Գայանե Բիչախչյան. «Ես ինքս էլ որպես գյումրեցի ուրիշ տեսակի ավագանի եմ ուզում տեսնել»

Գյումրու Մաշտոցի անվան թիվ 29 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Բիչախչյանին առաջիկա ՏԻՄ ընտրություններում որպես  ավագանու անդամության թեկնածու առաջադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Մինչ  այդ՝ այս տարվա մայիսին  կայացած խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը ընդգրկել էր նրան նաեւ  ՀՀԿ համամասնական ցուցակի 259-րդ հորիզոնականում:

Դպրոցի տնօրենը, ով արդեն հինգ տարի է, ինչ  այդ պատասխանատու պաշտոնում է, իսկ նախքան այդ էլ 17 տարի աշխատել է որպես  փոխտնօրեն,  կարծում  է, որ կանայք այսօր պասիվ են  Գյումրու քաղաքական, հասարակական կյանքում : «Գալիս եմ այդ բացը շտկելու», -նշեց  նա  WomenNet-ի հետ զրույցում:

 

-Անակնկա՞լ էր Հանրապետական կուսակցության որոշումը ` Ձեզ առաջադրելու  վերաբերյալ:

-Ոչ, քանզի ամիսներ առաջ արդեն ընդգրկվել էի կուսակցության համամասնական ցուցակում: Իսկ ես ընդունեցի առաջարկը, որովհետև այն կարծիքին են, որ կինը ևս պետք է լինի ներկայացված ՏԻՄ-ում ու որոշումներ կարողանա կայացնել: Առավել ևս հիմա, երբ մարդիկ քաղաքի մթնոլորտի փոփոխման սպասումով են ապրում: Ես ինքս էլ որպես գյումրեցի ուրիշ տեսակի ավագանի եմ ուզում տեսնել և ոչ միայն որպես ընտրվող, այլև ընտրող մեծ ցանկություն ունեմ, որ ավագանիում մտավորականությունն ու կանայք ևս ներկայացված լինեին:

 

 

-Գյումրու ավագանիում նախկինում կանայք չեն եղել, ի՞նչ կարող են փոխել նրանք:

-Ճիշտ է, ավագանիում չեն եղել կանայք, բայց փորձեր եղել են` նախկինում եղել են ավագանու անդամության կին-թեկնածուներ: Բայց Գյումրին… իրականում այդպիսի թյուր կարծիք է ձևավորվել, որ մեր քաղաքը ավանդական է և կինը, ինչ-ինչ կեղծ կարծրատիպերից ելնելով, չի կարող քաղաքական գործիչ լինել, սակայն իրականությունն այն է, որ հակառակը` Գյումրին կին ղեկավարների մեծ փորձ ունի: Դեռ Խորհրդային միության տարիներին էլ Գյումրու քաղկոմի քարտուղարը կին է եղել և իրականում շատ լավ հիշողություններ ունեն գյումրեցիները կին ղեկավարների հետ կապված: Հիմա էլ ունենք կանայք, որ և քաղաքականության մեջ են, և պաշտոններ են զբաղեցնում, որոնց շատ լավ ընդունում ու ողջունում են: Կփորձեմ իմ օրինակով էլ ապացուցել, որ արհեստավարժ կանայք կարող են շատ բան անել քաղաքի համար:

 

 

-Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու է համարվում Սամվել Բալասանյանը: Ինչպե՞ս եք պատկերացնում աշխատանքն իր հետ:

-Ընդհանրապես բոլոր տեղերում և իմ աշխատանքում հատկապես թիմային աշխատանքի կողմնակից եմ, որովհետև իմ հաջողությունների մեջ մեծ դերակատարում ունի իմ կոլեկտիվը, աշակերտական, ծնողական հանրույթը, թիմային աշխատանքը ինձ մոտ լավ է ստացվում: Անձը, ճիշտ է, շատ մեծ դեր ունի, բայց պետք է կարևորվի, թե ինքը ինչ հարթության մեջ է աշխատում:

Այնպես որ քաղաքապետի հետ համագործակցությունն անխուսափելի է, կծանոթանանք իր առաջարկած ծրագրին, մերն էլ կհամադրենք… Չենք լինի կամակատարներ, բայց  մտավորական ու կին լինելը ենթադրում է, որ մենք վերլուծաբար կմոտենանք այդ խնդիրներին և ամեն ինչ կանենք  հօգուտ քաղաքի: Այդպես ենք պատրաստվում համենայնդեպս:

