Դեսպան Կարեն Նազարյանի ելույթը ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովում

 

Ինչպես հայտնի է մարտի 4-ից Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում իր աշախատանքներն սկսեց    ՄԱԿ-ի Կանանց Կարգավիճակի Հանձնաժողովի 57-րդ նստաշրջանը:  Այս տարի   որպես առաջնային թեմա  քննարկվում  է  կանանց և աղջիկների նկատմամբ բռնության բոլոր ձևերի կանխարգելման և վերացման հարցը: Նստաշրջանի  մարտի 11-ի  նիստին ելույթ  ունեցավ ՄԱԿ-ում  ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, ով 2010-2011-ին գլխավորել էր այդ հանձնաժովը: Նստաշրջանը կշարունակի իր աշխատանքներն մինչև մարտի 15-ը:  

 

“Կանանց հանդեպ բռնության դադարեցումը կյանքի ու մահվան հարց է”, – հայտարարեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Յան Էլիասոնը` նստաշրջանի  բացմանը:  Նա ավելացրեց, որ խնդիրը վերաբերվում է բոլոր երկրներին, այդ թվում` ամենազարգացածներին: ՄԱԿ-ի տվյալները վկայում են այն մասին, որ աշխարհում այսօր  10 կանանցից առնվազն 7-ը իրենց կյանքի որևէ մի էտապում ենթարկվել են բռնաբարության, ծեծի կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման:

Ընդ որում, գենդերային բռնությունը կախված չէ եկամուտից, կրթության մակարդակից կամ էլ սոցիալական խավին պատկանելությունից: Կանայք հաճախ բռնության են հանդիպում աշխատավայրում: Օրինակ Եվրամիությունում աշխատավայրում սեռական ոտնձգությունների տարբեր ձևերի մասին հաղորդում են կին աշխատողների 40-50 %-ը, իսկ ասիական-խաղաղօվկիանոսյան շրջանում` նրանց 30-40 %-ը: Մինչդեռ նման բռնության ռիսկը մասնավորապես բարձր է աշխատողների առանձին խմբերի մոտ, օրինակ տնային սպասուհիների և միգրանտ աշխատողների մոտ:

 

Յան Էլիասոնը նշեց, որ այս խնդրի լուծումը բազմակողմանի մոտեցում է պահանջում, որը կներառի զոհերի պաշտպանությունը, բռնարարներին  պատասխանատվության ենթարկելը, կանխարգելիչ միջոցները, որոնք ուղղված  են  գենդերային կարծրատիպերի վերացմանը,  տղաներին և տղամարդկանց խրախուսմանը՝  տնային  աշխատանքը կանանց հետ հավասար կիսելու համար: կանխարգելիչ միջոց է դիտարկվում նաեւ կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնումը:

 

 

Նստաշրջանի մարտի 11-ի նիստին  իր ելույթում  ՄԱԿ-ում  ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը անդրադարձ կատարեց քննարկվող թեմային՝ ներկայացնելով հարցի շուրջ Հայաստանի  մոտեցումները:

Գնահատելով հանձնաժողովի դերը որպես գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման հարցերի քննարկման հեղինակավոր համաշխարհային հարթակ` դեսպան Նազարյանը վստահություն հայտնեց, որ Նյու Յորքում գումարվող ամենամյա քննարկումները հնարավորություն են տալիս երկխոսություն ծավալել կանանց հիմնախնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղիները գտնելու համար: Ներկայացնելով հարցի շուրջ Հայաստանի մոտեցումները` դեսպանը կարևորեց «Կանանց կարգավիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերակատարության ամրապնդման գործողությունների ազգային ծրագիրը», որը հստակ սահմանում է Հայաստանում կանանց հիմնախնդիրների լուծման սկզբունքները, առաջնահերթությունները և հիմնական թիրախները: Նա նաև նշեց, որ Պեկինի համաշխարհային համաժողովից գրեթե երկու տասնամյակ անց կանանց նկատմամբ բռնությունը կանխելու ուղղությամբ պետությունները միջոցներ են ձեռնարկում` ամրապնդելով քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ դաշտը, բարելավելով բռնության զոհերի համար ծառայությունների մատչելիությունը: Դեսպան Նազարյանը նկատեց, որ չնայած այդ ջանքերի, կանանց նկատմամբ բռնությունները շարունակվում են` ստանալով նոր ձևեր ու դրսևորումներ:

 

 

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ ՀՀ-ն շարունակում է սերտորեն համագործակցել միջազգային կառույցների հետ` խթանելու և կյանքի կոչելու «Կանայք, խաղաղություն ու անվտանգություն» օրակարգը: Նա իր ելույթը եզրափակեց` նշելով, որ «Անհրաժեշտ է օգտագործել ազգային, տարածաշրջանային և գլոբալ հարթություններում բոլոր հնարավորությունները` նոր լիցք հաղորդելու գենդերային հավասարության ու կանանց կողմից սեփական իրավունքներից օգտվելու գործի խթանմանը, ինչպես նաև կառուցելու ռազմավարական գործընկերություն այդ օրակարգով առաջ շարժվելու համար»:

 

 

Հիշեցնենք, որ  Կանանց Կարգավիճակի Հանձնաժողովը ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի  ֆունկցիոնալ հանձնածողովներից է: Այն զբաղվում է  հանդիսանում է կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում  միջազգային ստանդարտների  և դրանց պատշաճ կատարման վերաբերյալ առաջարկությունների մշակմամբ: Հանձնաժողովի կազմի մեջ է մտնում 45 ՄԱԿ-ի անդամ-պետություն, որոնք ընտրվում են 4 տարի ժամկետով:

 

 

Դիտումների քանակը` 3377

Գլխավոր էջ