Գենդերային անհավասարությունն ամենօրյա պրակտիկայում

Այս խնդրին է  վերաբերում   «Գենդերային հիմնախնդիրները ժամանակակից Հայաստանում. հետազոտությունից դեպի քաղաքականություն» գիտաժողովի շրջանակներում    ներկայացված հետազոտություններից մեկը:  Առօրյա կյանքում գենդերային անհավասարության ու բռնության պատճառներն բացահայտելու  նպատակով   հետազոտության հեղիանակ՝ ազգագրետ  Աղասի Թադեւոսյանն իրականացրել է 24 խորացված եւ 12 փորձագիտական հարցազրույց։

 

Հետազոտությունը փաստում է, որ Հայաստանում կին – տղամարդ փոխհարաբերությունները առօրյա կյանքում, հիմնականում, բնորոշվում են որպես անհավասար։ Հետազոտողն առանձնացրել է անհավասարության արտահայտված և թաքնված դրսևորումներ: «Անհավասարության թաքնված դրսևորումները հիմնականում այն դեպքերն են, որոնք համարվում են բնական և, այդ պատճառով էլ, ընդունելի են մեծամասնության համար որպես սովորական դարձած մի բան»:

 

Օրինակներն իսկապես  սովորական թվացող իրավիճակներ  են նկարագրում. կինը ինչ–որ տեղ գնալիս պետք է տեղեկացնի տղամարդուն, իսկ տղամարդը կարող է նաև չտեղեկացնել կնոջը։ Կամ, որ տղամարդը ցանկացած ժամի կարող է դուրս գալ որևէ հանրային տարածք, ինչպես օրինակ բակ, թաղի հավաքատեղի, գյուղամեջ, կամ նմանատիպ մեկ այլ տեղ, զրուցել այլ մարդկանց հետ, մնալ այնտեղ որքան որ կամենա, իսկ կնոջ համար դա համարվում է անթույլատրելի։ Կամ ասենք, տղամարդը կարող է թիկնել բազմոցին և կնոջն ուղարկել ջուր բերելու, իսկ կինը նույն բանը չի կարող անել:

 

«Կախված լուսավորվածության աստիճանից, մեր հասարակությունում էլ որոշները ընդունելի են համարում, որ կանայք կարող են ինքնուրույն և ազատ լինել, իսկ որոշները` գտնում են, որ առանց տղամարդու թույլտվության նրանք իրավունք չունեն այդ անելու։ Որոշներն էլ գտնում են, որ կինը ունի ինքնուրույնության ու ազատության իրավունք, սակայն այն պետք է սահման ունենա և սահմանն էլ պետք է որոշվի տղամարդու հետ համաձայնության գալու և նրա կարծիքի հետ հաշվի նստելու միջոցով»,- նշված է հետազոտությունում:

 

Աղասի Թադեւոսյանն այսօրվա գիտաժողովում ներկայացրեց, թե տղամարդիկ ինչպես են վերահսկում կանանց տարածական եւ ժամանակային առումներով, մասնավորապես, կինը նույնիսկ ինքնուրույն չի որոշում, թե ինչ ճանապարհով նա պետք է քայլի եւ որ ժամերին դուրս գա տնից:

 

Տղամարդիկ վերահսկում են նաեւ կանանց հագուստն ու խոսքը, ահա ինչպես է դա նկարագրում հետազոտությանը մասնակցած 27-ամյա մի կին.  «Դե ընտանիքում դաստիարակությամբ ա դա դրվում. մտածում են դե տղան ա, ինքը պիտի խոսա, ինքը պիտի ասի, իսկ աղջկա համար՝ «աղջի դու սուս»: Հետո էդ տղան իրա ծնողներից ա սովորում, որ պիտի ասի «աղջի դու սուս»: Աղջիկն էլ արդեն սովորել ա, որ իրան անընդհատ ասում են սուս, հետո, որ իր ամուսինն ա ասում. աղջի դու սուս, իրա համար դա նորմալ բան ա։ Ինքը դա ընկալում ա որպես ավանդապես եկած մի բան։ Դա ավանդույթն ա, ինքը պարտավոր ա ենթարկվելու, մեր ազգը դրա հիման վրայա գոյատևում»…

 

Հետազոտողը եզրակացնում է, որ մանկուց աղջիկների ու տղաների սոցիալականացումն  ընթանում է կանանց ու տղամարդկանց աշխարհները հակադրելու ու բեւեռայնորեն միմյանցից հեռացնելու տրամաբանությամբ։ Այս բեւեռայնացումն էլ հենց հանգեցնում է գենդերային անհավասարության:

 

Որպես անհավասարության եւ բռնության հաղթահարման միջոց հետազոտողն առաջարկում է աշխատանք տանել  հասարակական  գիտակցությունում առկա պատկերացումները փոխելու ուղղությամբ:  Օրինակ, տղամարդուն բնութագրող «իր խոսքը մինչեւ վերջ տանող լինելը» էկվիվալենտը փոխարինել «կնոջ խոսքը լսող և հարգող լինել» էկվիվալենտով կամ «լավ կինը պետք է ամուսնուն ու նրա ընտանիքին հարմարվող լինի»-ն փոխարինել «լավ կինը պետք է խելացի ու ինքնուրույն անհատականություն լինի»-ով։

 

Հետազոտողը գտնում է, որ գենդերային անհավասարության հաղթահարմանը կարող է նպաստել նաեւ մի շարք երեւույթների ապասեռականացումը: «Օրինակ, բարությունը ոչ թե համարել նրբություն ու դիտել որպես կանացիության էկվիվալենտ, այլ՝ համարել որպես մարդկային և դիտել որպես և տղամարդկության և կանացիության էլվիվալենտ»:

 

Նշենք, որ հետազոտությունը կատարվել է  ԵՊՀ  Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի   շրջանակներում:

 

Հետազոտությանն ամբողջությամբ  կարող եք ծանոթանալ այստեղ.

 

Արման Ղարիբյան

 

 

Կարդացեք նաեւ  WomenNet.am-ի անդրադարձը կենտրոնի այլ  հետազոտություններին.

 

Սեռական ոտնձգություններն աշխատավայրում. խնդիր, որը չի բարձրաձայնվում

 

 

Կնոջ ինչպիսի՞ կերպար է մատուցվում Հայաստանի հեռուստատեսությամբ

 

Ինչպես փրկել Հայաստանի «չծնված աղջիկներին». հետազոտություն

 

Ի՞նչն է խոչընդոտում կանանց մասնակցությունը ՏԻՄ-երում

 

Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…

 

Ինչո՞ւ էին կանայք գնում պատերազմ

 

«Ամենամտահոգիչն այն է, որ սերիալների հեղինակները դրական կերպարներին են օժտում բռնարարի հատկանիշներով»

 

Բուժծառայությունների մատչելիությունը հաշմանդամություն ունեցող կանանց համար

 

Հեռուստադիտողը սիրո՞ւմ է կին ծեծող տղամարդկանց

 

ԵՊՀ-ում կայացավ «Կանայք, առաջնորդությունը և հասարակությունը» գիտաժողովը

 

Միգրացիայի խնդիրները ՝ գենդերային տեսանկյունից

 

Նուշիկն ու Աննան լավ գիտեն, թե որն է կնոջ զբաղմունքը…

 

ԵՊՀ-ում բացվեց Գենդերային Հետազոտությունների և Սռաջնորդության Կենտրոն

 

Դիտումների քանակը` 3524

Գլխավոր էջ