Գյուղի կանայք` կայուն զարգացման կարեւոր դերակատարներ

 

 

rural-women-2

 

 

ՄԱԿ-ը փաստում է, որ ողջ աշխարհում կանայք կազմում են   գյուղատնտեսությունում զբաղվածների  գրեթե կեսը, իսկ զարգացող երկրներում, որտեղ գյուղատնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի  32 %-ը, մոտ  80 %  տնտեսապես ակտիվ կանայք զբաղվում են գյուղատնտեսությամբ, սննդի արտադրությամբ: Դրա հետ մեկտեղ կանայք կազմում են աշխարհում սովից տառապող մարդկանց 70 %-ը:

 

 

Արժեւորելով գյուղի կանանց կարևորագույն դերը և նրանց ներդրումը գյուղատնտեսության զարգացման, պարենային անվտանգության ապահովման և աղքատության վերացման մեջ  ՄԱԿ-ն իր  պաշտոնական օրացույցում հոկտեմբերի 15-ը   որպես Գյուղաբնակ կանանց միջազգային օր է  հռչակել:

 

 

Պատահական չէ, որ այդ օրվան անմիջապես հաջորդող օրերին ՄԱԿ-ը նշում է ևս երկու տարեթիվ` հոկտեմբերի 16-ին պարենի համաշխարհային օրը, հոկտեմբերի 17-ին` աղքատության վերացման միջազգային օրը: Այդկերպ ընդգծվում է գյուղի կանանց առանձնակի դերը քաղցի և աղքատության վերացման և պարենային անվտանգության ապահովման գործում: Ի դեպ,   2010-ից սկսած ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը իր նախապատվություններից մեկն է դարձնում   «Կանայք – սննդի անվտանգության բանալին են»  սկզբունքը ՝ առաջարկելով դիտարկել գենդերային անհավասարության վերացումը գյուղատնտեսության մեջ որպես զարգացման եւ պարենի անվտանգության խնդիր:

 

 

Գյուղատնտեսությունը Հայաստանում հանդիսանում է  զբաղվածություն  ապահովող գերակա ոլորտներից մեկը, Հայաստանի համախառն ներքին արդյունքի մեջ  գյուղատնտեսության  մասնաբաժինը կազմում է 17,3 % գյուղատնտեսական ոլորտում զբաղված  են հանրապետության աշխատանքային  ռեսուրսների   34.8%-ը, որից  շուրջ 56 %-ը կանայք են, ինչը կանանց դարձնում է գյուղատնտեսության զարգացման առավել կարևոր մասնակից: Ընդ որում, տղամարդկանց զբաղվածության կառուցվածքում գյուղատնտեսությանը բաժին է ընկնում 29.6 %-ը, իսկ կանանց զբաղվածության կառուցվածքում՝ 40.5 %-ը: Բացի այդ, կանանց ոչ ֆորմալ զբաղվածության կառուցվածքում գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը  82.1%   է: Ըստ էության , գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը ստեղծվում է կանանց կողմից, և նրանք են սննդամթերքի մատակարարման և գյուղական վայրերում տնային տնտեսությունների գոյատևման հիմնական երաշխավորողները: Տղամարդկանց արտագնա աշխատանքի մեկնելու պայամաններում կանանց  այդ դերակատարումը միայն մեծանում է:

 

 

Ըստ ՀՀ  ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների միջին ամսական զուտ եկամուտը գյուղատնտեսության ոլորտում կազմել է 74.0 հազ. դրամ է, ինչը ցածր է տնտեսության մեջ միջին ցուցանիշից,  որը 91.7 հազ. դրամ է կազմում: Դրա հետ մեկտեղ զգալի է նաև կանանց ու տղամարդկանց եկամուտների տարբերությունը  գյուղա¬տնտեսությունում, որը 44 %-ի է հասնում: Ոչ ֆորմալ զբաղվածության պարագայում ավելի է ընդգծվում կանանց ու տղամարդկանց եկամուտների տարբերությունը, որն այս դեպքում ավելի մեծ է, քան միջինում գյուղատնտեսության մեջ, ինչը հիմք է տալիս բնութագրելու կանանց որպես աշխատաշուկայի ամենացածր վարձատրվող և սոցիալապես չպաշտպանված սեգմենտի ներկայացուցիչներ:

 

Գյուղական վայրերում որակյալ ենթակառուցվածքների և ծառայությունների բացակայությունը հատկապես ծանր են անդրադառնում կանանց վրա՝ սահմանափակելով նրանց հնարավորությունները  շուկաների, տեղեկատվության, տրանսպորտի, ջրամատակարարման, առողջապահական հիմնարկների, նախադպրոցական հաստատությունների հասանելիության առումով,  դրանով իսկ  խոչընդոտելով կանանց արտադրական և տնային պարտականությունների համատեղումը և իջեցնելով  տնային տնտեսությունների բարեկեցության մակարդակը

 

Մինչդեռ, տնային տնտեսությունների մակարդակով պարենի անվտանգության հիմնական երաշխավոր են հանդիսանում կանայք՝ հաշվի առնելով նրանց դերը ընտանիքի սննդակարգի որոշման և ձևավորման մեջ: Կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնումը, նրանց որպես սննդի արտադրողների և մատակարարների դերի կարևորումը անմիջական ազդեցություն ունեն տնային տնտեսությունների պարենային անվտանգության վրա: Սակայն այս հանգամանքը պարենային անվտանգության  և գյուղատնտեսության զարգացման  ծրագրերում արտացոլված չէ:

