Գրետա Վարդանյան. «Ոչ մեկին ոչ մի բան հեշտ չի տրվում, պետք է աշխատես, շատ աշխատես»…»…

 

 

Ասում են գյումրեցի Գրետա Վարդանյանն ամենափոքր երեխան էր, որին 88-ին՝  Սպիտակի երկրաշարժից հետո բժիշկները վիրահատեցին: 2.5 տարեկանում Գրետան զրկվեց ծնողներից, փլատակների տակ մնալու հետևանքով նաև ոտքերը կորցրեց…

 

 

 «Ունեի հաշմանդամություն, բայց դա դատավճիռ չէր»…

 

1993-ին Գրետան արդեն աշակերտուհի էր, ուժեղ էր մեծացել, ամուր կամքով: Կյանքն ու բնությունն իրենց գործն արել, տարիքին հարմար կոփել էին Գրետային: Բայց ասել, որ դպրոցում ամեն բարդ հարթ է ընթացել, սխալ կլինի: «Որ գնացի առաջին դասարան, ինձ համար շատ անսովոր էր, որ  պետք է շփվեի հաշմանդամություն չունեցող երեխաների հետ: Ճիշտ է, երեխա էի, բայց ես ամեն ինչ գիտակցում էի: Կային շատ դժվար պահեր,  թեկուզ այն, որ դասամիջոցների ժամանակ չէի կարողանում նրանց նման վազել, խաղալ: Բայց տարիների ընթացքում կոփվեցի, կամաց-կամաց իմ մեջ ուժ գտա, հասկացա, գիտակցեցի, որ այդ աղետը միայն  ինձնով չէր սահմանափակված… Ճիշտ է, ունեի հաշմանդամություն երկրաշարժի հետևանքով, բայց դա դատավճիռ չէր, այլ երևի  ճակատագիր»,-զրույցի ընթացքում մանկությունն է վերհիշում Գրետան:

 

 

Հենց այդպես էլ ամեն օրը հաղթահարելով Գրետան շարժվեց առաջ: Վստահ ու լայն քայլերով, բառի և ուղիղ, և փոխաբերական իմաստներով:

 

 

«Ճիշտն ասաց,1993 թվականին որ ընդունվեցի դպրոց, էդ տարիներին ներառական հասկացողությունը չկար, մարդիկ  չէին էլ հասկանում, թե դա ինչ է նշանակում, բայց ոչ մեկի օգնությանը չեմ դիմել: Ուղղակի մտել ենք դպրոց, տնօրենին ներկայացրել ենք թղթերը, ու հաճախել եմ բոլորի հետ սովորական պայմաններով: Իմ ֆիզիկական  հաշմանդամությունն էր խնդիրը: Ընդամենը: Ոչ մի կապ չուներ դա սովորելու հետ, բոլորին հավասար էլ սովորել, ավարտել եմ: Հետագայում արդեն ամեն ինչը դարձավ սովորական, լիարժեք ապրեցի, դպրոց, բարձրագույն կրթություն, աշխատանք: Հետո մագիստրատուրան ավարտեցի, նախադպրոցական հոգեբանություն և մանկավարժություն ֆակուլտետն եմ ավարտել, վերջերս 2 տարում զինվորական հոգեբանություն մասնագիտության մագիստրատուրան ավարտեցի»:

 

Կյանքն ինձ համար սպորտով սկսվում, սպորտով ավարտվում է

 

 

Կրթությունը Գրետան զուգակցեց այլ նախասիրությունների հետ: Գեղեցկության մրցույթի մասնակցեց, հաղթեց այդ մրցույթում, բայց դա իրենը չէր: Գեղեցկուհի Գրետան իրեն ուժեղների մեջ տեսավ:  «Ամեն ինչ սկսվեց Հաշմանդամների Փյունիկ միության ճամբարներից»,-հիշում է նա:

 

 

«1993 թվականից հաշմանդամների Փյունիկ  միության մեջ եմ: Նրանց հետ ամառները գնում էինք Սևան, ճամբար էինք գնում հանգստանալու, ձմեռը՝ Ծաղկաձոր: Հենց էնտեղ սկսեցի  մարզվել լեռնադահուկային սպորտով, անվասայլակով: Առաջին մրցումները, որ տեղի են ունեցել, եղել է 2002 թվականին ԱՄՆ-ում, մարաթոնի եմ  մասնակցել, 42 կմ անվասայլակով քշել, ֆինիշ եմ անցել,  հետո կամաց-կամաց եկանք հասանք ծանրամարտին: Ինձ համար կյանքը սպորտով սկսվում, սպորտով ավարտվում է»…

 

 

«Գյումրին ծանրամարտի քաղաք է, ու կարծում եմ, յուրաքանչյուր գյումրեցի, եթե փորձի, հաստատ հաջողություն ունենալու է: Շատ բաների միջով պետք է անցնես, որ հասկանաս որն է քոնը, որ կարողանաս շարունակել: Ու բոլոր սպորտաձևերը մի կողմ դրեցի, զբաղվեցի միայն ծանրամարտով,-ասում է Գրետան, ում նաև Լալա են անվանում:

 

