Բրիտանացի ծնողներին կարգելեն ստիպողաբար ամուսնացնել իրենց երեխաներին
Մեծ Բրիտանիայի կառավարությունը օրենսդրական մակարդակով պլանավորում է արգելել երկրի քաղաքացիներին ստիպողաբար ամուսնացնել իրենց երեխաներին՝ իրավախախտների համար նախատեսելով պատիժ ազատազրկման տարբերակով, հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հայտարարությունը:
Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2011-ի հունվարից մինչև այժմ երկրի տարածքում ավելի քան 2000 զույգ ամուսնացել է իր կամքին հակառակ՝ ծնողների ցուցումով: Դրա հետ մեկտեղ շատ դեպքերում հարսնացուների տարիքը չի գերազանցել 21 տարեկանը, իսկ նրանցից ոմանք էլ եղել են 15 տարեկանից փոքր: Բրիտանական ՆԳՆ-ն նշում է, որ նմանատիպ ամուսնությունների մեծ մասը կնքվում է հենց Պակիստանից և Բանգլադեշից եկած ընտանիքներում:
՛՛Հարկադիր ամուսնությունը ուղղակի զզվելի է և շատ քիչ է տարբերվում ստրկությունից: Ստիպել ինչ-որ մեկին իր կամքին հակառակ ամուսնանալ պարզապես սխալ է, այդ իսկ պատճառով էլ մենք վճռական քայլեր ենք ձեռնարկել այն հանցագործություն համարելու ուղղությամբ՛՛, – մեջբերում է Քեմերոնի խոսքերը Associated Press-ը:
Ինչպես գործակալությունն է հաղորդում, նախատեսվում է օրինագիծը ներկայացնել խորհրդարանի քննարկմանը մինչ 2014 թվականը: Այն ստեղծելիս հաշվի է առնվում հասարակության և բարեգործական կազմակերպությունների կարծիքը, ինչպես նաև իրենց կամքին հակառակ ամուսնացած նորապսակների կարծիքը, նշում է Associated Press-ը:
Դիտումների քանակը` 3993