Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը Երևանում/ տեսանյութ

Սեպտեմբերի 26-ին Երևանի Անգլիական այգում տեղի ունեցած Գյուղական կյանքի և ավանդույթների 2-րդ փառատոնին մասնակցում էին շուրջ 70 ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից , ինչպես նաեւ Սիրիայից տեղահանված մեր հայրենակիցները…  Նրանք  ներկայացնում էին իրենց արտադրած բերքն ու բարիքը,  պանրի տեսականի, գինիներ, հյութեր, ձիթապտուղ, չրեր, բուսական թեյեր և այլն:, Կազմակերպվել էր նաև ձեռագործ աշխատանքների ցուցադրություն-վաճառք: Փառատոնը  կազմակերպվել էր Գյուղատնտեսության  աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից Երևանի քաղաքապետարանի, ՀՀ  գյուղատնտեսության, ինչպես  նաև  միջազգային  և  տեղական մի շարք  կազմակերպությունների աջակցությամբ:

 

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ողջունելով փառատոնի մասնակիցներին և կազմակերպիչներին նշեց, որ մայրաքաղաք Երևանն  իր քաղաքային ավանդույթների հետ միասին նաև այսպիսի ավանդական փառատոնների կարիք ունի։ «Բերքի այս փառատոնը շատ կարևոր է տնտեսական կապերի ստեղծման և գյուղացիական ֆերմերների աշխատանքը խրախուսելու առումով», -ասաց Կամո Արեյանը:

 

ՀՀ  գյուղատնտեսության նախարարի  տեղակալ Գառնիկ Պետրոսյանը կարևորելով փառատոնը,  հույս  հայտնեց, որ հողի մշակն  իր  քրտնաջան աշխատանքի արդյունքը վայելում է  նաև  նմանատիպ միջոցառումների շնորհիվ: «Գյուղատնտեսական տարին մոտենում է ավարտին, և մեր հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսությունները և ֆերմերային խմբերը, որոնք ամբողջ տարվա ընթացքում մեծ նվիրումով ու աշխատասիրությամբ, հայրենի հող ու ջրի նկատմամբ անսահման սիրով, մեծ դժվարությամբ բերք ու բարիք են արարել, այսօր հնարավորություն ունեն այստեղ ներկայացնել իրենց աշխատանքի պտուղները»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության հարցերի պատասխանատու Ջոն Բարքերը՝  ողջունելով միջոցառման մասնակիցներին, անդրադարձավ նաև շուկայում առկա այն դժվարություններին, որոնց առնչվում են  հայ  ֆերմերներն իրենց արտադրանքն իրացնելիս: Նրա  խոսքով այս հարցում ֆերմերներին ցուցաբերվող ԵՄ-ի աջակցությունը  լինելու է  շարունակական:

Փառատոնի մասնակիցներին ողջունեցին և հաջողություններ մաղթեցին  նաև Հայաստանում  Իտալիայի, Բրազիլիայի դեսպաններն ու Մեծ Բրիտանիայի դեսպանի  պաշտոնակատարը: «Կանաչ արահետ» ՀԿ-ի ղեկավար Նունե Սարուխանյանը Գյուղական  կյանքի  և ավանդույթների այս  փառատոնը համարեց  յուրահատուկ, քանի որ վերջինս «կարծես  հաշվետվություն է նաև մեր ժողովրդի` մայրաքաղաքի մեր բնակիչներին,  ովքեր ցանկանում են անձամբ  շփվել գյուղմթերք արտադրողի  հետ,  տեսնել  ու կիսել  նրա  հաջողությունները»:

Այնուհետև ազգային  երգ ու  պարի  հնչյունների ներքո այցելուները  տաղավարից  տաղավար էին շրջում,  հիանում ու հետաքրքրվում էին այս  կամ այն մթերքի` ձիթապտղի,  հյութերի,  օղու, պանրի տեսականու,  կաթնամթերքի,  չրեղենի ու քաղցրավենիքի,  մեղրի, էկոլոգիապես  մաքուր օճառի որակներով, ձեռագործ նրբագեղ աշխատանքներով, զարդերով ու անգամ  կենդանիներով: Ամենուրեք աշխուժություն էր  և ուրախ  տրամադրություն,  ինչն  ինքնին  ոգևորում էր  նաև սեփական արտադրանքը  քաղաքաբնակ ու  զբոսաշրջիկ  գնորդի  դատին  հանձնած ֆերմերներին:

