Գիշերօթիկի երեխաներն ասում են ՝ տողանի օրը «ծեծի օր» է…

Օրերս  Հայաստանի մամուլում  տեղեկություններ  հայտնվեցին  մանակատան երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի  մասին:  Խոսքը, մասնավորապես, Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում   կիրառվող  ծեծի մասին էր:  Գիշերօթիկ դպրոցի տնօրենի վերոնշյալ գործողությունների վերաբերյալ բաց նամակը, որով  հանդես  էին եկել հաստատության աշխատակիցները,  տպագրվել էր «168 ԺԱՄ» օրաթերթում։ Նշենք, որ մամուլի այս  հրապարակմանը ոստիկանությունն արդեն ընթացք է տվել

  

 

Ըստ հրապարակման՝ տնօրեն Գայանե Մարգարյանը երեխաների սննդի համար հատկացված գումարի մեկ երրորդն է օգտագործում բուն նպատակի համար, իսկ ստուգումների ժամանակ երեխաները զարմանում են ուտելիքի առատությունից և բազմազանությունից: Բաց նամակում ասվում է նաեւ, որ տնօրենի կողմից երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունների մասին, որ Գ.Մարգարյանը երեխաների նկատմամբ բռնության ամենակոպիտ ձևերն է կիրառում՝ նրանց խփելով ոտքերով: Ինչպես երեխաներն են ասում, տողանի օրը «ծեծի օր» է:

 

 

Թեմային է անդրաադարձել  նաեւ «Ազատություն» ռադիոկայանը:  Բյուրեղավանի  գիշերօթիկ դպրոոցի  սանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ տնօրենը ծեծել է գիշերօթիկի սաներին․ – «Տողանի օրերին, ով շաբաթվա ընթացքում խելոք մնացած չի լինում, նույնիսկ ամենափոքրերին՝ առաջին, երկրորդ, երրորդ դասարանցիներին, ծեծում էր՝ ձեռքով, ոտքով» :

 

Այս պատկերը Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության սաները տեսնում էին յուրաքանչյուր այսպես կոչված տողանի ժամանակ: Այդ օրերին, հաստատության տնօրենը ձեռքերով և նույնիսկ ոտքերով բոլորի աչքի առաջ հարվածում էր՝ ուսուցիչների և իր կարծիքով՝ վատ պահվածքով առանձնացած երեխաներին: Գիշերօթիկի այս սանը, որը մի քանի տարի է, ինչ ապրում է այստեղ, նշեց, որ հատկապես փոքր դասարանցիները լացակումած էին հեռանում դաստիարակչական այդ դասերից:

 

«Հիմա էլ էդ տողանները չի անում, նոր տարուց հետո էլ չի արել», – «Ազատությանը» փոխանցեց գիշերօթիկի սանը:

 

… Գիշերօթիկի աշխատակիցները հրապարակավ հայտարարեցին, թե տնօրենը անհարգալից վերաբերմունք է դրսևորում, ծեծում ու անպատվում է երեխաներին: Ինքը՝ տնօրեն Գայանե Մարգարյանը, «Ազատության» հետ զրույցում ծեծի փաստը չընդունեց: Փոխարենը խոստովանեց, որ երեխաները «քաշվում են» միայն իրենից և ներկայացրեց, թե ինչ մեթոդներ են կիրառվում դաստիարակելու ընթացքում:
«Այս կտրող իրը հայտնաբերվել է երեխաների մոտից: Դպրոցից ուղարկել են այստեղ՝ նշելով, որ երեխաները փչացնում էին պետական գույքը: Մի՞թե չի կարելի մի հատ ասել երեխային՝ ինչո՞ւ ես անում, չի կարելի, ի՞նչ ենք անում, կամ մի հատ փոքր, ասենք թե, ապտակ, թեկուզ չի լինում նման բաներ: Մենք մեր տանը մեր երեխաների վրա չե՞նք զայրանում: Սա դաստիարակչական աշխատանք է․ եթե ինչ-որ մի փոքր ձայնի բարձրացումը համարվում է ծեծ կամ չգիտեմ թե ինչ, ուրեմն ինչպե՞ս կարող ենք երեխայի հետ աշխատել, որպեսզի երեխան իր տնից գալիս է, այստեղից դաստիարակված դուրս գա», – «Ազատությանը» փոխանցեց Գայանե Մարգարյանը:

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը «Ազատությանը» փոխանցեց, որ երեխաներին հարվածելը նախարարությունում դիտարկում են որպես արտակարգ դեպք, և վստահեցրեց, որ այդ միջադեպի մեղավորը կպատժվի: Միևնույն ժամանակ փոխնախարարը վստահ չէ, որ անանուն նամակում մատնանշված բոլոր խախտումները համապատասխանում են իրականությանը:

 

«Բոլոր տնօրենները գիտեն, երեխաներին ոչ միայն մատով կպչելը, այլ վիրավորանքը, ճնշումը մենք այդ բաների նկատմամբ շատ խիստ ենք: Իմ անձնական կարծիքով, այդ նամակի մեջ գրվածների մի մասը կարող է և ճիշտ լինել, մի մասը՝ ոչ, որովհետև ես հասկանում եմ, որ եթե մարդը անստորագիր գրում է, նա հաստատ զրպարտության սահմանը կանցնի», – ասաց փոխնախարարը:
Իր հասցեին մեղադրանքները կտրականապես հերքում է տնօրենը: Նա այս ամենը համարում է անձնական հաշվեհարդար՝ այս տարի կրճատված մի աշխատակցի կողմից: Գայանե Մարգարյանը նշեց, որ դիմել է իրավապահ մարմիններին՝ նամակի հեղինակին գտնելու պահանջով:

 

Տեսանյութն   այստեղ.

 

 

Դիտումների քանակը` 4678

Գլխավոր էջ