 Հենց ծանրամարտն էլ Գրետայի համար օդ ու ջուր դարձավ: Հաղթանակաները երկար սպասեցնել չտվեցին: Առաջին անգամ Գրետան ՀՀ-ն ներկայացրել է 2007 թվականին՝ Հունաստանում կայացած Եվրոպայի բաց առաջնությանը: Առաջին մասնակցությունն ու նվաճած արծաթե մեդալը վճռորոշ եղան:  Չինաստան, ԱՄԷ, Լոնդոն, Հունգարիա,  Ռիո, Մեքսիկա, Ղազախստան: Շուտով նաև՝ Տոկիո 2020:  Փետրվարին Գրետան կմեկնի   Անգլիա, որտեղ էլ նվաճելու է Տոկիոյի մասնակցության ուղեգիրը: Հակառակ պարագայում, ասում է, սպիտակ քարտի  միջոցով կմեկնի:

 

 

Գրետան 2016 թվականից նաև մարզիչ է: Պաուերլիֆթինգի (հաշմանդամություն ունեցողների  ծանրամարտ՝ հրում պառկած դիրքից) իր  մարզաձևն է ուսուցանում: 7-8 սան ունի: Ասում է, հաջող երեխաներ կան, լավ է, որ իրեն փոխարինողներ լինեն: 

 

 

Լարված առօրյա, աշխատանք, ընտանիք, երեխա

 

Տոկիոյի առաջնությանն ընդառաջ Գրետայի առանց այն էլ ծանրաբեռնված և գերլարված օրերն առավել են ծանրաբեռնվել: Մարզվում է, մարզում է, դստեր հետ դասերն է պատրաստում, այնուհետ գնում աշխատանքի: Մեկ ամբողջ օր է անցկացնում և լուսացնում ԱԻՆ ՇՄ Փրկարարական վարչության ՃԿԿ-ում: Պատասխանում Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվող հեռախոսազանգերին, գրանցում և փոխանցում դրանք համապատասխան մարմիններին: «Հաջողության հասնելու համար պետք է յուրաքանաչյուր խնդրի միջով էլ անցնել: Ոչ մեկին ոչ մի բան հեշտ չի տրվում, պետք է աշխատես, ու շատ աշխատես: Կյանքն է էդպիսին»…

 

 

Դժվարությունները հաղթահարելու համար են   

 

Գրետան կյանքի անխախտ սկզբունք ունի՝ քայլել միշտ  առաջ: Դժվարություններից չի վախեցել անգամ փոքր տարիքում, հիմա՝ առավելևս: Ասում է տարիներ առաջ Գյումրիում հաշմանդամություն ունեցողները բազմաթիվ խնդիրներ ունեին: Այսօր էլ առաջնային է մնում աշխատանք գտնելու ամենաբարդ հարցը: Գործատուն հիմնականում հաշմանդամություն ունեցողին աշխատանքի չի վերցնում: «Մեկ-երկու օրինակով կարող եմ ասել, որ իմ շրջապատից, իմ ընկերներից գնացել են գործատուին դիմել են, առաջին հերթին տեսել են ֆիզիկական վիճակն ու միանգամից մերժել են առանց մարդու հետ ծանոթանալու, առանց նրա հնաովորություններին, կրթությանն  ու զարգացածությանը ծանոթանալու: Ուղղակի տեսել են ու միանգամից հրաժարվել են: Բայց դա սխալ մոտեցում է: Հաշմանդամություն ունեցող շատ մարդիկ կան, որ ավելի մեծ պատասխանատվությամբ են մոտենում գործին, ավելի պարտաճանաչ են, քան այն մարդիկ,  ովքեր թեև չունեն հաշմանդամություն, բայց զուտ աշխատավարձի համար գնում-գալիս են»:

 

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների ցանկում նաև առաջնային է  հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար մատչելի տարածքների ապահովումը: Գրետան ասում է խնդրի լուծման քայլեր ընթացող փողոցաշինության ժամանակ արվել են, մայթեզրերին թեքահարթակներ են տեղադրվել, սակայն, ասել, որ այն լիովին լուծված է, սխալ կլինի: «Բայց կան նաև վայրեր, որտեղ թեքահարթակ հասկացությունը չգիտեմ ինչ ձևի են հասկացել, պատկերացրել: 80—ից 90 աստիճան թեքություն են արել,  8 հոգի էլ պետք է, որ կարողանան էդ հարթակով հաշմանդամին բարձրացնեն, հետո էլ իջեցնեն:  Բայց  դրանք կառուցվում են մեկ  նպատակով, որ հաշմանդամություն ունեցողը կարողանա ինքնուրույն տեղաշարժվի: Խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: Դա մի հոգու լուծելու հարց չէ, ընդհանուր ջանքեր են պետք»:

 

Ընդհանուր ջանքեր, սակայն, Գրետային անձնական կյանքում պետք չեն: Ամեն ինչի ինքնուրույն հասած գյումրեցին նույն ձևով դստերն է դաստիարակում: Ամուր, ուժեղ կամքով, սեփական նախաձեռնությամբ շարժվող և նպատակասլաց: Եղել է ժամանակ, որ ցանկացել է նրան ևս տեսնել ծանրամարտում: Հետո չի խառնվել կյանքի ընթացքին: «Մարզիչիս ցանկությամբ մի քանի շաբաթ եկավ մարզվելու, բայց չպայքարեց  ծանրաձողի հետ:  10 տարեկան է դեռ, հիմա մենակ դասերով  է զբաղված: Ինձ համար էլ դա է կարևոր: Հիմա այն ժամանակահատվածն է, որ պետք է կրթվի, ձգտի բարձրագույն  կրթության, իր ցանկությամբ ապրի և առաջ գնա»,-ասում է Գրետան:

 

 Ա. Մինասյան

 

 

Դիտումների քանակը` 1394

Գլխավոր էջ