Գլխավոր ինֆեկցիոնիստի խորհուրդը. Տեռորի մի ենթարկեք ձեր ստամոքսները
Աողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը և ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեցին Արմավիրի մարզում արձանագրված աղիքային վարակի դեպքերի պատճառները, ինչպես նաև հորդորներ ուղղեցին երեխաների մայրիկներին ու տատիկներին:
Հիշեցնենք, որ Արմավիրում գրանցված աղիքային վարակիչ հիվանդության վերջին դեպքերը հունիսի 16-ին էին, Ջրաշեն ու Նորապատ համայնքներում: Նույն օրը ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք ընդունված 4-ամյա աղջնակի կյանքը փրկել չհաջողվեց: Ռեանիմոբիլով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխված տղայի վիճակն էլ ծայրահեղ ծանր է: Այս դեպքերի առնչությամբ տիկին Բակունցն ասաց, որ մահացած երեխայի գործով իրավապահներն են զբաղվում եւ ինքը ոչինչ չի կարող ասել, սակայն կոմայի մեջ գտնվող երեխան մինչ այդ էլ ծանր առողջական խնդիրներ է ունեցել եւ հաճախ դիմել է բուժօգնության:
Բակունցը նախ հանգստացրեց ներկաներին, ունենք դեպքեր, բայց չունենք համաճարակային խնդիր.
«Աղիքային սուր վարակիչ դեպքերը մեծ մտահոգություն են առաջացրել հասարակության շրջանում, ինչը հասկանալի է, ցավոք, մի երեխա մահացավ: Նախարարությունը ցավով է վերաբերում հարցին: Մենք Արմավիրում որևէ համաճարակային անհագստացնող և վտանգավոր իրավիճակ չունենք, դեպքերը որևէ կերպ կապված չեն միմյանց հետ»:
Կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալը վստահեցրեց, որ մանրամասն ստուգել են հնարավոր բոլոր օջախները, այդ թվում ջուրը, ասաց, որ այս պահին անհանգստացնող որևէ բան չեն հայտնաբերել.
«Աղիքային սուր վարակիչ հիվանդություններն ունեն սեզոնայնություն: Համեմատելով նախորդ տարվա, մյուս մարզերի ցուցանիշների հետ, կարող ենք ասել, որ անհագստացնող միտում որևէ տեղ չունենք, այդ թվում և Արմավիրում: Արմավիրի հիվանդներից յուրաքանչյուրի մոտ տարբեր հարուցիչներ են հայտնաբերվել, սա գալիս է ապացուցելու, որ չկա համաճարակաբանական վտանգ կամ վարակի մեկ աղբյուր»:
Ինչ վերաբերում է պատճառներին, տարածման ու կանխարգելման ուղիներին, ապա Բակունցը խիստ կարևորեց նախ երեխաների ծնողների գիտելիքները, հիգիենիկ վարքագիծը. «Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ինչպես սննդի միջոցով, այնպես էլ ձեռքով մարդուց մարդ կոնտակտային ճանապարհով, ընտանի կենդանիներից, թռչուններից: Դրանցից պաշտպանվելու համար մենք ամեն տարի կոչ ենք անում բնակչությանը զգուշանալ վարակիչ հիվանդություններից, ձեռքերը լվանալ հնարավրինս հաճախ, սննդի պահպանությանը մեծ ուշադրություն դարձնել, միրգ, բանջարեղենը օգտագործել միայն խմելու ջրով լվացած վիճակում, սնունդ գնելիս ուշադրություն դարձնել ժամկետներին, օգտագործելուց առաջ ճաշատեսակները եռացնել և այլն»:
Բանախոսը հավաստեց, որ աղիքային վարակներից խուսափելու նպատակով նախարարությունը համագործակցում է այլ գերատեսչությունների, մասնավորապես` տեղական կառավարման մարմինների, Սննդի անվտանգության ծառայության հետ։
ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն էլ խնդրեց մայրիկներին ու տատիկներին փոխանցել իր հորդորը. «Գիտե՞ք, եթե անցյալ տարի միրգ չի եղել, չի նշանակում, որ մենք այս տարի պետք է անցած տարվա տեղն էլ ուտենք: Ուղղակի կոչ եմ անում ուշադրություն դարձնել սնվելու կուլտուրային»:
Ասոյանն ասում է, զրուցել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց ընդունված բոլոր երեխաների ծնողների հետ, հարց ու փորձ արել, թե ինչ են կերել. «Ուշադիր լսեք, մայրիկը ինձ պատմում է, գիտեք բժիշկ ջան, ծնունդ էինք գնացել, երեխեն խորոված կերավ, հետո վրայից կրեմով խմորեղեն, սալաթներ, թութ, հետո նորից երշիկ: Մի ժամ հետո էլ եկավ, թե բժիշկ ջան, մոռացա ասեիէ երկու հատ էլ ցոգոլ է կերել երեխեն»:
Հանրապետության թիվ մեկ մասնագետը շեշտում է, որ նույնիսկ մեծերի օրգանիզմը չի դիմանա նման ծանրաբեռնվածությանը. «Ամռանը աղեստամոքսային տրակտը ծանրաբեռնված է աշխատում, յուրացումները, ներծծումները շատ դժվար է կատարվում: Չգիտես ինչի, մեզ մոտ ընդունված է` ամռանը պիտի անպայման գնալ Սևանի ափին կամ Գառնիի ձորում խոզի խորոված ուտել: Ես խորհուրդ կտամ այդ օրերին մածուն ու պոմիդոր ուտել»:
Ասոյանը նաև խորհուրդ չի տալիս փողոցում արևի տակ վաճառվող մսամթերք ու ձկնամթերք գնել. «Ես որ տեսնում եմ, սարսափում եմ: Սա տեռոր է մեր սեփական օրգանիզմի նկատմամբ: Քաղաքացին ինքը պետք է գիտակցի դա: Ծնողները պետք է ուտելու հարցում մի քիչ ավելի զուսպ լինեն»:
Նկատենք, որ վարակիչ հիվանդությունները կանխարգելելու վերաբերյալ խորհուրդներին մանրամսն կարող եք ծանոթանալ առողջապահության նախարարության պաշտոնական էջում:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Արմավիրում երեխաների թունավորման դեպքեր . Ի՞նչ է պարզել նախաքննությունը
Հեղինե Բիշարյան. «Բա ես չիմանա՞մ՝ ինչ եմ ուտում, էս ո՞ր դարն է»
Ինչպե՞ս բացառել մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը
Թունավորվել են թթից թե թթի միջոցով՝ ինչո՞ւ
Վահան գյուղի տասնյակ բնակիչներ թունավորվել են թթից
Ամեն օր մարդիկ սնունդ են թափում ու ամեն օր մարդիկ սոված են քնում
Առողջ սնվելու օր. հիվանդությունների 90 տոկոսը ոչ ճիշտ սնվելու արդյունք է
500 հազար դրամ տուգանք` մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակած հավեր մատակարարողին
Երկու ծայրահեղություն` թերքաշություն ու գիրություն
Հայաստանի բնակչության 60 տոկոսը ստանում է օրական 2100 կալ ցածր սնունդ
Ի՞նչ են ուտում Հայաստանի բնակիչները
«Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Հայաստանում թերաճ է»
Դիտումների քանակը` 3870