Գործուղում հետպատերազմական Թալիշ
… Թալիշի վերջից անզեն աչքով նշմարվող բարձունքից որևէ հայկական կամ ադրբեջանական տարբերանշան չի երևում`ոչ մի դրոշ, ոչ մի զինվորական, ոչ էլ ինչ-որ զինտեխնիկա:
43-ամյա Սոս Պետրոսյանը, որ գյուղի մաթեմատիկայի ու ֆիզիկայի ուսուցիչն է, ասում է` բարձունքը իր տանից մոտ 1000 մետր է հեռու: Պահեստազորի սպան մեկ ամիս առաջ էր տունը ստացել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում 11 տարվա ծառայության համար:
Հայկական ուժերն արդեն պաշտոնապես ընդունում են, որ ապրիլի 2-ին կորցրել են Թալիշից երևացող այդ բարձունքը, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով աննախադեպ լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ՝ առաջին անգամ 1994-ի հրադադարի հաստատումից հետո:
Այստեցից ադրբեջանական զինված ուժերը նշանառության տակ են պահում Լեռնային Ղարաբաղի հարավ-արևելյան հատվածում գտնվող Թալիշ գյուղը, որի 500 բնակիչները էվակուացվել են: Սոս Պետրոսյանն իր կնոջն ու երեք տղաներին Հայաստան է տեղափոխել, նրանք ապաստանել են կնոջ մոր տանը` Չարենցավան քաղաքում:
«Թող շատ չուրախանան, այսպես չի մնալու: Հետ ենք վերցնելու»,- ասում է Պետրոսյանը, որ եկել է իր տուն՝ ամենափոքր, 4-ամյա տղայի սպորտային կոշիկներն այնտեղից վերցնելու համար:
Ասում են, 2016 թվի մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը վերջին երկու տարիներին միակն է եղել, երբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ոչ մի կրակոց չի արձակվել:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հատուկ-ջոկատային Արսենն ասում է. նման լուռ գիշերներ մի քանի տարին մեկ են լինում միայն: Նա իր ջոկատի տղաների հետ տեղակայվել է Թալիշի տներից մեկում:
Ցերեկները գյուղը խաղաղ է: Տղաների հանգստի ժամն է: Զինվորական տաբատով ու շապիկով իրենց ժամանակավոր կացարանի դարպասի մոտ կանգնած Արսենն ասում է, որ համեմատաբար խաղաղ են նաև գիշերները, հատկապես մայիսի 16-ից հետո Ադրբեջանը հրետանի ու այլ ծանր զինտեխնիկա չի կիրառում:
Այդ օրը ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ Վիեննայում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն ու արտգործնախարարները: Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը, այդ հանդիպումից հետո, վերջին անգամ երկու կողմում էլ հակառակորդի կրակից զինվորներ են մահացել:
Թալիշում հիմա զինվորականներն են ապրում՝ գյուղի մուտքի մոտ ինչ-որ աշխատանքներ են անում: Թալիշի հիմնական ճանապարն անցնում է մանկապարտեզի կողքով, որտեղից ազգագրական երգեր են լսվում` հատուկ-ջոկատայիններ են երգում: Շենքի ներսում, երեխաների մանկապարտեզի հողաթափերով լի դարակի մոտ զինվորական չոր օրապահիկների արկղեր են`որոշները բաց, մյուսների կողքին թխվածքաբլիթներ են թափված:
Հիմնական ճանապարհով զինվորական մեքենաներ են բարձրանում դեպի դիրքեր ու վերադառնում:
«Եթե մենք մեր խաղաղությունը պիտի պատերազմով ձեռք բերենք, պատրաստ ենք»,- ասում է 39-ամյա Արսենը: Նա պատահական մարդ չէ ղարաբաղյան հակամարտության թոհ ու բոհում:
Արսենն արմատներով Գետաշեն գյուղից է: 1989-ին, երբ իր ընտանիքը երկու մեքենայով հեռացավ գյուղից, 12 տարեկան էր:
