Գյումրի-2016. Նախնական տվյալներով ավագանիում կանայք 21% են կազմելու
Հոկտեմբերի 2-ին Գյումրիում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները, թերևս, անակնկալ չհանդիսացան և որևէ մեկի համար. Հայաստանի երկրորդ քաղաքում ամենամեծ թվով քվեներ հավաքեց գործող իշխանությունը ներկայացնող «Բալասանյան»դաշինքը:
ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների համաձայն, Գյումրու ավագանիում 4 քաղաքական ներկայացված կլինի, այն է. «Բալասանյան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստանը», «Հայկական վերածնունդը» և «Գալա» կուսակցությունները։ Եթե թվային պատկերը չփոփոխվի, ապա «Բալասանյան» դաշինքը ավագանիում կունենա 14-15 մանդատ, ԲՀԿ-ն՝ 9 մանդատ, ԳԱԼԱ-ն՝ 4, «Հայկական վերածնունդը»՝ 4 -5 մանդատ:
Առաջին անգամ համամասնական ընտրակարգով անցկացված այս ընտրություններից հետո Գյումրու ավագանին կունենա 33 անդամ: Ըստ նախնական հաշվարկի՝ ավագանու 33 անդամներից 7-ը կլինեն կանայք (եթե ինքնաբացարկներ չլինեն): Սա արդեն դրական դինամիկա է, քանի որ Գյումրու արդեն նախկին ավագանիում 21 անդամից միայն մեկն էր կին:
Պատկերը, ըստ նախնական արդյունքների, կլինի հետևյալը՝
«Բալասանյան» դաշինքից ավագանիում ներկայացված կլինի 3 կին՝ ՀՀԿ-ական Լոլյա Խաչատրյանը, անկուսակցական Լուսինե Սանոյանն ու Գայանե Սարգսյանը:
«Բարգավաճ Հայաստանը» ավագանիում կունենա 2 կին անդամ՝ ԲՀԿ-ական Սուսաննա Աստոյան և ԲՀԿ-ական Արմենուհի Մխիթարյան:
«Հայկական վերածնունդը» ավագանիում կներկայացնի միայն մեկ կին՝ ԵԿՏԱ Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Հասմիկ Եղիազարյանը:
Գաղափարակից լիբերալների ալյանս կուսակցությունը՝ ԳԱԼԱ-ն, ևս կունենա ընդամենը մեկ կին ավագանի: Ըստ ընտրական ցուցակի, ավագանիում ներկայացված կլինի միայն Քրիստինա Մկրտչյանը: Նշենք, որ ԳԱԼԱ-ի ընտրական ցուցակում 22 թեկնածուներից 7-ը կանայք են (32%):
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ի Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցեց 11 կուսակցություն, որոնց նախընտրական ցուցակներում ընդհանուր թվով 419 թեկնածու էր ներկայացված, որոնցից 128-ը կամ 30,5 տոկոսն են կանայք: Օրենքի սահմանված պահանջով՝ կուսակցությունները պետք է ապահովեն իրենց նախընտրական ցուցակներում սեռերի առնվազն 25/75 համամասնությունը: Միակ կուսակցությունը, որի ընտրական ցուցակը գլխավորում էր կին, Հայ Ազգային Կոնգրեսն էր, որը, սակայն պարտություն է կրել՝ ստանալով ընդամենը 471 ձայն:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 2632