Գյուղի կանայք երեկ ու այսօր. Զվոյի մանկության պատառ տիկինիկը

Վերջապես  այստեղ ենք: Գեղարքունիքի այս հեռավոր գյուղում մի ժամանակ ապրել է նաև պապիկս : Համայնքի անունը մի փոքր դժվար է դրա համար էլ մենք ուղղակի անվանում ենք «պապիկենց գյուղ»:  Մեր ընտանիքի ավագ անդամը հաճախ էր պատմություններ պատմում իր խոսքերում միշտ փոքր ինչ կշտամբելով ժամանակին և դրա հետևանքով առկա փփոխություններին: Հիշում եմ՝ այդ պատմություններից ամենատպավորիչը Զվոյի մասին էր, ում տան առջև հիմա մենք կանգնած ենք:

 

 

…Զվո տատը 12 տարեկան էր, երբ ամուսնացրին: Առաջին անգամ իր ամուսնուն տեսավ պսակադրության երեկույթի ժամանակ: Բայց միայն այդ ժամանակ, քանի որ Մեծ Մարեն, այդպես էին ասում սկեսրոջը, Գեղարքունիքի մարզի բոլոր կանոններին դեմ գնալով՝ սկզբանական շրջանում նորահարսին իր կողքը քնեցրեց:
Այսպես մի որոշ ժամանակ, մինչև հասունանալը, նա քնում էր Մեծ Մարեի կողքին; Զվոն հերանց տնից մի տիկնիկ էր բոլորից գաղտնի բերել: Երբ տան անդամները զբաղված էին լինում, նա թաքնվում էր  զգեստապահարանի մեջ ու տիկնիկով խաղում: Մի անգամ էլ, երբ Մեծ Մարեն շատ կանչեց, բայց այդպես էլ արձագանք չգտավ, Զվոյին գտավ զգեստապահարանում՝ տիկնիկը ձեռքին: Այդ օրվանից նրա մանկական այդ մի փոքր պատառն էլ վերացավ ու սկսվեցին արդեն կնոջ պարտականությունները:

 

 

Զվոն ունեցավ 17 երեխա, որոնցից 7-ը մահացան: Մեկը երեք ամսականում, մյուսներն ավելի փոքր, մեկն էլ 18 տարեկանում, ում նկարը երբեք չիջավ արդեն ամբողջ տան հոգսն իր ուսերին վերցրած կնոջ սենյակի պատի վրայից: Մահվան օրվանից նա օրեցօր սկսեց նիհարել, մեջքը կորանալ և ամբողջ մարմինը հետզհետե փոքրացավ: Այդ պատճառով գյուղում բոլորը նրան Զվո տատ էին կանչում: Իսկ փոքրության համար, երբմեն անգամ կոչում էին «պուճուր տատի»:

 

 

Նրանց համատեղ անցկացրած տարիների ընթացքում, Զվոն ամուսնուն տեսնում էր տարվա մեջ մեկ կամ լավագույն դեպքում երկու անգամ, բայց դա էլ էր բավական լինում, որ երեխա ունենալու պարտականությունն անպայման իրագործվեր:  Եթե  կինը համարձակվեր երկար ժամանակ  չհղիանալ, ապա դա կնշանակեր , որ նա առողջական խնդիրներ ունի և ամեն վայրկյան ամբողջ գյուղում խայտառակվելու վտանգ կա:  Այնպես որ Զվոյի հոգսն ու գործն անպակաս էին. օրվա ընթացքում նա ոչ միայն երեխաների խնամքով ու տան կենցաղային հարցերով  էր զբաղվում, այլ նաև հող էր մշակում, ջուր կրում, փայտ կոտրում, թոնիր վառում հաց թխում….

 

 

…Ծնողներն իրենց զավակներին գաղտնի էին սիրում, փաղաքշում, երեւի թե միայն այն ժամանակ, երբ նրանք քնած էին: Զվոն քնեցնելիս էր միայն համբուրում իր փոքրիկներին, հետո լաց  լինում իր 18 տարեկան որդու համար, որ ոչ ոք չլսի:  Բայց դե գիշերներ էլ, կարելի է ասել, հանգիստ չուներ: Բա լվացքը ե՞րբ աներ:  Ջուր էր տաքացնում թոնրի վրա, լվացք անում, վազում երեխային կաթ տալիս, իսկ առավոտյան յոթին պարտադիր վազում անասնագոմ:

 

 

Այսօր Զվո տատի մահվանից անցել է ավելի քան 20 տարի, կյանքն անշուշտ առաջ է գնում, բայց դե գյուղի  կանանց հոգսը, կարծես թե, չի թեթեւանում …  Նրանցից մեկն նկատեց.

–         Իհարկե, այսօր, ինչպես առաջ, մենք գաղտնի չենք սիրում մեր երեխաներին ու թոռներին, բայց տանջալի գործերը դեռևս մնացել են: Մենք էլ ենք հաց թխում, հող մշակում, իսկ մեր ամուսիններին գյուղում կգտնեք միայն ձմռանը:

 

 

Մյուսն էլ  զավեշտալի մի դեպք պատմեց.

–         Վերջերս մեզ մոտ թաղում էր: Գյուղում չգտնվեց չորս տղամարդ, որ դագաղը բռներ: Մի կողմից մենք ենք բռնել:  Բացի ձմեռվանից մյուս եղանակներին գյուղում է միայն տրակտորիստ, խոտի տուկերը բեռնող մեքենայի վարորդը և մի պապիկ, ով անկողնային պառկած է: Նախիրն առաջ տղամարդիկ էին տանում հանդ, իսկ հիմա մենք ենք օր նշանակել ու հերթով տանում ենք սարերը արածացնելու:

Պայծառ Հակոբյան

Դիտումների քանակը` 3752

Գլխավոր էջ