Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»
Արդյո՞ք գենդերային անհավասարության հետեւանք չեն նաև պտղի սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատման դեպքերի մտահոգող ծավալները, և իրավիճակն ինչպիսի՞ն է Հարավային Կովկասի տարածաշրջանում – երեկ ԵԱՀԿ գրասենյակում հրավիրված ասուլիսի ընթացքում լրագրողների կողմից հնչեցված այս հարցին պատասխանեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Նա պարզաբանեց, որ Հայաստանում սեռով պայմանավորված աբորտների վերաբերյալ վերջին երկու տարիներին իրականացված հետազոտությունները թույլ են տալիս որոշակի եզրահանգումներ անել այդ խնդրի վերաբերյալ: Այսպես, 2012թ. տվյալներով՝ միջին ցուցանիշը եղել է 114 տղա – 100 աղջիկ հարաբերակցությունը, և այդ ցուցանիշով Հայաստանը գտնվում է աշխարհում երրորդ տեղում՝ Չինաստանից և Ադրբեջանից հետո:
«Ունենք նաեւ մարզային կտրվածքով տվյալներ, ըստ որոնց Հայաստանի որոշ մարզերը՝ Գեղարքունիքը և Արագածոտնը իրենց 124 տղա-100 աղջիկ հարաբերակցությամբ աշխարհում ամենաբարձր ցուցանիշն են: Ի դեպ հետաքրքիր դիտարկում, այդ մարզերում ամենամեծ միգրացիոն հոսքերն են: Ընդհանուր առմամբ, Հայաստանում արու զավակ ունենալու ցանկությունը միջին հաշվով մեծ է վեց անգամ՝ 10 անգամ՝ շրջաններում, չորս անգամ՝ Երևանում:
Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա ըստ տվյալների՝ Ադրբեջանը՝ 116, Հայատանը՝ 114, Վրաստանը՝ 113. Այսինքն բոլորս համարյա նույն նավակի մեջ են: Փորձում ենք համատեղ աշխատել այս երկու երկրների հետ, փորձելով տեսնել, թե այս երկրների համար, որքանով են տարբեր կամ նման պատճառներն ու հետևանքները: Հիմա փորձում ենք քաղաքականություն մշակել, որ այս խնդիրը փորձենք մեղմել», – նշեց բանախոսը, ընդգծելով, որ հակառակ դեպքում մտահոգիչ պատկերը պահպանվելու է, իսկ դա վերջին հետազոտությունների կանխատեսումների համաձայն նշանակում է, որ մինչև 2060 թ. չի ծնվելու 93 հազար ապագա մայր ՝ հղիության արհեստական ընդհատման պատճառով», – նշեց Հայրապետյանը:
Այս երեւույթի հիմքում, ըստ Գարիկ Հայրապետյանի, գենդերային անհավասարությունն է. հենց այդ անհավասար կարծրատիպային վերաբերմունքի պատճառով ենք մենք զրկում աղջիկ պտղին ապրելու իրավունքից: Եվ միայն կնոջ արժեքն ու դերը հասարակության մեջ բարձրացնելով կարելի պայքարել դրա դեմ:
«Այս առումով, «Կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքն ուղղակիորեն կապ ունի պտղի սեռով պայմանավորված աբորտների հետ: Ավելի պատկերավոր, որ լինի իրական օրինակ բերեմ. բժիշկներից մեկը պատմեց, որ գալիս հարցնում են՝ հը՞, տղայա՞: Ասում է՝ տղա չի, հարցնում են՝ բա ի՞նչ ա: Տանձի պոչ ա՞ … Ծնողները մտածում են, որ աղջիկներն ի վիճակի չեն լինի իրենց պահել, երբ մեծահասակ դառնան, դրա համար էլ ուզում են տղա ունենալ, որ իրենց պահեն… », – նշեց բանախոսը, համաձայնվելով այն տեսակետի հետ, որ իրականում հաճախ հակառակն է ստացվում՝ հենց աղջիկներն են խնամում ծեր ծնողներին :
Անդրաառնալով «գենդեր» եզրույթի թյուրըմբռնմանը Հայրապետյանը նկատեց. «Շատ միակողմանիորեն է լուսաբանվում ու ես ուզում եմ միանշանակորեն ասել, որ այն եզրույթը, որը օգտագործում են օրենքի ընդդիմախոս կազմակերպությունները, ոչ մի կապ չունի, որևէ միջազգային կազմակերպության կողմից ամրագրված «գենդեր»-ի սահմանման հետ: ՄԱԿ-ը շուտով կհրապարակի բոլոր իր պաշտոնական սահմանումները և կտեսնեք, որ այդ եզրույթի իմաստը միտումնավոր խեղաթյուրվում է…»
Կարդացեք ասուլիսի մասին մեր կայքում.
Ջյուն Զեյթլին. «Գենդեր» տերմինի միտումնավոր աղավաղումները պետք է վիճարկվեն…»
Դիտումների քանակը` 6711