Գյուղմթերքների բազմազանությամբ հարուստ Սյունիքի մարզի Աշոտավան  համայնքի տաղավարում ազնվամորու մշակողների խմբի  կանայք իրենց  շուրջ  խմբված  այցելուներին ներկայացնում էին ցուցադրվող մուրաբաների տեսականին, փաթեթավորում  գնված միրգը, ներկայացնում մասուրի և սալորի ջեմերի յուրահատկությունը,  այս  կամ  այն  խոտաբույսի բուժական  նշանակությունը: «Ազնվամորին  մեր համայնքի  բրենդն է»,-ասում է խմբի ղեկավար Վիկտորիա Խաչատրյանը,- Մենք  հիմնականում  զբաղվում ենք նոր տեխնոլոգիաների միջոցով օրգանական ազնվամորու մշակմամբ,  պատրաստում ենք  մուրաբաներ,  ջեմեր: Բացի դա  մեր հողամասերում  մշակում ենք  միրգ,  բանջարեղեն: Մեր հիմնական  խնդիրը շուկայի  բացակայությունն է, ուստի  նմանատիպ  փառատոնները պարզապես  փրկություն են, փնտրում  գտնում ենք  նոր ծանոթություն,  նոր համագործակցություն,  ինչ էլ  վաճառվի  փառատոնում, էլի գոհ ենք»:

Իր արտադրանքի  իրացումից  գոհ է  նաև Արագածոտնի մարզի Օշական համայնքի   կանանց  ոչ ֆորմալ ֆերմերային  խմբի ղեկավար Վերա Զաքարյանը: Տաղավարում  կախված հյութեղ  սուջուխի  շարանները արագորեն  սպառվում են  գնորդների կողմից: <Ընկույզը շարաններով կախել ենք, գնորդի աչքի առջև թթի դոշաբով  պատում ենք  ու  տալիս: Արտադրում ենք  նաև  չրեղեն, որն արտահանում ենք  Ռուսաստանի Դաշնություն, եվրոպական  ու արաբական  երկրներ, այստեղ էլ  պահանջարկը մեծ է: 2012 թվականին  մեր ուժերով  հիմնեցինք «Գյուղի տատիկ» ՍՊԸ-ն ու մեր  տատիկներից ու մայրերից  տեսածն ու սովորածը կիրառում ենք   չրեղենի արտադրությունում»:

Մեղրամոմով  պատված կավե փոքրիկ սափորներով, դարչինի փայտիկներով ձևավորված մոմակալներով, զանազան հուշանվերներով «հագեցած» տաղավարի շուրջ հավաքված այցելուները Սպիտակ  քաղաքից  եկած Մարգո Բոյախչյանից  հետաքրքրվում են մեղրի  որակով: «Սափորների պարունակությունն անարատ մեղր է, քամած  մածունի մասին  խոսք  չկա, իսկ այս  բուրումնավետ  մոմերի  պատվիրատուները  շատ են,  պահանջարկը մեծ է  հատկապես հյուրանոցներում  և  գրասենյակներում: Մեր արտադրանքը  վաճառվում է ոչ միայն Սպիտակի խանութներում, այլև  Երևանի Ալեք  Մանուկյան փողոցի  վրա  գտնվող խանութում»:

