«Գյուղն այն հենարանն է, որին պետք է ամուր հենվել» / տեսանյութ

Տավուշի մարզի Հովք համայնքում Օքսֆամի աջակցությամբ հիմնված ջերմոցային տնտեսության նախագահ Ալվարդ Չատյանն իր ամբողջ էությամբ կապված է գյուղին, թեպետ մինչ այդ ողջ կյանքն ապրել է քաղաքում, աշխատել է Նոր Հաճնի «Շողակն» գործարանում: Երբ աշխատանք չունենալու պատճառով վերադարձավ Հովք, չէր էլ մտածում, որ այդչափ կնվիրվի բնությանն ու գյուղի խնդիրներին:

 

Ջերմոցային տնտեսության հիմնադրման առաջին իսկ օրվանից լծվեց գործին՝ իր լավատեսությամբ վարակելով համագյուղացիներին: Սկզբում դժվար էր, բայց կարողացավ հաղթահարել փորձի պակասը, մասնակցելով ջերմոցային տնտեսության շահագործման վերաբերյալ դասընթացների՝ ձեռք բերեց համապատասխան գիտելիքներ: Կոլեկտիվի 15 անդամներն ընտրեցին նրան ջերմոցային տնտեսության նախագահ՝ հաշվի առնելով նրա՝ աշխատանքի նկատմամբ համառությունը և մարդկային վառ անհատականությունը:

 

 

 

Նորաստեղծ ջերմոցային տնտեսության հետ մեծ հույսեր է կապում նախագահը: Ասում է՝ աշխատատեղ է, 15 ընտանիք գյուղը չի լքի, առանց այն էլ շատերն են հեռանում: Սիրտը շատ է ցավում գյուղի համար, քանի որ փախստականներով բնակեցված Հովքում բնակիչների մեծ մասը թողնում-հեռանում է գյուղից: Տիկին Ալվարդը փորձում է հասկանալ, բայց ոչ արդարացնել գնացողներին.

 

– Գյուղը չունի մանկապարտեզ, մշակույթի տուն, տների մեծ մասն էլ գտնվում է սողանքային գոտում և զուրկ է նվազագույն պայմաններից: Քաղաքում ապրած մարդկանց դժվար է հարմարվել ամենատարրական կոմունալ հարմարությունների բացակայությանը: Բայց, դե, գյուղը այն հենարանն է, որին պետք է ամուր հենվել՝ հողը կպահի գյուղացուն, մնում է միայն աշխատել: Կոմունալ բոլոր հարմարություններով բնակարանը ոչինչ չարժե, եթե մարդ չի կարողանում արարել ու ստեղծել,- համոզված է Ալվարդ Չատյանը:

 

Ինչքան էլ դժվար լինի, չի դժգոհում ու լավատեսությունը չի կորցնում: «Առաջին տարին է, հուսով եմ՝ արդյունք կունենանք»,- ասում է աշխատանքից չվախեցող այս կինը: Ինչ վերաբերում գյուղի խնդիրներին, ապա նա դրանցով էլ է  պատրաստ զբաղվել, մտածում է  ավագանու անդամ առաջադրվելու մասին, քանի որ դա իրեն մարդկանց օգնելու լրացուցիչ հնարավորություններ կտա:

Ապրում է մոր հետ, որդին ծառայության մեջ է: Զինվոր որդու մասին առանձնակի հպարտությամբ է խոսում: Ալվարդի հյուրընկալ օջախում արդեն երեք տարի է, ինչ բնակվում է 80-ամյա Անահիտ Սիմոնյանը: Թոշակառու Անահիտ տատիկին տեսնելով փողոցում՝ բերել է տուն և խնամում է հարազատ ծնողի պես…

 

– Տանը տղամարդ չկա, անգամ խոտհունձը ես եմ անում,- ասում է տիկին Ալվարդը: – Առավոտյան կովերին հանդ եմ տանում, դաշտից անպայման մի փունջ ծաղիկ եմ ինձ հետ տուն բերում: Ծաղիկներ շատ եմ սիրում, արդեն հասցրել եմ ձնծաղիկներ հավաքել: Երեք հողամաս եմ մշակում, անասուն պահում, աշխատանքից չեմ դժգոհում, կարևորն արդյունքն է, երբ այն ստանում ես՝ ամեն դժվարություն մոռացվում է… Այն, որ ստեղծում և ստեղծածիցդ բաժին ես հանում ուրիշին, ոչ մի բանի հետ չես փոխի…

 

Առօրյա հոգսերից հանգստանալով՝ նա նստում է համակարգչի առաջ: Գյուղում ապրող կնոջ համար հանգստի ժամանակ գրեթե չի լինում, բայց, դե, համակարգիչն էլ ժամանց չէ նրա համար, տեղեկատվության ու գիտելիքի աղբյուր է:

 

Նշենք, որ Ալվարդ Չատյանին «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխության թեկնածու է առաջադրել  Օքսֆամի հայաստանյան գրասենյակը:

Նաիրա Խաչիկյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ  մեր կայքում.

 

Գործունյա կնոջ ձեռքում քարն էլ է փափկում…/ տեսանյութ

 

Ամփոփվեց «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությունը

 

Շնորհավորում ենք «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» մրցույթի հաղթողներին

 

«Մեր տան ամեն ինչը «բնական» է»…/ տեսանյութ

 

«Լիիրավ երջանկությունը ընտանիքիս համերաշխությունն է, ինչպես որ խաղաղությունը՝երկրի համար »…/ տեսանյութ

 

«Հասոյի լեգենդար պանիրը»

 

«Կանա՛յք, վստահե՛ք ձեր ուժերին և առա՛ջ շարժվեք»…

 

«Աշխատանքի մեջ պահանջկոտ եմ, ուզում եմ ամեն ինչ իր հունով, շիփ-շիտակ գնա»

 

«Հաջողության բանալին համբերատարությունն է ու սերը աշխատանքի նկատմամբ»

 

«Տարիների ընթացքում զարգացրել եմ սեփական տնտեսությունս»

 

«Նոր ուղիներ եմ փնտրում տնտեսությունս ընդլայնելու և զարգացնելու համար»

 

«Բոլոր դժվարությունները դառնում են հաղթահարելի, եթե գիտես` հանուն ում և ինչի պայքարել»

 

«Յուրաքանչյուր աշխատանքին հարկավոր է ստեղծագործաբար մոտենալ, սեր ու հոգի ներդնել»

 

«Գործս մեծ հաճույքով եմ անում ու երբեք չեմ մտածում քաղաքում ապրելու մասին» / տեսանյութ

 

Մի ձեռքը ծափ չի տալիս…/ տեսանյութ

 

Հարսնությամբ կնքված աշխատասիրություն և արարում

 

«Հողը, ծաղկած դաշտերը, մեր բնությունն ու մարդկանց ջերմությունն են ինձ ուժ տվողը»

 

«Ամեն ինչն էլ սիրով եմ անում, դրա համար էլ հասցնում եմ»…

 

«Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար»

 

«Գյուղն այն հենարանն է, որին պետք է ամուր հենվել» / տեսանյութ

 

«Իմ երջանկությունը ընտանիքս է, իսկ խնդիրները լուծում կստանան»/ տեսանյութ

 

«Կին, ով գյուղի հույսն ու հավատն է»

 

WomeNet.am-ը անդրադառնում  է  «Գյուղմթերք արտադրող կին հերոս» կոչմանը արժանացած բոլոր  կանանց  պատմություններին

Դիտումների քանակը` 4935

Գլխավոր էջ