Գայանեի հետ սկսեցին «ջան-ով խոսել», երբ նա…

Գայանե Մուրադյանը (կնոջ անուն, ազգանունը փոխված է) ընտանիքում երեք երեխաների աչքի առաջ ամուսնու և սկեսրոջ կողմից պարբերաբար ենթարկվել է հոգեբանական և ֆիզիկական բռնության: Ամուսինն ու սկեսուրը նրան ստիպել էին տանից հեռանալ երեխաներից մեկի հետ, իսկ երկուսին պահել էին իրենց մոտ և թույլ չէին տալիս տեսակցել: Գայանեն խուսափել է դիմել ոստիկանություն և դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Կնոջը հոգեբանական աջակցություն տրամադրելուց հետո, նրան ներկայացրել են իր իրավունքների պաշտպանության հնարավորությունները, այնուհետև   հանցագործության մասին հաղորդում տալու նպատակով ուղեկցել ոստիկանություն: Ոստիկաններին հաղորդում և դրա վերաբերյալ բացատրություն տալուց հետո Գայանեին ուղեկցում են տուն և ընտանիքի անդամներին զգուշացնում բռնարարքների դեպքում հետագա հետևանքների մասին:

 

Կանանց հարցերով Օմբուդսմենի խորհրդական Աննա Սաֆարյանը WomenNet-ի թղթկացի հետ զրույցում նշեց, որ Գայանեն հետ է վերցրել դիմումը: Գայանեն տեղեկացրել է, որ ամուսնու վերաբերմունքն իր նկատմամբ կտրուկ փոխվել է և իր հետ «մենակ ջան-ով են խոսում»:

 

«Իհարկե, ողջունելի է, երբ ամուսիններն իրար հասկանում են և ընտանեկան խնդիրները հարթվում: Սակայն, քիչ չեն դեպքերը երբ կնոջը պարզապես համոզում են դիմումը հետ վերցնել»,-նշեց Ա.Սաֆարյանը:

 

Նա նշում է, որ Գայանեի գործով նշանակել էին դատաբժկական փորձաքննություն, որով ոչինչ չհաստատվեց : «Կապտուկներ կային, բայց երկու շաբաթ արդեն անցել էր դրանց առաջացումից: Չհաստատվեց իրեն ծեծի ենթարկելու պահը: Ըստ Գայանեի ներկայացրածի` ամուսինն իրեն խփել էր երկաթե ձողով, ինչից թևին կապտուկ էր առաջացել: Սակայն դա առողջությանը ոչ թեթև, ոչ միջին և ոչ էլ ծանր  վնաս էր հասցրել»,-ասաց Ա.Սաֆարյանը:

 

Նրա խոսքով` նման դեպքերում կարելի կլիներ կիրառել   «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծով սահմանված կոնկրետ, հստակ միջոցները: «Ասենք` բռնարարի, այս դեպքում ամուսնու,  նկատմամբ ոստիկանությունը կարող էր սահամանափակումներ կիրառել: Այսինքն`կլինեին կոնկրետ մեխանիզմներ, որոնք  կանխարգելիչ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու հնարավորություններ կտային այն փուլում, երբ արարքը հանցակազմ չի պարունակում»,-նշեց կանանց իրավապաշտպանը:

 

Այդ իսկ պատճառով, Ա.Սաֆարյանի գնահատմամբ, «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն անհարժեշտություն է: Ըստ նրա` խնդիրը չի լուծվի,  եթե նույնիսկ կառավարությունը դատաիրավական բարեփոխումների ռազմավարության շրջանակներում անդրադառնա  ընտանեկան բռնության դեպքերին:

 

«Այնտեղ կան որոշակի հասկացություններ, որոնք պետք է օրենքով սահմանվեն: Հենց «ընտանեկան բռնություն» հասկացություն չի սահմանվում: «Ընտանեկան բռնություն»-ը  առանձին հանցակազմ չի կարող սահմանվել Քրեական օրենսգրքով, այն կմտնի այլ հանցակազմերի մեջ որպես ծեծ, ֆիզիկական բռնություն, առողջությանը վնաս պատճառել և այլն: Իսկ օրենքի հասկացողությունն այդպես էլ կմնա օդից կախված»,-նշեց Ա.Սաֆարյանը:

 

Բացի այդ, ըստ բանախոսի, օրենքի ընդունմամբ կլուծվի մի շատ կարևոր խնդիր ևս: «Այսօր մենք ընտանեկան բռնության հետ կապված մի մեծ խնդիր ունենք. ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց, ինչպես նաև տղամարդկանց համար նախատեսված կացարաններ չկան: Օրենքի նախագծով այդ առումով որոշակի պարտականություն էր սահմանում, չնայած որ պետության միջազգային պարտավորություններով էլ է  սահմանված նման հաստատությունների ստեղծումը:

 

Ա.Հակոբյան

 

Դիտումների քանակը` 3966

Գլխավոր էջ