 

 

Գենդերային անարդարությունը գյուղի կանանց  տնտեսական գործունեությունում  դրսևորվում է նաև հանայնքային որոշումների կայացման գործընթացներում: Հանդիսանալով գյուղատնտեսության շարժիչ ուժը  կանայք  գրեթե  չեն մասնակցում իրենց իսկ համայնքներին վերաբերող   որոշումների կայացմանը, դրանով իսկ զրկվելով իրենց շահերն արտահայտելու հնարավորությունից: 2015-ի տվյալներով հանրապետության 866 գյուղական համայնքներից ընդամենը  18-ն էին ղեկավարում կանայք (2%), գյուղական ավագանիների կազմում նրանց ընդգրկվծությունը ընդամենը 9,9 % էր: Ցավալի է, սակայն  այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով էլ  պատկերն էականորեն չի փոխվել:

 

Այս տարի  ՄԱԿ-ը  շեշտադրում է   գյուղի կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման խնդիրը որպես կայուն զարգացման նպատակներին հասնելու վճռորոշ գործոն: Կայուն զարգացման ր նպատակների շրջանակում  խնդիր է դրվում , կրկնապատկել գյուղատնտեսության արդյունավետությունը և սննդամթերքի փոքր արտադրողների, այդ թվում  կին ֆերմերների  եկամուտները: ՄԱԿ-Կանայք  գործակալությունը դիտարկում է գյուղի կանանց որպես աղքատության դեմ պայքարի, պարենի  արտադրության եւ ապահովման հարցում  վճռորոշ  մասնակիցներ:

 

 Կայուն զարգացման  17 նպատակների տեսակետից  գյուղաբնակ կանանց դերակատարումը  կարևորվում է  ոչ միայն   գյուղատնտեսության կայուն զարգացման խթանման ,  աղքատության ու սովի վերացման,  պարենային ապահովության ու բարելավված սնուցման / ԿԶՆ 1;2/ այլ մի շարք այլ նպատակների իրականացման հարցում : Դրանց թվում են ՝  սպառման և արտադրության կայուն մոդելների ապահովումը (ԿԶՆ 12 ,  կլիմայի փոփոխության հետ պայաքարը (ԿԶՆ 13),  դիմակայուն ենթակառուցվածքների ստեղծումը (ԿԶՆ 9),  օվկիանոսների, ծովերի ու ջրային պաշարների պահպանությունը և կայուն օգտագործումը ՝ հանուն կայուն զարգացման (ԿԶՆ 14), ցամաքային էկոհամակարգերի պաշտպանությունը  և վերականգնումը, անտառների կայուն կառավարումը, պայքարը  անապատացման դեմ, շրջադարձային  հողերի վատթարացման  կասեցումը և  կենսաբազմազանության կորստի դադարեցումը (ԿԶՆ 15) և այլ նպատակներ;

 

Իրականում  գյուղի կանայք կարող են էապես կարևոր ներդրում ունենալ կայուն զարգացման ասպարեզում  բոլոր 17 նպատակներին հաջողությամբ հասնելու գործում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի այս տարվա   ուղերձում Գյուղի կանանց օրվա կապակցությամբ հատկապես շեշտադրվում է  գյուղի կանանց համար  պարենի արտադրության նոր տեխնոլոգիաների, կլիմայի փոփոխության դեպ պայքարի վերաբերյալ  համապատասխան տեղեկատվության հասանելիության  խնդիրը: Այն կարեւոր նախապայման է  գյուղի կանանց  հնարավորությունների ընդլայնման համատեքստում :

 

Նշենք նաեւ, որ այս  տարվա  Պարենի համաշխարհային օրվա  կապակցությամբ ՄԱԿ-ը  շեշտադրում է  կլիմայի փոփոխության, կայուն գյուղատնտեսության և պարենային ու սնուցման ապահովության միջև սերտ կապը՝ առաջնորդվելով «Կլիման փոխվում է։ Պարենն ու գյուղատնտեսությունը նույնպես պետք է փոխվեն» ուղերձով: «Գյուղատնտեսությունն ու պարենային համակարգերը պետք է դառնան ավելի դիմակայուն, արտադրողական, ներառական և կայուն… Երկրները պետք է կլիմայի փոփոխության վերաբերյալ իրենց գործողությունների ազգային ծրագրերում անդրադառնան գյուղատնտեսությանն ու պարենին և ավելի շատ ներդրումներ կատարեն գյուղական վայրերի զարգացման ոլորտում: Այս հատվածներում նպատակաուղղված ներդրումները հնարավորություն կտան ստեղծել դիմակայունություն և մեծացնել փոքր ֆերմերների եկամուտն ու արտադրողականությունը՝ միլիոնավոր մարդկանց հանելով աղքատությունից », –  ասված է  Պարենի համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի ուղերձում:

 

 

WomenNet.am

Դիտումների քանակը` 3376

Գլխավոր էջ