 

– Ինչպիսի՞ լուծումներ եք տեսնում  քաղաքի սոցիալական խնդիրները մեղմելու նպատակով:

-Ճիշտ եք` սոցիալական խնդիրները մեզանում իրոք շատ-շատ են: Քանի որ ես լավ ծանոթ եմ ՏԻՄ-ի մասին օրենքին ու գիտեմ իմ գործառույթները` ես չեմ գերագնահատում իմ հնարավորությունները: Բայց հենց այդ հնարավորությունների  սահմաններում էլ  Հանրապետական կուսակցությունը առանձին ծրագիր է մշակել հենց Գյումրու համար, որը ենթադրում է փոփոխություններ և սոցիալական ոլորտում, և քաղաքաշինության ոլորտում` նորացնելու խնդիր կա, նոր մոտեցումների:

Կոնկրետ սոցիալական ոլորտի հետ կապված բոլորի մոտ էլ, անշուշտ, կան դրույթներ, որոնք ամրագրում են օգնություն սոցիալապես անապահով ընտանիքներին: Բայց մենք մեր ծրագրում այնպես ենք մտածել, որ այդ ամենը այնպես պետք է այնպես կարգավորվի, որ այդ օգնությունը չխաթարի մարդու արժանապատվությունն ու  ինքնասիրությունը, որ օգնություն ցույց տվողը դա իրեն չվերագրի` քաղաքապետը կլինի թե մյուսը: Դա մեր համայնքի միջոցներով հավաքված բյուջետային գումար կլինի, որով մենք հստակ կկարգավորենք սոցիալական խմբերին ու առանց իրենց իրազեկելու էլ տեղյակ կլինենք իրենց խնդիրներին:

Խոսքը նաև ուսանողների մասին է, ովքեր իրենց ուսման վարձը չեն կարողանա վճարել, նաև միայնակ ծերերին, ում համար տնային խնամք հնարավոր կլինի կազմակերպել: Առանձին տողով կարևորվել է ծնելիության ցուցանիշների աճը, մենք մտադիր ենք միայն համայնքային մակարդակով խրախուսել երրորդ, չորրորդ երեխայի ծնունդը` բնականաբար ֆինանսապես, համայնքի միջոցներով: Այս խնդիրը, անշուշտ, առաջին պլան պետք է մղվի, քանի որ Գյումրիում լուրջ խնդիր են հանդիսանում ծնելիությունն ու արտագաղթը:

 

-Խոսքը միայն առաջարկի մակարդակում է արվում, թե մշակել եք նաև անհրաժեշտ գործիքակազմը:

-Ոչ, սրանք միայն խոսքեր չեն, այլ մշակված ծրագրի դրույթներ: Ու թեև մենք գիտենք, որ մեր քաղաքի բյուջեն շատ սահմանափակ է, բայց ծրագրեր կարող ենք ներկայացնել ու համայնքային խնդիրները բարձրացնել պետական մակարդակում այն ակնկալիքով, որ դրանց լուծումները կստանանք: Իհարկե, դեռ վաղ է կոնկրետացնել, բայց մենք նպատակն ունենք ու միջոցներն էլ առաջարկելու ենք ու փորձելու ենք ըստ առաջնահերթության լուծել Գյումրու առաջ ծառացած խնդիրները:

 

– Հավատում եք Ձեր հաղթանակին:

-Իմ թիկունքին շատ մեծ համայնք կա ` իմ ծնողները, երեխաներս, ընտանիքը, նաև շրջանավարտներս ու ծնողները… Ես լավ կենսագրություն ունեմ, լավ ծնողներ եմ ունեցել, բոլորը  ինձ ճանաչում են քաղաքում ու իմ ազգանունն էլ ինքնին  խոսուն է: Այնպես որ իմ խնդիրը, թերևս, միայն մարդկանց տեղեկացնելն էր, որ ես առաջադրված եմ: Հույս ունեմ, որ սեպտեմբերի 9-ին գյումրեցիները ողջախոհ կլինեն ու մտավորական կինն ամեն դեպքում կընտրվի ավագանու կազմում…

 

Էնզելա Մակարյան

 

Դիտումների քանակը` 4233

Գլխավոր էջ