«Դժվար է համատեղել մայրությունն ու կարիերան, բայց դա հնարավոր է». «BusyMom»-ի  բաղադրատոմսը

Երևանի քարտեզի վրա վերջերս ավելացել է մի նոր վայր բոլորովին նոր գաղափարով, որը կուրախանցի հատկապես փոքր երեխաներ ունեցող կանանց:  «BusyMom»  խորհրդանշական անվանմամբ կենտրոնը առաջարկում է նրանց դարձնել երեխայի ծնունդը ոչ միայն երջանիկ մայրության, այլ նաև անհատական զարգացման ժամանակահատված:

 

Այստեղ «զբաղված մայրիկները» գալիս են իրենց երեխաների հետ միասին և  մինչ մի սենյակում փոքրիկները  խաղում և զվարճանում են, մյուս սենյակում մայրերը ստանում են իրենց հետագա կարիերայի համար անհրաժեշտ գիտելիքները: Առաջին սեմինար-հանդիպումը, որը կազմակերպվեց «Busy mom»  -ի կողմից այս ձևաչափով, ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ էր: Նա կիսվեց մայրիկների հետ իր փորձով ու պատմեց, թե ինչպես է հաղթահարել կնոջ կյանքում կարևորագույն ընտրություններից մեկը` ընտանիք թե կարիերա, և կարողացել հաջող համատեղել երկուսն էլ:

 

«Զբաղվածությունն ընտանիքում և երեխաների դաստիարակությունը երբեք չպետք է խանգարեն կնոջ կայացմանն ու անհատականության կերտմանը», – այս ուղերձով դիմեց Մանե Թանդիլյանը սեմինարի մասնակիցներին: Պատմեց նաև իր դժվարությունների մասին. ընդունվել է Հայաստանում ամերիկյան համալսարան երկրորդ երեխայով հղիության ժամանակ, և քննություններին մասնակցելու օրերին համալսարանի հարևանությամբ հերթապահում էր «շտապ օգնության» մեքենան: Թանդիլյանի խոսքով` սա առաջին դեպքն էր այդ ուսումնական հաստատության պատմության մեջ, բայց իր կողմից գիտակցված ու հստակ որոշում էր` չկտրվել կյանքից ու միևնույն ժամանակ չհրաժարվել նաև մայրության բերկրանքից: Թեև խոստովանում է` սկզբում ինքն իր մասնագիտական կյանքը կանգնեցրել էր ու զբաղվել միայն երեխաներով: Բայց ինչ-որ պահի հասկացել, որ դա ոչ թե սխալ կամ ճիշտ է, այլ օգտակար չի ո’չ իրեն, ո’չ էլ երեխային ու ընտանիքին: Ի վերջո, ասում է նա, կինը կարող է իրեն զոհաբերել, բայց դրա արդյունքում հարվածի տակ է հայտնվում հենց իր երեխան: Երեխան, ըստ պատգամավորի, շատ է կորցնում, երբ մայրն ինքն իրեն կտրվում է կյանքից ու ապրում  միայն երեխայի կյանքով.

 

 

«Այո, շատ դժվար է համատեղել մայրությունն ու կարիերան, հատկապես մեր երկրում, բայց դա հնարավոր է, եթե ճիշտ ես գնահատում քո ռեսուրսներն ու հնարավորությունները: Ես քաջ գիտակցում եմ, թե մայրերն ինչերով են անցնում և ինչ զոհողությունների գնում. դա կարող է հասկանալ միայն մայրը: Բայց  մենք զոհ չենք… Կանայք պետք է հասկանան մեկ բան` կա ծանր աշխատանք, զբաղվածություն, նվիրվածություն, որը կարևոր է ու մեր կյանքի անբաժանելի մասն է, բայց դրան զուգահեռ մենք շարունակում ենք ցանկանալ աշխատել, կրթվել, շփվել ընկերների հետ և այլն և դա արհեստականորեն ընդհատելը վատագույնն է, ինչ կարող է պատահել մեզ հետ և մեր ընտանիքների հետ»,- համոզմունք հայտնեց պատգամավորը:

 

Մանե Թանդիլյանը նշեց, որ շատ լավ գիտի բոլոր այն խոչընդոտները, որոնց բախվում են կանայք, ովքեր ցանկանում են մայրանալուց հետո վերադառնալ աշխատանքի: Խոսքը և դայակ գտնելու և նրան երեխա վստահելու հոգեբանական շատ լուրջ խնդրի մասին է, քանի որ դայակները` ուզես, թե չուզես, սկսում են ազդել քո երեխայի դաստիարակության վրա ու անձամբ ինքը դրան բախվել է: Խոսքը նաև գործատուի վերաբերմունքի մասին է, ով սկսում է հարցեր տալ, որոնք աշխատանքային էթիկայի հետ կապ չունեն, բայց արտացոլում են մեր իրականությունը` իսկ կարողանալո՞ւ է նա երկար աշխատել կամ մնալ արտաժամյա, իսկ եթե երեխան հիվանդանա՞ և այլն: Թանդիլյանը վստահ է, որ նման հարցերին բախվելով կանայք պետք է ինքնավստահությունը չկորցնեն, համոզված լինեն, որ, այո, իրենք պատրաստ են աշխատել և պատասխանատու են: Ասում է` հեշտ չէ, բայց դա է ճանապարհը:

