգի համար ստեղծել այնպիսի տեսահոլովակ, որը կցնցեր դիտողին, կստիպեր նրան մտածել կանանց նկատմամբ բռնության մասին: Երաժիշտներն տեսահոլովակում չեն երեւում, նպատակն այլ է. բարձրացնել մարդկանց իրազեկությունը ընտանեկան բռնության մասին, ստիպել մտորել այդ խնդրի շուրջ:
Տեսահոլովակի հեղինակը վանաձորցի Րաֆֆի Ղազարյանն է, իսկ հերոսները՝ երիտասարդ դերասաններ Վահե Մխիթարյանն ու Անի Հովհաննիսյանը։ Տեսահոլովակը պատմում է 20-ամյա նորահարսի հետ պատահած դժբախտության մասին` ահազանգելով հանրությանը, որ բռնության կարող է ենթարկվել յուրաքանչյուրը:
Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերի 1-ին ընտանեկան բռնության արդյունքում ստացված գանգուղեղի վնասվածքի հետևանքով Էրեբունի բժշկական կենտրոնում մահացել էր Մասիսի բնակիչ 19-ամյա Զարուհի Պետրոսյանը: Նույն օրը ձերբակալվել էր նրա ամուսինը` Յանիս Սարկիսովը: 2011թ. հոկտեմբերի 14-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Սարկիսովին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-մասի 14-րդ կետով (առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) մեղավոր է ճանաչել ու դատապարտել հոդվածով նախատեսված առավելագույն պատժի՝ 10 տարվա ազատազրկման:
Այս տարի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարեց հոկտեմբերի 1-ը ՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր: Կոալիցիայի անդամ ՀԿ-ները այդ օրը շրջօրյա ակցիա կազմակերպեցին՝ հերթական անգամ հիշեցնելով հասարակությանը, որ «Ընտանեկան բռնությունը չի դադարի, երե մենք ոչինչ չանենք»:
Դիտումների քանակը` 5033