«Մինչև էսօր ես հիշում եմ` Ղազախ չհասած մի Իկարուս ավտոբուս էր AD համարներով: Բոյով մարդ էր, սպիտակ մազերով, սիրուն հագնված, բաճկոն չկար վրան, բայց ժիլետով էր: Ինքը բան էր ուզում ասել` հետևից էկան, արմատուրով խփին, քցին, ու սկսին ժողովրդին ծեծել: Այդ օրվանից եմ որոշել` զինվորական պիտի դառնամ»,- պատմում է Արսենը:
Առաջին անգամ Արսենը Թալիշում եղել է 7 տարեկանում. «Քեռուս կինը էս գյուղից էր, ես եկել էի ամառվա արձակուրդներին: Մանկության ընկերս է այս գյուղից, արդեն 31 տարի ընկերություն ենք անում:
Ես միշտ մտածել եմ` մեր հայրենիքը սկսվում է Թալիշից, սա կարծես մեր տան դարպասը լինի: Բայց հակառակորդը խուլիգանավարի էկել ա, քնած մարդուն տեղից հանել ա… Փառք աստծո, որ մենք ունենք 19-20 տարեկան քաջ տղաներ, որ կարողացել են իրանց դիմակայել, թե չէ` ես հավատում եմ` նույն սցենարը կարող էր լինել, ոնց որ Մարաղայում: Թալիշի ժողովրդին կկոտորեին, ապացույց էլ կա, որ մտան գյուղ`տարեց, հիվանդ մարդկանց սպանեցին»:
Թալիշցիներն ուզում են գյուղ վերադառնալ: Բայց Լեռնային Ղարաբաղի իշխանությունները դա անվտանգ չեն համարում: Թալիշը դեռ միայն զինվորական համազգեստով մարդկանց տունն է լինելու: Ու ապրիլի հրետակոծությունից մասամբ կամ ամբողջությամբ ավերված շինությունների տերերը դեռ չեն նորոգի դրանք:
Սպիտակ ու կապույտ զգեստով մի շիկահեր տիկնիկ է պառկած Թալիշի կենտրոնի տներից մեկի այգում:
«Մեր դասատուներից մեկի` պատմության ուսուցիչ Արմեն Հայրապետյանի տունն է: Տիկնիկը երևի իրա մեծ աղջկանն ա` Գրետիկինը: Հայրապետյանը կնոջ ու երկու դուստրերի` Գրետայի ու նորածին Իվետայի հետ նույնպես տեղափոխվել ա Հայաստան»,- ասում է Սոս Պետրոսյանը:
Ապրիլին, մինչ թալիշեցիները ընտանիքներին տանում էին Հայաստան, հարյուրավոր կամավորներ գնացին Լեռնային Ղարաբաղ: Նրանցից շատերը մինչ օրս դիրքերում են, զինվորների կողքին:
Մարտակերտի պաշտպանական հենակետերից մեկում էլ զինվորներն ու սպաները կամավորների հետ են: Հենակետում են նաև պահապան շունն ու երկու ձագերը, որոնք հանգստի ժամին պատերազմական դրությունից շեղվելու լավագույն միջոցն են:
22-ամյա Սուրեն Դավթյանը արդեն 2 ամիս է առաջնագծում է՝ քառօրյա պատերազմի առաջին օերից: Ասում է, անգամ Վիեննայի հանդիպումից հետո հաստատված համեմատական անդորրը երաշխավորված չէ՝ արտակարգ դրությունը պահմանվում է:
Հերթապահ զինվոր Մյասնիկ Կարապետյանն իր դիրքից հեռադիտակով հետևում է իրենից 400 մետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանական դիրքին: Այս պահին որևէ շարժում չի նկատում: Լեռնային Ղարաբաղում խաղաղ, քամոտ ու արևոտ երկուշաբթի է:
«Թեպետ սահմանին իրավիճակը համեմատաբար խաղաղ է այս օրերին, բայց քանի դեռ խախտումները զսպող մեխանիզմներ չեն ներդրվել, բանակցային գործընթացը այս կետից առաջ գնալ չի կարող,- ասում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը: Ինչպես ցանկացած նորմալ մարդ` ղարաբաղցիներն էլ վախենում են պատերազմից, քանի որ մարդը ստեղված է խաղաղության մեջ ապրելու համար, բայց մենք կռվելուց չենք վախենում»:
Նախարարը ընգծում է, Ղարաբաղում «հուսով են», որ հակամարտությունը կկարգավորվի, բայց այդքան «միամիտ չեն»` հավատան, թե դա շուտ լուծվող հարց է. «Պետք է աշխատենք այս հակամարտության արդար ու երկարաժամկետ լուծման համար, քանի որ արագ որոշումները լավագույնը չեն կարող լինել»:
Հեղինակ Սառա Խոջոյան
Աղբյուրը՝ JAM-News
Դիտումների քանակը` 4137