Գիտաժողովի հրավեր. «Գենդերային ուսումնասիրությունների ինստիտուցիոնալացման մշակութային համատեքստը XXI դարում»
Երևանի պետական համալսարանի Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (ԵՊՀ ԳՀԱԿ) հրավիրում է մասնակցելու «Գենդերային ուսումնասիրությունների ինստիտուցիոնալացման մշակութային համատեքստը XXI դարում» խորագրով գիտաժողովին: Գիտաժողովը կկայանա մայիսի 10-ին : Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 30-ին է:
Գիտաժողովի նպատակն է հանրությանը ներկայացնել վերջին տարիներին կազմակերպված միջոցառումները և գործողությունները, որոնք ուղղված են գենդերային հիմնախնդիրների լուծմանը և ինստիտուցիոնալ մակարդակում միջամտությունների իրականացմանը:
Գիտաժողովի ընթացքում փորձ է արվելու մեկտեղել ոլորտում ներգրավված մասնագետների տեսակետները գենդերային օրակարգի հրատապ հարցերի շուրջ, ինչպես նաև ներկայացնել կատարված վերջին հետազոտությունների արդյունքները: Այս միջոցառումը նպատակ ունի նաև գիտական հարթակ ստեղծելու գենդերային հիմնախնդիրների մշակութային ընկալումների քննարկման և XXI դարում դրանց փոխակերպումները ներկայացնելու համար:
Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝
- Գենդերային ուսումնասիրությունների մշակութային ասպեկտները
- Գենդերային ուսումնասիրությունների ինստիտուցիոնալացման առանձնահատկությունները,
- Գենդերային ուսումնասիրությունների ինստիտուցիոնալացմանը նպաստող և խոչընդոտող գործոնները
- Գենդերային ուսումնասիրությունների զարգացման հեռանկարները ինստիտուցիոնալ մակարդակում
Ով կարող է մասնակցել.
Միջոցառումը նախատեսված է սոցիալական և հարակից ոլորտների ուսանողների, գենդերային հիմնախնդիրներով գործնականում զբաղվող մասնագետների, ոլորտի ակտիվիստների, ակադեմիական ոլորտում գենդերային հիմնախնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են ժամանակակից գենդերային հիմնախնդիրների ուսումնասիրությամբ և ցանկանում են իրենց ներդրումն ունենալ դրանց լուծման եղանակների և դրանց մշակութային համատեքստի քննարկման գործում:
Զեկույցի համառոտագրերի ներկայացման վերջնաժամկետն է 2016 թ. ապրիլի 30-ը, ժամը 17:00, cgls@ysu.am էլ. հասցեին՝ թեմայում նշելով “May conference abstract”:
Համառոտագիրը 350 բառի սահմաններում պետք է ներկայացնի ելույթի հստակ վերնագիրը, ընդհանուր նպատակը և ուղղությունները: Համառոտագրերը գրելիս պետք է օգտագործել Arial Unicode կամ Sylfaen տառատեսակները 11 տառաչափով՝ առանց տողերի միջև հեռավորության:
Զեկույցները (հայերեն կամ անգլերեն՝ զեկուցողի հայեցողությամբ) պետք է արտացոլեն վերոնշյալ թեմաներից մեկը, պարունակեն նորարարական գաղափար և չգերազանցեն 10-15 րոպե ելույթի ծավալը:
Գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկույցների նյութերը կտպագրվեն միջոցառման գիտական լրագրում:
Հարցերի դեպքում կարող եք նամակ գրել նշված էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 060 710 390 հեռախոսահամարով երկուշաբթիից ուրբաթ ժամը 14:00 – 17:00:
Դիտումների քանակը` 4014