 

«Որպես քաղաքացի, ես տեսել եմ իմ դերը հետևյալ մոդելում` ճիշտ երեխաներ դաստիարակել, օրենքներ չխախտել, գնալ աշխատանքի ու վճարել հարկերը: Բայց ինչ-որ պահից սկսած ես հասկացա, որ դա բավարար չի, որովհետև ես համաձայն չէի այն մարդկանց հետ, որոնք որոշումներ են կայացնում: Եվ դա էր պատճառը, որ մտա քաղաքականություն ու փորձեցի իմ միջամտությամբ փոխել այն իրողությունը, որն իմ սրտով չէր: Ու ոչ միայն իմ, այլև շատերի: Դժվար է, քանի որ քաղաքականությունը Հայաստանում այն ոլորտներից մեկն է, որը համարվում է տղամարդկանց մենաշնորհ, բայց ես միշտ ասում եմ.  քանի դեռ գործը ֆիզիկապես գետնից 80կգ բարձրացնելուն չի վերաբերում, դա առանձնահատուկ տղամարդկանց գործ չի, իսկ եթե այն հատկապես խելքին է վերաբերում, ապա դա առավել ևս  կանանց գործն է»,- շեշտեց Մանե Թանդիլյանը՝ մատնանշելով նաև վիճակագրությունը, որը փաստում է, որ մեր երկրում բարձրագույն կրթություն ստացողների մեծամասնությունը կանայք են: Այլ հարց է , որ իրականում կանանց մեծ մասի կարիերան սկսվում ու ավարտվում են հենց բուհերում` պետական պաշտոնները զբաղեցնում են, կառավարիչներ, մենեջերներ դառնում են տղամարդիկ. «Սա տղամարդկանց աշխարհ է և մենք պետք է կարողանանք այն դարձնել բոլոր մարդկանց աշխարհ: Իսկ դրա համար կանայք պետք է ինքնավստահ լինեն, հավատան իրենց ուժերին ու իրացնեն իրենց պոտենցիալը»,- հավելեց նա:

 

Հիշեցնենք, Մանե Թանդիլյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին «Ելք» դաշինքից: Նախքան պատգամավորությունը Թանդիլյանը հանրությանը հայտնի էր իր ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ` նա մասնակցել է մի շարք բողոքի ակցիաների, որոնց էպիկենտրոնում մարդու իրավունքների պաշտպանությունն էր:

 

 

Ինչ վերաբերում է  «BusyMom» նախագծին, ապա մոտակա պլանների մեջ   «Մարդկային ռեսուրսների կառավարում» (HR management) թեմայով դասընթացն է, որը հնարավորություն կտա  երեխայի խնամքի արձակուրդի մեջ գտնվող կանանց  ուսանել  ժամանակակից աշխատաշուկայում մրցունակ մնալու կամ լինելու համար անհրաժեշտ գիտելիքներ: Ձևաչափը նույնն է . մինչ մայրիկները ուսանում են,  երեխան կողքի սենյակում  խաղում  և զարգանում է պրոֆեսիոնալ մասնագետի աջակցությամբ…

 

Մանրամասները դասընթացի մասին   «BusyMom» ֆեյսբուքյան էջում:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կանայք աշխատանքի շուկայում/ ինֆոգրաֆիկա

«Կանայք՝ գործարարություն և օրենք 2018». բարելավել աշխատանքային օրենսդրությունը կանանց համար

Կանանց գործազրկությունը Հայաստանում  ամենաբարձրն է հետխորհրդային երկրներից

Կանայք աշխատանքի շուկայում.  լույս է տեսել «Կինը և քաղաքականությունը» թերթի նոր համարը

Ինչու ես չեմ կարողանա  օգտվել «դայակ պետության հաշվին» ծրագրից

«Արդյո՞ք «դայակ պետության հաշվին» ծրագիրը կծառայի իր իսկ հայտարարած նպատակին». երկու կարծիք 

Ինչպե՞ս է արգելակվում կանանց մուտքն աշխատաշուկա

«Աշխատանք փնտրողների 65%-ը կանայք են»

Երիտասարդ մայրերը  դժվար ընտրության առաջ են կանգնում

«Մայրերին աջակցելու գաղափարն իսկապես ողջունելի է, սակայն այս տեսքով ծրագիրն իր նպատակներին չի կարողանա ծառայել»

Կառավարությունը մերժեց «Ելք»–ի նախաձեռնությունը  աշխատանքային ժամերը կրճատելու մասին

«Դայակ պետության հաշվին». հարցերն ավելի շատ են, քան պատասխանները

Դայակ պետության հաշվին. մայրիկների արձագանքը

Մանկապարտեզներն ու Երևանի բյուջեն

Պետությունն աշխատելու  և սովորելու հնարավորություններ է ընձեռում երիտասարդ մայրերին. նոր մանրամասներ  

 

Դիտումների քանակը` 4157

Գլխավոր էջ