Իսկ ահա Վարդենիսի Շինշիլաբուծական  տոհմային  տնտեսության ներկայացրած «արտադրանքով» հիացած են թե  մեծերը, թե  փոքրիկները: Տնտեսության  ներկայացուցիչ Աշոտ Սանամյանի գրկում  փոքրիկ շինշիլան վախվորած դիտում էր  հավաքվածներին: Աշոտ Սանամյանի խոսքով Չիլիի անտառների բնակիչ շինշիլան բազմացվում է  հիմնականում  թանկարժեք  մորթու  համար: Տնային  պայմաններում  պահելու համար նրա  շուկայական  գինը  տատանվում է 45-50 հազար դրամի սահմաններում: Շինշիլան Չինաստանում  և Եվրոպայում  համարվում է  դելիկատես  և  մեծ պահանջարկ  ունի ռեստորաններում,  տարվա  մեջ կարող է ծնել   3 անգամ` ամեն  անգամ`2-5 ձագ:

Աշոտի տաղավարից  քիչ հեռու Կոտայքի մարզի Արգել համայնքի տարեց  ֆերմերների` Ռազմիկ և Սուսաննա Ավետիսյանների էկոլոգիապես  մաքուր  գյուղմթերքների տաղավարն է: Սեփական ուժերով  մշակված մթերքների  տեսքն անգամ վկայում է, որ դրանք  արտադրվել են առանց թունաքիմիկատների,  միայն  կենսահումուսով: Օրգանիկ  մթերքների գիտակ  գնորդների պակաս չկար: Կարճ  ժամանակ անց  սեղանի բնամթերքը վերջացավ:

Փառատոնում բավական  մեծ  տարածք գրավող Արմավիրի  մարզի Գետաշեն համայնքի միջնակարգ  դպրոցի տաղավարը լի էր աշակերտների ստեղծագործություններով, որոնք  հպարտությամբ էր ներկայացնում դպրոցի  տարրական դասարանի դասվար, ծղոտագործության  խմբակի  ղեկավար Գյուլնարա Սարգսյանը: «30 տարի շարունակ  ծողոտի  խմբակի ղեկավար եմ,  մի քանի սերունդ է այցելել խմբակի  պարապմունքներին: Այսօր էլ  սիրով են  հաճախում: Ցորենի  բերքահավաքից անմիջապես հետո երեխաների հետ հավաքում ենք  ծղոտը, մշակում  և ստեղծում  գեղեցիկ գործեր: Նրանց  հետ  մեկտեղ մշակում ենք էկոլոգիապես  մաքուր  մթերքներ: «Կանաչ արահետ» ՀԿ-ի և անհատ  նվիրատուների աջակցությամբ մեր դպրոցին  տրամադրվեցին  գյուղատնտեսական  գործիքներ,  օրգանական  պարարտանյութեր: Մեր  մշակած գյուղմթերքի  վաճառքից ստացված  գումարով  ձեռք ենք  բերում ծղոտագործության  և հուլունքագործության  համար անհրաժեշտ պարագաներ: Ի դեպ, աշակերտներն իրենց  աճեցրած բնամթերքները համտեսում են  դպրոցի  ճաշարանում»:

Փառատոնում  սեփական արտադրանքի բազմազանությամբ աչքի էին  ընկում Շիրակի  մարզի Արեգնադեմ համայնքի ղեկավար, Արեգնադեմի կանանց  խորհրդի նախագահ Աղունիկ Հազրյանի տաղավարը, քիչ հեռվում սիրիահայ  կանանց արևելյան  խոհանոցի ընտրագույն  տեսականու և ձեռագործ աշխատանքների լիառատ  սեղաններն են, քիչ այն  կողմ «Ղարաբաղ կարպետ»-ի  նախշազարդ գորգերն են, որին  հաջորդում են մեղրով,  կաթնեղենով,  պանրով, տարատեսակ  չրերով, խմիչքներով  ու հյութերով ծանրաբեռնված  սեղանները, որոնց  շուրջ  խմբված մարդկանց զրույցները խլանում էին ժողովրդական  և ժամանակակից  երգ-երաժշտության չընդհատվող հնչյուններում…

 

Անուշ Ներսիսյան

Լուսանկարները՝ հեղինակի

 

 

 Տեսանյութը՝ Արմինե Գեւորգյանի

Դիտումների քանակը` 4103

Գլխավոր էջ