Գենդերային անհավասարություն. որտե՞ղ են թաքնված դրա ակունքները
Այս հարցի պատասխանն էին փորձում տալ օրերս «Հասարակություն առանց բռնության» ՀԿ ի կողմից կազմակերպված քննարկման մասնակիցները, ներկայացնելով իրենց կողմից կատարված ծրագրի արդյունքները՝ դպրոցում «Հասարակագիտություն» առարկայի մեջ գենդերային բաղադրիչը ներառման վերաբերյալ: Քննարկումն ուշագրավ էր մի քանի նկատառումներով, և դրանցից ամենակարևորն անշուշտ այն չէր, որ միջոցառումն արժանացավ «գենդեր» տերմինի յուրօրինակ ընկալում ունեցող քաղաքացիների ընդգծված ուշադրությանը: Այս խնդրին արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու «Որտեղ են վերջանում «անկոչ հյուրերի» իրավունքները» հոդվածում:
Իրականում կարևորը տեղի ունեցած քննարկման մեջ այն էր, որ մենք շարունակում ենք կանանց նկատմամբ խտրականությունը ամրապնդող, նրանց հասարակական և քաղաքական ակտիվությունը խոչընդոտող կարծրատիպեր վերարտադրել դպրոցական դասագրքերում, և դրանից հետո անկեղծորեն զարմանալ՝ թե ինչո՞ւ է մեր քաղաքական դաշտը նմանվում տղամարդկանց փակ ակումբի կամ ինչո՞ւ են այդքան տարբեր կանանց և տղամարդկանց կարգավիճակները հասարակության մեջ: Այս ամենն է, որ մասնագետները անվանում են գենդերային անհավասարություն և որի ակունքները կարելի է հայտնաբերել նաև դպրոցական դասագրքերում:
Միայն մի օրինակ, որ բերվեց քննարկման ընթացքում «Հասարակություն առանց բռնության» ՀԿ գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանի կողմից՝ 8-12-րդ դասարաններում երաշխավորված «Հասարակագիտություն» առարկայի դասագրքերի գենդերային վերլուծությունը ներկայացնելու ընթացքում:
« Կանանց էմանսիպացիան` ազատագրումը, երբեմն հասկացվում է որպես տղամարդու կենսաձևի վատագույն դրսևորումների կրկնություն : Օրինակ ծխելը, կոպտությունը, սեռական սանձարձակությունը: Կանայք զբաղվում են տղամարդկային սպորտաձևով: Ի՞նչ եք մտածում այս մասին: Բաժանվե՛ք խմբերի և քննարկե՛ք», – առաջարկում է դասագիրքը, դրանով իսկ ամրապնդելով այն եզրահանգումը, թե կանանց էմանսիպացիան «տղամարդու կենսաձևի նմանակումն է» իր լավագույն կամ վատագույն դրսևորումներով: Աննա Նիկողոսյանի խոսքով, դասագրքերում առկա են գենդերային կարծրատիպեր բովանդակող բազմաթիվ այլ նյութեր, ինչը թույլ է տալիս եզրականացնել, որ կրթության այսօրվա համակարգը դեռևս չի հաղորդում գենդերային հավասարակշռված դերային սպասումները, կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության իդեալները: Եվ դա այն դեպքում , որ հիմնախնդիրը նախանշված էր կառավարության կողմից դեռևս 2010-ին ընդունված «Գենդերային քաղաքականության հայեցակարգով»:
«Հասարակագիտություն առարկայի դեպքում այս խնդիրը առավել հրատապ է դրված, քանի որ առարկան կոչված է ձևավորելու ապագա քաղաքացուն», – նշում է Աննա Նիկողոսյանը ՝ համոզմունք հայտնելով, որ այստեղից է բխում հասարակության անհանդուրժող վերաբերմունքն և անվստահությունը կին լիդերների նկատմամբ: Դրան կարելի է հավելել ընտանիքներում առկա կանանց նկատմամբ ՝ ֆիզիկական, հոգեբանական, սեռական ինչպես նաև տնտեսական բռնության դրսևորումները, որոնց բախվում են բազմաթիվ կանայք, նաև ընտանիքում և հասարակության մեջ աղջիկ երեխաների նկատմամբ գոյություն ունեցող սահմանափակումները և բազմաթիվ այլ գենդերային հիմնախնդիրներ: Անարդարությունն ու անհավասարությունը հաղթահարելու նպատակով բանախոսը առաջարկում է «Հասարակագիտություն» առարկայի դասագրքում ներառել՝ «Ինչ է գենդերը, գենդերային հիմնախնդիրներ», «Ընտանեկան բռնություն» թեմաներ: Բացի այդ առաջարկվում է դասագրքում առկա մի շարք այլ թեմաներ համալրել գենդերային բաղադրիչով, այսինքն քննարկել դրանք նաև կանանց ու տղամարդկանց իրավունքների և շահերի տեսանկյունից:
Ընդհանուր առմամբ, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ ի կողմից իրականացվող այս ծրագիրը բաղկացած էր 3 փուլից: Առաջին փուլը՝ Հասարակագիտություն առարկայի դասագրքերի բովանդակության հանգամանալից վերլուծությունն էր, գենդերային տեսանկյունից առկա բացերի վերհանումը: Երկրորդ փուլը խնդիրների վերհանումն ու ներկայացնում էր կլոր սեղանների, քննարկումների անցկացման միջոցով՝ շահագրգիռ կողմերի և մասնագետների ներգրավման միջոցով: Ինչպես նշեցին ծրագրի հեղինակները իրենք արդեն իսկ անցկացրել են քնարկումներ հանրապետության հինգ մարզում ՝ 140 մասնագետների մասնակցությամբ: Եվ վերջապես, ծրագրի երրորդ փուլն է՝ այդ քննարկումների ընթացքում մշակված առաջրկությունների փաթեթի ձևավորումն է, այնուհետև դրա ներկայացումը հանրությանը և հանձնումը ՀՀ Կրթության և Գիտության նախարարություն:
