Բրենդային հագուստները կարվում են Թուրքիայի գործարաններում սիրիացի փախստական երեխաների ձեռքերով
Բրիտանական BBC-ի թուրքական ծառայությունը հետազոտություն է կատարել և հայտնաբերել, որ թուրքական մի շարք գործարաններում որպես էժան աշխատուժ օգտագործում են սիրիացի անչափահասներին: Ծառայության փոխանցմամբ՝ Marks & Spencer, Zara և Mango ֆիրմաների թուրքական արտադրամասերում աշխատում են բազմաթիվ սիրիացի փախստականներ, որոնց թվում նաեւ շատ են երեխաները:
Նշվում է, որ սիրիացի երեխաների ստացած աշխատավարձը մի քանի անգամ ավելի ցածր է Թուրքիայի միջին աշխատավարձից, այլ կերպ ասած՝ այն կարելի է չնչին համարել: Նրանք աշխատում են նաեւ առողջությանը վնասակար արտադրամասերում՝ գործ ունենալով ներկերի եւ քիմիկատների հետ:
Բացի այդ, փախստականները հիմնականում չունեն օրինական փաստաթղթեր և աշխատելու իրավունք: Թուրք գործատերերը, նրանց ընդունելով, ոչ միայն ձեռք են բերում էժան աշխատուժ, այլև խուսափում են հարկերից:
Փախստականներից մեկը, ով աշխատում է տեքստիլի արտադրմամբ զբաղվող գործարաններից մեկում, պատմել է, որ սիրիացիներին աշխատեցնում են շատ դաժան աշխատանքային պայմաններում։ Նա հավելել է, որ արժանանում են շատ վատ վերաբերմունքի: «Սիրիացի որևէ մեկին եթե բան պատահի, հատակի շորի պես դեն կնետեն»,- պատմել է սիրիացին լրագրողներին:
Ներկայում Թուրքիայում բնակվում է մոտ 3 մլն սիրիացի փախստական:
Դիտումների քանակը` 3362