Գայանե Մանուկյան. «…Որ յուրաքանչյուր մարդ հասկանա՝ Երևանն իր տունն է»
WomenNet-ի զրուցակիցն է ՀՅԴ Գերագույն մարմնի հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Գայանե Մանուկյանը, ով ներկայացված է Երևանի ավագանու ընտրությունների ՀՅԴ ցուցակի 28–րդ հորիզոնականում: Մասնագիտությամբ պատմաբան Գայանե Մանուկյանն ասում է, որ դեռ փոքր տարիքից ուսմանը զուգահեռ աշխատել է տարբեր ոլորտներում, ինչը իրեն կյանքի մի կարեւոր դաս է տվել` «արժեվորել յուրաքանչյուրին» անկախ նրա տարիքից, սեռից … Ականատես լինելով երևանցու հոգսերին ու հիասթափություններին, ինչպես նաև նրա` պայքարելու վճռականությանը, մի բան է ցանկանում , որ իր համաքաղաքացիներն առաջին հերթին արժանապատիվ կյանքով ապրեն:
– Ինչո՞ւ որոշեցիք քաղաքականություն մտնելու հայտ ներկայացնել:
– Ես չեմ ընտրել քաղաքականությունը, այլ ընտրել եմ գաղափարախոսությունը: Դեռևս 14 տարեկանից անդամակցել եմ Հայ հեղափոխական դաշնակցության պատանեկան միությանը, այնուհետև՝ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությանը: Այդ գաղափարախոսությանը հետևել եմ նաև արյան կանչով: Մորական կողմից տատիկս կրում էր Կանայան ազգանունը և մեր դաստիարակության գործում մեծ դերակատարություն է ունեցել: Նա դեռ խորհրդային տարիներին մեզ հորդորում էր, որ չպետք է մոռանանք մեր արյունը և հպարտությամբ, և անտեսելով վախը ասում էր, որ ինքը Կանայան է, իսկ Դրոն իր հոր հորեղբոր տղան է և դա պետք է միշտ հիշենք: Տատիկիս այդ դասերը իրենց ազդեցությունն են ունեցել և անջնջելի հետք են թողել իմ վրա: Հորական կողմի պապիկս էլ, ով Վանից էր, ևս մեծ ազդեցություն է թողել իմ վրա: Դեռ 4-րդ դասարանից մտածում էի, որ եթե ՀՅԴ-ն լիներ, ապա դաշնակցական կդառնայի: Դա է պատճառը, որ 14 տարեկանում, ծնողներիցս թաքուն անդամակցեցի ՀՅԴ-ին: Դաշնակցությունը ինձ համար գաղափարախոսություն է և դաշնակցականը դա տեսակ է, հայի տեսակ: Եւ այդ տեսակն ինձ հոգեհարազատ է: Կարծում եմ, որ ես էլ եմ այդ տեսակին պատկանում:
– Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել Երևանի ավագանու ընտրություններում:
– Դեռ 26 տարեկանում Դաշնակցության Գերագույն մարմինը ինձ ընդգրկել էր խորհրդարանական ընտրությունների ցուցակում, իհարկե, համեստ հորիզոնականը զբաղեցնելով, բայց ինձ համար մեծ հպարտություն էր: Երևանու ավագանու ցուցակում ընդգրկվեցի թաղի, փողոցի, բակի հոգսերով տարված: Ինձ համար նորություն չպիտի լինի բարձրաձայնել քաղաքին վերաբերող պրոբլեմները: Ես ծանոթ եմ այն խնդիրներին, որոնք մշտապես հուզում են երևանցիներին: Ուստի ինձ համար նորություն չէ բարձրաձայնել այն, ինչ կա քաղաքում:
Բացի այդ, լինելով ակտիվ, մշտապես եղել եմ ինչ-որ գործընթացներում: 2002-ից մասնակցել եմ ՀՅԴ ԳՄ- ՀՅԴ Ամերիկայի և ՀՅԴ Հունաստանի կառույցների համատեղ ջանքերով Հայաստանի մի շարք քաղաքների, հատկապես սահմանամերձ շրջանների քաղաքների քույրացման աշխատանքներին` համակարգելով որոշ կազմակերպչական և լուսաբանման աշխատանքներ:
– Եթե ընդգրկվեք ավագանու կազմում, որ խնդիրներին առաջնահերթ լուծում կտաք:
– Չկրկնելով այն, ինչ իմ գաղափարակից ընկերներն արդեն մեկ ամիս է երևանցիներին ներկայացնում են, ուզում եմ ավելացնել, որ ինձ համար կարևորը մարդն է: Հրաշալի է, երբ քաղաքի փողոցները բարեկարգվում են, բայց կարծում եմ՝ ամեն ինչ պետք է սկսել քաղաքացուց: Հասարակ քաղաքացին պետք է զգա, որ ինքը գնահատված է: Պետք է այնպես անել, որ յուրաքանչյուր քաղաքացի զգա, որ պետությունն իր համար հոգ է տանում, որ ինքը այս երկրում արժեք է ներկայացնում: Քաղաքացին ոտքը շեմից դուրս դնելով դա պետք է զգա: Ցանկացած ծրագրի հասցեատերը պետք է լինի քաղաքացին: Փողոցում քայլելուց մարդը պետք է զգա, որ ինքը արժեք է այս պետության համար:
– Ի՞նչ կցանկանայիք փոխել Երևանում:
– Կուզենայի, որ քաղաքը շնչեր համահավասար: Ոչ միայն Կենտրոն համայնքին ուշադրություն դարձվեր, այլև ծայրամասերին, որ քաղաքը հավասարաչափ զարգանար: Այսօր շատ են խոսում երևանցիների մասին, բայց օրինակ՝ մեր ցուցակում ընդգրկված են նաև Հայաստան տեղափոխված Սփյուռքում ծնված մեր կուսակցական ընկերները: Սա խոսում է այն մասին, որ Երևանը համահայկական մայրաքաղաք է: Կուզենայի, որ երևանցիները արժանապատիվ կյանքով ապրեն: Ուզում եմ՝ այնպիսի մթնոլորտ լիներ, որ յուրաքանչյուր մարդ հասկանա՝ Երևանն իր տունն է:
– Ըստ Ձեզ՝ ինչպիսին պետք է լինի Երևանի քաղաքապետը:
– Քաղաքապետը, իմ կարծիքով, երևանցու խնդիրների մասին պետք է շատ լավ տեղեկացված լինի, պետք է անկաշկանդ լինի և Երևանով չշրջի մի քանի մեքենաների, անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ: Օրինակ՝ ես շատ զարմացա, երբ տեսա, որ Վիրոնայի քաղաքապետ իմ բարեկամ Նիկոլաս Խարդալիասը աշխատանքի է գնում ոչ թե ծառայողական մեքենայով, այլ իր սեփական մոտոցիկլետով կամ էլ ոտքով: Նա քաղաքում հանգիստ շրջում էր, առանց ուղեկցողների: Իմ կարծիքով՝ այսպիսին պետք է լինի քաղաքապետը, կարծում եմ՝ նման քաղաքապետը մարդկանց կողմից ավելի շատ կգնահատվի:
Մ.Մարգարյան
Դիտումների քանակը` 6831