Կրթության փորձագետ Արմինե Իվանյանը իր ելույթում համոզմունք հայտնեց, որ գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ թեմաների ներառումը դասագրքերում թույլ կտա պարզաբանել և վերհանել այն պատճառները, որոնք հանգեցնում են գենդերային անհավասարությանը, աշակերտների մեջ դաստիրակել գենդերային հավասարության մտածողությունը : Եվ միայն այդ դեպքում կարելի է հույս ունենալ, որ վաղը աղջիկները խտրական վերբերմունքի չեն արժանանա ընտանիքում կամ որևէ այլ բնագավառում միայն այն պատճառով, որ աղջիկ են ծնվել:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ներկայացուցիչ , մարդու իրավունքների գծով փորձագետ Մարինա Մալխասյանը՝ շարունակելով թեման հիշեցրեց, որ իգական սեռի պտղից արհեստական եղանակով ազատվելու ամոթալի պրակտիկայի հիմքում հենց գենդերային անհավասարությունն է ընկած: Եվ բացատրական աշխատանքը այս և խտրականության այլ դրևորումները հաղթահարելու ուղղությամբ, նրա կարծիքով, անշուշտ պետք է սկսել դպրոցից: Դրա հետ մեկտեղ նա չհամաձայնվեց քննարկաման ընթացքում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչ Լիլիթ Նազարյանի այն մտավախության հետ, որ Առաջարկությունների փաթեթը դժվար թե ընդունվի Կրթության և գիտության նախարարության կողմից, քանի որ որոշ ուժեր հասարակության մեջ բացասական վերաբերմունք ենք ձևավորում «գենդեր» տերմինի նկատմամբ:
«Ի՞նչ հույս ունեք , որ այս առաջարկությունների փաթեթը պատրաստվում եք ներկայացնել նախարարությանը, երբ այսօր մի հատ Խաչիկ Ստամբոլցյանի նամակով և կարծիքով, որ իբր վտանգավոր գենդերային ուսուցման տարրեր է պարունակում «Ես և շրջակա աշխարհ» առարկայի ծրագիրը , նախարարը՝ առանց որևէ հանրային քննարկման և առանց փորձագիտական վերլուծության , վերցնում և փոփոխության է ենթարկում ծրագիրը: Հաշվի առել ե՞ք այս ամենը, և ինչպես կարող են ընդունել ձեր փաթեթը, եթե այն ծայրից ծայր «գենդեր» բառն է պարունակում», – ասաց Լիլիթ Նազարյանը:
Մարինա Մալխասյանի դիտարկմամբ, եթե «գենդեր» բառը կարող է նման իրարանցման պատճառ դառնալ, դա ընդամենը նշանակում է, որ բացատրական աշխատանքի կարիք կա և միասին պետք է հասկանանք թե ինչպես կարող ենք անդրադառնալ դրան։ Նաև առաջարկներով էլ է նախատեսվում խոսել մասնագետների և ամենագլխավորը կանանց հետ, և այս խնդիրները ներկայացնել նաև իրենց, նկաեց նա:
Քննարկվող հարցի շուրջ իր դիրքորոշումն հայտնեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը՝ կանգ առնելով ուսուցչի դերի վրա և նշելով, որ ցանկացած ուսուցիչ պետք է ունենա համապատասխան պատրաստվածություն, որպեսզի մտնելով դասարան կարողանա ճիշտ ներկայացնել այս խնդիրը:
«Դպրոցը պետք է մթնոլորտ ստեղծի, որ ամեն երեխա հավասար հնարավորություններ ունենա, խնդիրը պետք է ներկայացնել այս կերպ, որպեսզի Խաչիկ Ստամբոլցյանը չհայտարարի թե դուք քարոզում եք այն գաղափարը, իբր սեռը կարող եք ընտրել», – ասաց Անահիտ Բաշխյանը՝ նկատելով, որ գուցե Ստամբոլցյանի և այլոց մասնակցությունը այս քննարկմանը կօգներ փոխել նրանց կարծիքը:
Միջոցառման կազմակերպիչները սակայն, իրավմամբ նկատեցին, որ հակագենդերային շարժման ներկայացուցիչները հայտնվել էին ոչ թե կարծիք հայտնելու, առավել ևս ինչ- որ բանում համոզվելու մտադրությամբ, այլ ուղղակի միջոցառումը տապալելու նպատակով, ինչը սակայն նրանց չհաջողվեց:
Ինչ վերաբերում է դասագրքերի միջոցով գենդերային ուսուցումը իրականացնելու նպատակի իրատեսությանը , ապա, ինչպես հիշեցրեց Արմինե Իվանյանը ՀՀ կառավարության կողմից ընդունված «Գենդերային քաղաքականության հայեցակարգով »՝ գենդերային հավասարությունը դիտարկվում է ժողովրդավարական գերակա արժեք է, սոցիալական արդարության հասնելու նախապայման: Այստեղից էլ կրթության ոլորտում որպես հիմնական նպատակ մատնանշվում է` սոցիալապես ակտիվ և պատասխանատու քաղաքացիների դաստիրակությունը, ինչը դժվար է պատկերացնել, եթե մենք շարունակելու ենք դասագրքերի միջոցով աղջիկների առջև խոչընդոտներ հարուցել ՝ ինքնադսևորվելու, ակտիվություն ցուցաբերելու առումով:
Լիանա Սարգսյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Որտե՞ղ են վերջանում «անկոչ հյուրերի» իրավունքները
Դիտումների քանակը` 5860